Ոչ մի օրենք չի կարող իրավիճակ փոխել, թե դա չուզենան անել դրա կիրառողները. խմբագրական

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանը հետաքրքիր մի նախաձեռնությամբ է հանդես եկել, որով առաջարկվում է նաեւ, որ իշխանության ներկայացուցչի ծառայողական պարտականությունների կատարմանը խոչընդոտելու նպատակով գործողություններ կատարելը, եթե բացակայում են քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածով նախատեսված հանցագործության հատկանիշները (իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելը), պատժվի տուգանքով` նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից հինգհարյուրապատիկի չափով, կամ կալանքով` առավելագույնը երկու ամիս ժամկետով:

Այսինքն` օրինագծով առաջարկվում է իրավական ապահովության երաշխիքներ սահմանել ոչ միայն ոստիկանության ծառայողների, այլեւ իշխանության բոլոր ներկայացուցիչների համար: Խաչատրյանի կարծիքով` օրենքների նախագծերի ընդունումը հնարավորություն կտա ապահովելու «Ոստիկանության մասին» օրենքի 38-րդ հոդվածով նախատեսված` ոստիկանության ծառայողի, ինչպես նաեւ իշխանության այլ ներկայացուցիչների իրավական ապահովության երաշխիքների լիարժեք իրացումը:

Իհարկե, նորմալ է, որ իշխանության խորհրդարանական հատվածի ներկայացուցիչը փորձում է պաշտպանել իշխանության գործադիր կողմի շահերը, որպեսզի առավել էֆեկտիվ կառավարման համակարգ ունենանք, առավել եւս մեր ժամանակներում, երբ ատելության քարոզը, թշնամանքը եւ բռնությունների պրոպագանդան շարունակում են զարգանալ ու զարգանալ: Պետական պաշտոնյաները առավել քան երբեք պաշտպանության կարիք ունեն, քանի որ շատ դեպքերում արհեստականորեն լարվածություն է ստեղծվում պետական պաշտոնյաների նկատամբ:

Բայց, մյուս կողմից, մենք ունենք իրավիճակ, որ ոստիկանները կարող են քաղաքացիական հագուստով մարդ տանել, ծեծել… Ու տարակուսելին այն է, որ դեպքի մասին երբ բարձրաձայնեց ԼՀԿ ներկայացուցիչ Գեւորգ Գորգիսյանը, նրան հակադարձեց «Իմ քայլ»-ից իրավաբան Նիկոլայ Բաղդասարյանը՝ հերքելով, թե նոր Հայաստանում չի կարող նման բան լինել, սուտ է ասում: Սակայն ՀՀ ոստիկանությունը չհերքեց տեղի ունեցածը, եւ ծառայողական քննություն է ընթանում:

Եւ այս իրավիճակում հարցեր են առաջանում. արդյոք միայն օրենքո՞վ է հնարավոր պաշտպանել իշխանության ներկայացուցչին, թե՞ նաեւ իշխանության ներկայացուցիչը պետք է իրեն պատշաճ դրսեւորի, որպեսզի հասարակության մեջ վստահություն ձեռք բերի: Սրանք հարցեր են, որ պետք է յուրաքանչյուրը իրեն տա՝ գիտակցելով, որ ոչ մի օրենք չի կարող իրավիճակ փոխել, թե դա չուզենան անել դրա կիրառողները կամ ազդակիրները:




Լրահոս