Երկար ենք սպասել Սիլվայի ամուսնությանը, հիմա էլ անհամբեր սպասում ենք առաջնեկի ծնունդին. Հակոբ Հակոբյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երգչուհի Սիլվա Հակոբյանն այս տարվա օգոստոսին մայր է դառնալու: Նրա լուսանկաներում արդեն ակնհայտ երեւում է կլորացած փորիկը: Ապագա մայրիկը լուսանկարներից մեկի միջոցով ակնարկեց, որ դուստր է ունենալու: Փոքրիկի ծնունդը անչափ սպասված է ոչ միայն ապագա ծնողների, այլեւ նրանց ընտանիքի անդամների համար: Սիլվայի պրոդյուսեր եւ հայր Հակոբ Հակոբյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում նշեց, որ արդեն չորս թոռնիկ ունի, Սիլվայի աղջիկն էլ կլինի հինգերորդը. «Մենք երկար սպասեցինք Սիլվայի ամուսնությանը, հիմա էլ անհամբերությամբ սպասում ենք առաջնեկի ծնունդին: Աստծուց շնորհակալ եմ, որ ինձ թոռնիկներ է պարգեւել, բայց ես կուզեմ էլի թոռներ ունենալ, առնվազն՝ 15»,- ասաց նա:

Հարցին՝ Սիլվան կդիմի դայակի օգնությանը եւ կզբաղվի երգչուհու կարիերայով, թե ինքը կպահի իր փոքրիկին՝ որոշ ժամանակ դուրս մնալով արենայից, պրոդյուսեր հայրիկը պատասխանեց. «Երեխայի ծնունդից երկու ամիս անց նա կարող է արդեն իր գործունեությամբ զբաղվել: Տատիկները կպահեն երեխային: Շատ մարդիկ կան, որ կարող են պահել փոքրիկին»:

Այնպես որ, դադարի շրջանը երկար չի տեւի: Արդեն աշնանը, ապա նաեւ ձմռանը Սիլվա Հակոբյանը համերգային մեծ շրջագայություն ունի Եվրոպայում: Նա ունի «Էս ո՞վ ինձ անիծեց» հայտնի երգի cover տարբերակը, որը պետք է ներկայացնի երկրպագուներին, ինչպես նաեւ այլ հետաքրքիր կատարումներ:

Նույնիսկ հիմա, երբ ապագա մայրիկի համար տեղաշարժվելն արդեն ֆիզիկական բարդություններ է ստեղծում, նա ստանում է համերգների հրավերներ, բայց բոլորն արդեն մերժում է: Ի դեպ, Սիլվան նպատակ ուներ հենց այս գեղեցիկ կարգավիճակում տեսահոլովակ նկարահանել՝ մայրության թեմայով մի երգի հիման վրա. «Պրոցեսը մի փոքր ուշացավ, չգիտեմ՝ կհասցնենք, թե ոչ: Եթե չստացվի, հետո անպայման կներկայացնենք գեղեցիկ այդ երգը»,- եզրափակեց Հակոբ Հակոբյանը:

Անի Անտոնյան




Լրահոս