40 դաշնակցականներն ու ծեծված ակտիվիստը. խմբագրական

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

40 դաշնակցականներն ու ծեծված ակտիվիստը. թերեւս այսպես կարելի է բնութագրել երեկ տեղի ունեցածը, երբ ՀՅԴ-ականները (40 հոգի), իրար հերթ չտալով, ներկայանում էին ոստիկանություն եւ հայտարարում, թե իրենք են ծեծել ՀԱԿ ակտիվիստ Վարդան Հարությունյանին:

Պարզ է` այսպես նրանք փորձում են միաժամանակ իրենց վրա վերցնել պատասխանատվությունը, որպեսզի իրական հարձակվողները չպատժվեն: Հայտնի գործելաոճ է, որը, սակայն, հատուկ է քրեական աշխարհին:

ՀՅԴ-ականներն, իհարկե, չեն թաքցնում,որ հարձակման ենթարկված երիտասարդը (ընդ որում` նա հարձակման է ենթարկվել երկրորդ անգամ) մասնակից է եղել օրեր առաջ Ազատության հրապարակում ՀՅԴ-ական Հրանտ Մարգարյանի հետ կապված միջադեպին: Նա անձամբ չի քաշքշել Մարգարյանին, բայց նրա հասցեին բացականչություններ է արել, հետո էլ սոցիալական ցանցերում պարբերաբար նաեւ ՀՅԴ-ի հասցեին քննադատական գրառումներով հանդես եկել: Այնպես որ ՀՅԴ-ականներն էլ որոշել են պարզապես վրեժ լուծելու իրենց ձեռքով «դաստիարակչական ապտակով» պատժել երիտասարդին:

Մանավանդ, ոստիկանությունը հրաժարվել է Հրանտ Մարգարյանի հետ կապված միջադեպի վերաբերյալ քրեական գործ հարուցելուց` պատճառաբանությամբ, թե չկա հանցակազմ:

Անկախ ամեն ինչից`ՀՅԴ-ականների պահվածքը, մեղմ ասած, անընդունելի է, քանի որ մեր երկրում բռնությունը չպետք է տեղ ունենա. այդ ժամանակները վաղուց արդեն անցյալում են: Այս կանոնը վերաբերում է անխտիր բոլորին` անկախ քաղաքական պատկանելիությունից: Ու չկա որեւէ արդարացում գրառումների համար ակտիվիստին հարձակման ենթարկելու համար, որքան էլ այդ գրառումները հակառակ կողմին դուր չգան (ի վերջո, վիրավորանքի ու զրպարտության համար կա դատարան, կան իրավապահ մարմիններ):

Բայց երեկ տեղի ունեցածն իրմեջ վտանգավոր ուղերձներ էր պարունակում: Ակտիվիստի նկատմամբ բռնության պատասխանատվությունը ստանձնում է քաղաքական կուսակցությունը՝ ՀՅԴ-ն: Խոսքը մի կուսակցության մասին է, որի ղեկավար կազմը 1990-ականներին դատապարտվել է ահաբեկչական խմբավորումներ ստեղծելու եւ պետության ղեկավարության նկատմամբ մահափորձեր ծրագրելու, հեղաշրջում նախապատրաստելու մեղադրանքով:

Ու հիմա, երբ այդ նույն կուսակցության ներկայացուցիչները փորձում են թեկուզ փոքր մասշտաբի, բայց բռնության միջադեպի պատասխանատվությունն իրենց վրա վերցնել, նշանակում է՝ իրենք հասկացնում են՝ ընդունակ են ավելի լայնամասշտաբ գործողությունների իրենց քաղաքական հակառակորդների նկատմամբ:




Լրահոս