Ո՞վ է Գագիկ Խաչատրյանին փորձում փրկել Նիկոլ Փաշինյանից, և նրա մասին խոսելիս ինչո՞ւ էին իրավապահները դառնում քչախոս. խմբագրական

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ համացանցը ողողված էր տեղեկությամբ, թե քրեական գործ է հարուցվել նախկին երկու պաշտոնյաների նկատմամբ: Խոսքը ՀՀ գյուղատնտեսության նախկին նախարար Սերգո Կարապետյանի եւ Պետեկամուտների կոմիտեի նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանի մասին է: Ըստ այդմ, քրեական գործը վերաբերում է պետական սուբսիդավորման ծրագրով գյուղացիներին մատչելի գներով տրամադրված պարարտանյութերի գործընթացին:

«Քրեական գործի նախաքննության ընթացքում պետությանը պատճառված էական վնասի փոխահատուցման բեռն իր վրա է վերցրել Գագիկ Խաչատրյանը, այդ թվում` Սերգո Կարապետյանի համար վճարվելիք գումարների պարտավորությունը: Պետությանը պատճառված վնասը գնահատվում է մոտ 1 միլիարդ դրամ, որի մեծ մասն արդեն վերականգնվել է»,- նշված էր համացանցում պտտվող տեղեկության մեջ:

Իհարկե, հատկապես նոր Հայաստանում զարմանալի ոչինչ չկա տեղեկության մեջ, որ որեւէ նախկին պաշտոնյա մեղադրվում է այս կամ այն հանցանքի համար: Սերգո Կարապետյանի արարքների մասին մենք բազում հրապարակումներով ենք հանդես եկել: Այստեղ տարակուսելին այն էր, որ տեղեկությունը որեւէ կերպ չի մեկնաբանել Հատուկ քննչական ծառայության ղեկավար Սասուն Խաչատրյանը:

Ինչո՞ւ. դժվար է ասել: Բայց ակնհայտ է, որ բոլոր այն դեպքերում, երբ խոսքը վերաբերում է Պետեկամուտների կոմիտեի նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանին, իրավապահները դառնում են քչախոս, մի տեսակ կաշկանդված: Ու սա այն դեպքում, երբ նախկին իշխանության մեջ եղած ամենակոռումպացված չինովնիկի համբավն ունեցել է հենց Գագիկ Խաչատրյանը` ամենահարուստ չինովնիկը, որն իր ունեցվածքը դիզել է պետական պաշտոն զբաղեցնելու տարիներին զուգահեռ, դարձյալ եղել է Գագիկ Խաչատրյանը:

Գործարարները, որոնք բողոքում էին անհավասար բիզնես միջավայրից, հարկային-մաքսային վարչարարության կոպիտ միջամտություններից, հենց Գագիկ Խաչատրյանին էին մատնանշում՝ պնդելով, որ Խաչատրյանն իրենց հետ վերաբերվում է ոչ թե իբրեւ պետության ներկայացուցիչ, այլ բիզնես մրցակից: Իսկ մրցակցությունն էլ Խաչատրյանը ապահովում էր կատաղի մեթոդներով: Իհարկե, այսպես երկար կարելի է թվարկել, թե ովքեր ինչ դժգոհություններ են հայտնել նախկին ՊԵԿ նախագահից, ընդ որում՝ առարկայական, սակայն այսօր նրա «անձեռնմխելի» կարգավիճակը բազում հարցականներ է առաջացնում: Ո՞վ է Գագիկ Խաչատրյանին փորձում փրկել Նիկոլ Փաշինյանից. հարց, որի պատասխանը հանրային լայն շրջանակների հետաքրքրության դաշտում է շարունակում մնալ:




Լրահոս