Ադրբեջանը բարոյական ճնշում է փորձում բանեցնել. քաղաքագետը՝ Մնացականյան-Մամեդյարով հանդիպման մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես արդեն հայտնի է՝  ՀՀ արտգործնախարարությունը հայտնել էր, որ հունիսի 20-ին նախատեսվում է Վաշինգտոնում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության հովանու ներքո անցկացնել Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների միջև հերթական հանդիպումը:

ArmLur.am-ն այս և այլ հարցերի շուրջ զրուցել է քաղաքագետ Հայկ Մարտիրոսյանի հետ:

-Պարո’ն Մարտիրոսյան, շուտով տեղի կունենա Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարներ` Զոհրաբ Մնացականյան ու Էլմար Մամեդյարով հերթական հանդիպումը: Ձեր կարծիքով այն իր ազդեցությունը որքանո՞վ կարող է ունենալ  Արցախի հանրապետության վրա:

-Ինչպես միշտ՝ այս անգամ ևս դա որևէ ազդեցություն որևէ բանի վրա չի ունենա: Երբևէ անգամ Հայաստանի և Ադրբեջանի նախագահների, իսկ ապա նաև Հայաստանի վարչապետի և Ադրբեջանի նախագահի հանդիպումները որևէ էական արդյունք չեն տվել, ուր մնաց արտգործնախարարներինը: Այսպիսի հանդիպումներ տեղի են ունենում միայն երկու պատճառով: Ադրբեջանը բարոյական ճնշում է փորձում բանեցնել, ինչպես նաև սեփական շահերի քարոզարշավ է իրականացնում՝ օգտագործելով այս հանդիպումների ձևաչափը՝ իրականում խորքում պատրաստվելով վճռական պատերազմի, իսկ հայկական կողմը ավանդաբար, այսօր՝ հատկապես՝ ինքնանպատակ է հանդիպում: Երևանը գնում է այդ հանդիպումներին, որպեսզի աշխարհին ցույց տա թե որքան քաղաքակիրթ ու բարի է ինքը, որքան խաղաղասեր ու խաղաղամոլ է:

-Այսինքն՝ այս հանդիպումը, որևէ դրական անդրադարձ չի կարող ունենալ: 

-Ի՞նչ բարելավում: Հայ-ադրբեջանական հարաբերությունների բարելավու՞մ: Խոսքը «քիրվայության» մասի՞ն է: Ի՞նչ բարելավման մասին կարող է խոսք գնալ: Դա ֆանտաստիկայի ժանրից է: Ադրբեջանում երազում են բարելավել իրենց տարածքային երազանքները՝ հայ ազգի ոչնչացման հաշվին, իսկ մենք Երևանում կարող ենք անգամ բարելավման մասին խոսե՞լ:

-Որևէ դրական սպասելիք չունե՞ք հանդիպումից:

-Որ շատ լուսանկարներ կլինեն այդ հանդիպումից: Միշտ հետաքրքիր է այդպիսի անհետաքրքիր և անմիտ հանդիպումների լուրջ լուսանկարներ թերթելը:

Լիդա Եղիազարյան




Լրահոս