Անհրաժեշտ շքեղություն Մոնթե Մելքոնյանի անվան վարժարանի կուրսանտների համար. խմբագրական

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ Պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ Նարեկ Բաբայանը Tert.am-ի հետ զրույցում շարունակել է պնդել նախկինում ասվածը. «Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանը պետք է տեղափոխվի Դիլիջանից: Առայժմ հստակ չէ` որտեղ պետք է տեղափոխվի, բայց պետք է լավ պայմաններ ստեղծվեն, եւ դրանից հետո միայն տեղափոխությունը տեղի ունենա»: Սա նշանակում է, որ զանգվածային այն քննադատություններն ու փաստարկները, որոնք հնչեցին Մոնթե Մելքոնյանի անվան վարժարանը Դիլիջանի շքեղ պայմաններից տեղափոխելու վերաբերյալ, ամենեւին ազդեցություն չեն ունեցել Նարեկ Բաբայանի վրա: Նա շարունակում է պնդել, որ ռազմական վարժարանի կուրսանտների համար այդ վայրը շատ շքեղ է, մեծ ու անիմաստ տարածք են զբաղեցնում, դրա համար պետք է այլ տեղ տեղափոխվեն: Թե ուր, երբ, ինչպես, դեռ չի ասվում:

Հիշեցնենք, որ ՀՀ ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանը տարիներ շարունակ պետբյուջեի հաշվին կառուցում էր ՊԵԿ աշխատակիցների համար հանգստի գոտի` գերթանկարժեք ատրիբուտներով, սակայն ծրագիրը չհասցրեց ավարտել, եւ դեռեւս Սերժ Սարգսյանի օրոք նախկին ՊՆ Վիգեն Սարգսյանը շքեղագույն այդ պայմաններով շենքը կառուցման ավարտից հետո տվեց Մոնթե Մելքոնյանի անվան վարժարանի կուրսանտներին, որպեսզի նրանք առավելագույնս հարմարավետ պայմաններում կրթվեն ու սպա դառնան:

Եւ որքան էլ քննադատելու լինենք նախկին իշխանություններին, այս քայլի հետ չենք կարող չհամաձայնել, քանի որ կիսապատերազմական իրավիճակում գտնվող մեր երկրում խիստ կարեւոր է, որ զինվորական դառնալը մոտիվացված լինի, եւ մենք հնարավորություն ունենանք շատ զինվորականներ ունենալու:

Եւ այսքանից հետո առնվազն տարօրինակ է, որ Նարեկ Բաբայանը շարունակում է պնդել, թե այդ շքեղ պայմանները, այսպես ասած, մեր զինվորների համար շատ են, նրանք կարող են ավելի փոքր, համեստ պայմաններում սպայական կրթություն ստանալ: Իհարկե, եթե այսպիսի միտք հայտներ այնպիսի պաշտոնյա, որը բանակում չի ծառայել, կարելի էր նրան հասկանալ, բայց զինված ուժերում ծառայած, պահեստազորի լեյտենանտ Բաբայանը չպետք է նման ծրագիր իրագործի` շատ լավ հասկանալով, որ սպաների համալրման խնդիրը մեր երկրում առավել քան օրհասական է:

Եւ եթե կարող ենք գոնե շքեղ պայմաններում մի քանի տարի կրթվելու մոտիվացիայով հնարավորություն տալ մեր ապագա զինվորականներին, ուրեմն պատավոր ենք դա անել: Եւ, ի դեպ, ոչ մի շքեղություն շատ չէ մեր զինվորի ու զինվորականի համար, այս դեպքում նույնիսկ խրախուսելի է, եւ հուսանք` Բաբայանը խոսքից գործի չի անցնի:




Լրահոս