Այն, որ ես դաջվածքներ ունեմ, այո, դա ճիշտ է․ Գորիսի քաղաքապետն անկեղծանում է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Գորիսի 28 ամյա քաղաքապետ Առուշ Առուշանյանը, չնայած իր երիտասարդ տարիքին, բավականին մեծ ունեցվածք է կուտակել: Պարզվում է` երիտասարդ քաղաքապետի ընտանիքը շինանյութի բիզնեսով է զբաղվում ոչ միայն Հայաստանում, այլեւ Ռուսաստանում: Այս եւ այլ թեմաների շուրջ «Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանի հետ:

-Պարո՛ն Առուշանյան, ըստ Ձեր պաշտոնական հայտարարագրի, Դուք ունեք մոտ 250 մլն դրամ, 406 հազար դոլար եւ 112 հազար եվրո։ Ձեզ որտեղի՞ց այդքան գումար այն դեպքում, երբ Ձեր ամսական աշխատավարձը կազմում է 260 հազար դրամ։ Գուցե բացի քաղաքապետի աշխատանքից շարունակում եք զբաղվել շինանյութի բիզնեսո՞վ։

-Ոչ, նման բան չկա: Ես մինչ համայնքապետ ընտրվելը զբաղվել եմ բիզնեսով, հիմա իմ ընտանիքն է զբաղվում բիզնեսով, այդ գումարներն էլ այդ ժամանակվանից են: Դե, մեր ընտանիքը ե՛ւ Հայաստանում է բիզնեսով զբաղվում, ե՛ւ երկրից դուրս:

-Կոնկրետ ո՞ր երկրում եւ ի՞նչ բիզնեսով են զբաղվում:

-Ռուսաստանում շինանյութի արտադրությամբ են զբաղվում: Խնդրում եմ, ուշադրություն դարձրե՛ք, Ռուսաստանում եւ Հայաստանի տարբեր հատվածներում իմ ընտանիքի կողմից ծավալած գործունեության ողջ եկամուտը դրվում է Գորիս համայնքի վրա: Այն բարձր ցուցանիշները, որոնք որ այսօր Գորիսն ունի, դրա զգալի հատվածն իմ ընտանիքի միջոցներով է իրականացվում: Բավականին շատ գործողություններ են իրականացվում իմ ընտանիքի կողմից:

-Այսինքն` ասֆալտապատման աշխատանքները իրականացնում է Ձե՞ր ընտանիքին պատկանող ընկերությունը:

-Ոչ, ես ընկերություն չունեմ, որն ասֆալտապատման աշխատանք է իրականացնում: Իմ ընտանիքը շինանյութի ներկրմամբ եւ վաճառքով է զբաղվում: Իմ ընտանիքը ասֆալտապատման աշխատանքներով երբեւէ չի զբաղվել եւ չի զբաղվի:

-Պարո՛ն Առուշանյան, Ձեր հետ փոխկապակցված անձանց հայտարարագրերն են բացակայում: Ինչո՞ւ չեք ներկայացրել:

-Ես վերջին ժամանակահատվածում ապրում եմ մենակ, իրենք ինձ հետ չեն ապրում, դրա համար իմ ընտանիքի անդամների հայտարարագրերը չկան: Ես մենակ եմ Գորիսում, առանձնատուն ունեմ, այնտեղ եմ ապրում, իսկ իմ ընտանիքը Երեւանում է:

Հիմա կարո՞ղ եք ասել՝ քաղաքապետի աշխատանքն է եկամտաբեր, թե բիզնեսով զբաղվելը։

-Ես համայնքապետ չեմ ընտրվել` ինչ-որ եկամուտի ակնկալիքներ ունենալով: Տեսնելով, որ մեր համայնքի խնդիրները տարիներ շարունակ չեն լուծվում, իմ միակ ցանկությունս եղել է դրանք լուծել: Ու կարծում եմ, որ դա ստացվում է: Այսօր 6.5 մլրդ դրամի ներդրում է եղել, եւ կապիտալ շինարարություն է արվում. մեկ տարվա մեջ շինթույլտվություն է տրվել նախկին 8-9 հատի դիմաց: Անզեն աչքով կարելի է տեսնել, թե Գորիսում ինչ միջավայր է ստեղծվել:

-Պարո՛ն Առուշանյան, տեղեկություններ են շրջանառվում նաեւ այն մասին, որ Գորիսի քաղաքապետարանը հողեր է հանել աճուրդի, եւ դրանք գնվել են Ձեր հարազատների կողմից:

-Պաշտոնապես հայտարարում եմ` ես իմ ընտրվելու ժամանակ, իմ քարոզարշավին նույնը կրկնել եմ` քանի տարի լինեմ համայնքի ղեկավար, ո՛չ իմ ընտանիքի անդամները եւ ո՛չ էլ իմ բարեկամները երբեւէ հող չեն ձեռք բերելու: Սա սկզբունք է եւ կանխավ համաձայնեցված: Եւ նման դեպք չի եղել, այլ, հակառակը, Գորիսում մեր բոլոր հողերի վաճառքն օրինական է, նախկինի պես ինչ-որ անհատներ չեն լինի, որոնք, ունենալով շատ գումար, տասնյակի հասնող հողեր գնեն: Որեւիցե մեկը արտոնյալ չէ:

-Նաեւ Դուք պարբերաբար հայտնվում եք կրիմինալ պատմություններում. նախորդ տարեվերջին տեղեկություններ տարածվեցին այն մասին, որ Դուք ծեծել եք ավագանու անդամ Լյովա Արզանյանին։ Ինչո՞ւ եք Դուք մշտապես հայտնվում նման աղմկահարույց պատմությունների կիզակետում:

-Դրանք իրականությանը չեն համապատասխանում, նման բան չի եղել, եւ նշված մարդու հետ էլ որեւիցե խնդիր չի եղել:

-Ըստ ականատեսների` Դուք ծեծել եք նրան, որից Լյովա Արզանյանն ուշագնաց է եղել:

-Ես նման տեղեկություն չունեմ, որ ինքը վնասվածքներ է ունեցել. ես Լյովա Արզանյանի հետ խնդիրներ չեմ ունեցել:

-Պարո՛ն Առուշանյան, իսկ օրենքով գող դառնալու մասին տեղեկությունը, ըստ որի` Դուք անգամ դաջվածքներ էիք արել, ճի՞շտ է, թե՞ ոչ։

-Ես չգիտեմ նման մարդ, ով օրենքով գող կարգվելու համար դաջվածք է արել, բայց այն, որ ես դաջվածքներ ունեմ, այո, դա ճիշտ է: Նորմալ է: Ես իմ կյանքի զգալի հատվածը զբաղվել եմ սպորտով, բռնցքամարտով, իսկ բռնցքամարտում դա ընդունված է: Ես, հավատացած եղե՛ք, առաջին անգամ եմ լսում, որ ես օրենքով գող եմ ուզում կարգվել… Եթե օրենքով գող լինեի, համայնքապետ չէի ընտրվի:

-Դուք, ի վերջո, ՀՀԿ-ից դուրս եկաք: Նախորդ տարեվերջին մտածո՞ւմ էիք այդ մասին։

-Ես կուսակցական չեմ:

-Ե՞րբ եք անդամակցությունը դադարեցրել ՀՀԿ-ի հետ:

-Անցած տարեվերջին:

-Իսկ մտածո՞ւմ եք ՔՊ-ին անդամակցելու մասին:

-Ես անկուսակցական եմ:

Զրուցեց Սյունէ Համբարձումյանը




Լրահոս