Նոր օրենսգիրքը խոցելի խավին չի վերաբերի. Վարդան Բոստանջյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ ընդունեց «Հարկային օրենսգրքի» փաթեթը, որը հուլիսի 1-ից ուժի մեջ է մտնելու: Սակայն ԱԺ ԲՀԿ եւ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունները հայտարարեցին, որ իրենք դեմ են քվեարկում փաթեթին:

Արդյունքում օրենքի նախագծերի փաթեթին կողմ քվեարկեցին 73 պատգամավոր, իսկ 32 դեմ քվեարկեցին: Հիշեցնենք, որ Հարկային օրենսգրքի փոփոխություններով` մինչեւ 2023թ. եկամտահարկը կիջեցվի 20 տոկոսով: Ըստ փոփոխությունների` եկամտային հարկի դրույքաչափը անընդմեջ կնվազի առաջիկա 5 տարում։ 2019թ. հուլիսի 1-ից` 23%, 2020թ. հունվարի 1-ից` 22%, 2021թ. հունվարի 1-ից` 21%, 2022թ. հունվարի 1-ից` 20.5%, 2023թ. հունվարի 1-ից` 20%: Նախագծով շրջանառության հարկի շեմը 58.35 մլն դրամից կրկին կբարձրանա մինչեւ 115 մլն դրամ։

Ըստ ընդունված փաթեթի` 2019 թվականի հուլիսի 1-ից առավել առաջանցիկ տեմպերով կբարձրանան ծխախոտի արտադրանքի եւ ալկոհոլային խմիչքների համար ակցիզային հարկերի դրույքաչափերը:
Երեկ «Ժողովուրդ» օրաթերթն այս հարցերի շուրջ զրուցել է ԱԺ ԲՀԿ խմբակցության նախկին պատգամավոր, տնտեսագետ Վարդան Բոստանջյանի հետ:

-Պարո՛ն Բոստանջյան, ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունը ընդունել է «Հարկային օրենսգրքի» փաթեթը, որին դեմ են խորհրդարանի ընդդիմադիր խմբակցությունները: Սակայն, ըստ իշխանությունների, այս փոփոխությունը լավագույնն է հարկային համակարգում: Դուք համակարծի՞ք եք իշխանությունների հետ:

-Ես հիմնական խնդիրը համարում եմ եկամտահարկի համահարթեցումը, որը 20 տոկոս է լինելու: Մասնագետներն էլ արդեն հայտարարել են, ես էլ այն կարծիքին եմ, որ քաղաքացիների վրա ինքը մեծ ազդեցություն չի ունենալու, այսինքն` այն քաղաքացին, որը քիչ աշխատավարձ է ստանում, նա էլի նույն չափով հարկ է վճարելու: Կարելի է ասել` այդ փոփոխությունը հասարակ քաղաքացին չի զգալու, որը ցածր եկամուտ է ունենում: Ճիշտ է, պետական բյուջեում պետք է մուտք ապահովվի, բայց ես չեմ կարծում, որ այս նոր փոփոխությունը, որը ընդունվեց, ամեն դեպքում, լավագույն տարբերակն էր, որը կարելի էր անել Հարկային օրենսգրքում: Գուցե գտնվել է մի միջոց, որը որոշակի առումով կարող է խնդիրը մեղմել ստեղծված այս իրավիճակում, որն առկա է այսօրվա Հայաստանում: Ուղղակի նոր իշխանությունների մոտ կա մի մոտեցում, որ իրենք ինչ անում են, դա ճիշտ է:

Ըստ իրենց` գուցե դա ճիշտ է, իրենք հետ չեն կանգում իրենց որոշումներից: Այստեղ պետք չի դիտարկել այն հարցը, որ այդ փաթեթին դեմ էին ԲՀԿ-ն ու «Լուսավոր Հայաստան» խմբակցությունները, այլ պետք է փաստել, որ մասնագետներն էին այն տեսակետին, որ այդ ամենը ելք չի, ոչ մի տնտեսական աշխուժացում չի ենթադրում:

