Հունիսի 8-ի գիշերը Աբովյան քաղաքում հրդեհված մեքենան, որը պատկանում էր «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության թեկնածու Գրիգոր Գուլյանի ենթաշտաբներից մեկի պետ Վահան Սարիբեկյանին, ըստ էության, դարձել է քաղաքական մի նոր գործընթացի սկիզբ: Ինչո՞ւ. որովհետեւ երբ այդ մասին ԱԺ-ում լրագրողները հարցրել էին ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին, վերջինս ասել էր.«Բա, իհարկե, սարքած գործ էր: Ինձ թվում ա` այսօր կամ վաղը կբացահայտվի…, եւ վարչապետը պետք է պարտադրի այս գործը բացահայտելը»:
ՀՀ քննչական կոմիտեն էլ այս հայտարարությունից հետո ծանուցագիր է ուղարկել Ծառուկյանին` վկայի կարգավիճակով հրավիրելով հարցաքննության: Ու երեկ հայտնի դարձավ, որ Ծառուկյանը պատռել է ծանուցագիրը հենց ոստիկանների ներկայությամբ, մինչ օրս չի ներկայացել հարցաքննության, ինչը կոմիտեից որակել են որպես անհարգալից վերաբերմունք իրավապահ մարմնի նկատմամբ: Սա, իհարկե, կարող է այլ թեմա դառնալ, բայց հիմա վերադառնանք հարցին, թե ինչու են Ծառուկյանին հարցաքննության հրավիրում:
Աներկբա է, որ վերը նշված խոսքերը` «սարքած գործ» ձեւակերպմամբ, պարզաբանման կարիք ունեն, ուստի Ծառուկյանը պետք է բացատրի, թե ինչ տեղեկություններ ունի գործի սարքված լինելու մասին: Քանի դեռ չի պարզաբանվել, ՔԿ-ն ստիպված է հետաքրքրվել` ինչ տեղեկություններ ունի, որ գործը սարքված էր: Բանն այն է, որ Ծառուկյանը ոչ թե ասել էր` «ես կարծում եմ` սարքած գործ է», «ես իրավունք ունեմ կասկածելու, որ սարքած գործ է», «տեսակետ կա, որ սարքած գործ է» եւ այլն (եթե, իրարկե, իրականում լուրջ փաստեր չունի, որ դա իրապես «սարքած գործ էր»), այլ ուղղակի է հայտարարել այդ մասին, Քննչական կոմիտեն էլ կառչել է բառերից:
Անշուշտ, իրադարձությունները միանգամայն այլ կերպ կարող էին զարգանալ, եթե Կոտայքի մարզպետը չգնար իրավիճակի այդքան սրման, այդքան մեղադրանքներ ու հաթաթաներ չտար քաղաքական հակառակորդներին: Այդ դեպքում էլ ԲՀԿ-ականները առիթ չէին ունենա ասելու, թե այրված մեքենան «մասկի շոու է», որի առնչությամբ իրենք կասկածներ ունեն, եւ ոստիկանությունը պարտավոր է ցրել դրանք:
Բայց, ինչպես ասում են, եղածը եղել է: Հուսանք` այս առիթը չի դառնա ԲՀԿ-ՔՊ հերթական հակամարտության ռաունդի մեկնարկ, եւ ԱԺ պատգամավոր Գագիկ Ծառուկյանն, այնուամենայնիվ, կգնա Քննչական կոմիտե, կբացատրի քննիչներին, որ «սարքված գործ» ասվածն իր անձնական կարծիքն է, որի ազատ արտահայտելու իրավունքն ունի, եւ հարցը կավարտվի:
Ի դեպ, վկայի դեպքում ՔԿ-ն իրավունք ունի գրավոր ծանուցել ԱԺ նախագահին եւ պատգամավորին ամեն գնով հարցաքննության հրավիրել`զուտ հարցեր տալու: