Մարզպետներն իրենց պահվածքով խոչընդոտում են գործարարներին․ սթափվել է պետք. խմբագրական

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը կարեւոր հայտարարությամբ հանդես եկավ` ազդարարելով, որ կան մեր երկրում չինովնիկներ` միջին, միջինից բարձր, որոնք արհեստական խնդիրներ են ստեղծում ներդրողների համար: Նրանք կարող են հեռախոս չվերցնել, կարող են արհեստական ձգձգել ներդրողին անհրաժեշտ փաստաթղթերի տրամադրումը եւ այլն: Իրապես, մեր երկրում, ցավոք, դեռ կա այդ խնդիրը, եւ լուծման բանալին հետհեղափոխական Հայաստանում մեկ տարուց ավելի է` հնարավոր չի լինում գտնել:

Ի հավելումն պարոն Թունյանի` մենք էլ մեր կողմից որոշ տեղեկություններով կիսվենք` ասելով, որ ոչ թե միայն միջին եւ միջինից բարձր չինովնիկներ են իրենց հանդուգն պահում ներդրողների եւ գործարարների հետ, այլ հենց բարձրաստիճան պաշտոնյաները` ընդհուպ մինչեւ նախարարներ: Մարդիկ կան, որ գործարարներին 10 րոպեն մեկ տեւողությամբ բոլոր խնդիրների լուծման եւ արհեստական քաշքշուկներից ազատվելու համար առաջարկում են դիմել դատարան:

«Եթե մենք խախտում ենք արել, եթե որեւէ բանի հետ համաձայն չեք, դիմեք դատարան»,- այսպիսի առաջարկ է արել մեր երկրի նախարարներից մեկը ներդրողներից մեկի ներկայացուցչին, ընդ որում` խոսքը մոտ 3 մլն դոլար ներդրման ծրագրի մասին է: Հասկանալի է չէ՞, որ այն գործը, որը սկսվեց դատական վեճերով, դժվար թե հաջողություն ունենա:

Կամ ավելի կոնկրետ. մարզպետներից մեկի մոտ մարդ է գնում ներդրումային հստակ ծրագրով, նա ասում է` այդ գյուղում ոչինչ մի՛ արեք, գյուղապետը նախկին հանցավոր ռեժիմից է, ես իրենց պետք է պատժեմ, գործ հարուցվի, ազատազրկվի կամ պաշտոնազրկվի, նոր կգաք, կզրուցենք: Այո, կոնկրետ մարզպետը` կոնկրետ գործարարին: Եւ այսպիսի դեպքերը, ցավոք, շատ են արձանագրվում: Ու թող պատգամավորի խոսքը եւ այս հրապարակումը առիթ դառնան եւս մեկ անգամ զգաստացնելու չինովնիկներին եւ բացատրելու, որ ձեր հիմար պատճառաբանություններով դուք փչացնում եք Հայաստանում ներդրումային միջավայրը:

Մենք, մի կողմից, խոսում ենք, թե Հայաստանում յուրաքանչյուր ներդրող, անկախ նրա ներդրած գումարի չափից, կարեւորագույն դերակատարում ունի եւ պետք է բոլորս օգնենք նրանց` իրականացնելու այդ ծրագրերը, մյուս կողմից` չինովնիկները իրենց որոշ դեպքերում չունեցած տղամարդկությունն են ցուցադրում:

Ի վերջո, ներդրողը որեւէ պարտավորություն չունի այդ գումարները հենց Հայաստանում ներդնելու: Կգնան այլ, ավելի գրավիչ երկիր, որտեղ իրենց ավելի բարենպաստ պայմաններ կառաջարկվեն: Չնայած որ բառը վաղուց այլ ասոցացիա ունի, բայց, ամեն դեպքում, կիրառենք` սթափվե՛ք, սիրելինե՛րս, շատ ժամանակ չունենք բարեփոխումների:




Լրահոս