-Այսինքն` Դուք կիսո՞ւմ եք այն տեսակետը, որ այս նոր օրենսգրքով էլ ՀՀ-ում հարկային բեռի թեթեւացում չի լինելու:

-Ես չեմ պատկերացնում այս ամենով բեռի թեթեւացում, ես ուսումնասիրել եմ այն, ինչ ներկայացվել է, ու չեմ կարծում, որ այն լավագույն լուծումն էր այս պարագայում: Այն հիմնական զանգվածը, որն այսօր, Հայաստանում աշխատելով, 150 հազար դրամ աշխատավարձ է ստանում, իր մոտ որեւէ բան չի փոխվում: Ես ինչ կարող եմ ասել, եթե այսօր հանրության համար շատ կարեւոր է այդ հարցը, ու ավելին ասեմ, այսօր Հայաստանի մեծ մասը այդչափ է վճարվում: Այսինքն հիմնական, դժվարության մեջ գտնվող, խոցելի խավին, ըստ էության, իր մոտ որեւէ բան չի փոխվելու: Ես խոսում եմ իմ դիտակետից ու ես չեմ կարող ասել` արդյոք խորհրդարանի ընդդիմադիր խմբակցությունները ճիշտ վարվեցին` դեմ քվեարկելով, թե ոչ:

Ես ունեմ իմ դիրքորոշումը այն առումով, որ կարելի էր այնպես անել, որ այդ փոփոխությունները վերաբերեին նաեւ խոցելի խավին: Հասկանում եք, ես ցանկանում եմ, որ իմ երկրում լավ լինի, որպեսզի այն, ինչ արվում էր, արվեր լավագույն ձեւով: Ես իսկապես ցավում եմ, ցանկանում եմ, որպեսզի ՀՀ-ի տնտեսությունը կարողանա մեծ թափով առաջ գնալ: Ես չեմ ուզում` վատ լինի ՀՀ-ի համար:

-Բայց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է տնտեսական հեղափոխության մասին: Ըստ իշխանությունների` այդ հեղափոխությունն իրականացվում է ամեն օր, ու, կարելի է ասել, հարկային օրենսգրքի այդ փոփոխությունը պետք է նպաստի հեղափոխության իրականացմանը: Դուք չե՞ք կարծում, որ իսկապես տնտեսությունում հեղափոխություն է իրականացվում:

-Ես չեմ կարծում, որ տնտեսության վերաբերյալ կարելի է նման բառակապակցություն օգտագործել. դրա մասին ես ասեցի նաեւ ՀՀ վարչապետին համալսարանում հանդիպման ժամանակ: Նման բան գոյություն չունի, ի՞նչ տնտեսական հեղափոխություն: Պետք է բնությունը հնարավորություն ընձեռի, որ Հայաստանում տնտեսություն զարգանա. ինչպե՞ս կարելի է հայտարարել տնտեսական հեղափոխության մասին: Ես կարծում եմ, որ ամենօրյա ճիշտ աշխատանքի շնորհիվ տնտեսությունում կարելի է ունենալ լավ արդյունք, ես այդ կարծիքին եմ: Ես կրկնում եմ, ունեմ իմ տեսակետը. թե մյուսներն ինչ են հայտարարում, ես չեմ կարող որեւէ մեկի փոխարեն պատասխանել: Ես ցանկանում եմ, որպեսզի Հայաստանում իրական փոփոխություններ լինեն:

Հ.Գ. Երեկ «Ժողովուրդ» օրաթերթը փորձեց զրուցել նաեւ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանի հետ` պարզելու համար, թե ինչու իրենց հանձնաժողովի մասնագետների հետ քննարկումներ չի ունեցել` օրենսգրքի հետ կապված, ու ընդունել նաեւ իրենց դիրքորոշումը: Սակայն Բ. Թունյանը, պարզվեց, շատ զբաղված է, աշխատանքային քննարկումներ է իրականցնում ու այդպես էլ ժամանակ չգտավ մեզ հետ մի կարճ զրուցելու:

Զրուցեց ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ




Լրահոս