Armenian text to speach

Հիշողության թարմացում. մի քանի անգամ բանտախուց գնացած ու վերադարձած ընդդիմադիր Ռոբերտ Քոչարյանը շուտ մոռացավ իր անցյալը. խմբագրական

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Արդեն մի քանի անգամ բանտախուց գնացած, վերադարձած ու կրկին գնացած ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, որ խոստանում էր իր իշխանության տարիներին չլինել ՀՀ ամենաերիտասարդ թոշակառուն, քննադատություններ է հնչեցնում, դարձել է ընդդիմադիր գործիչ՝ դրանից բխող բոլոր հետեւանքներով:

Նա մինչ բանտախուց վերադառնալը կրկին հարցազրույց է տվել եւ ասել, թե իր իշխանության տարիներին դատարանների վրա իր կողմից երբեւէ ճնշումներ չեն եղել: «Երբեք չեմ զանգել դատավորների, թող գտնեն մեկ դատավոր, որի հետ ընդհանրապես իմ մոտ հեռախոսով խոսած լինեմ: Կամ թող գտնեն մեկ դատավորի, որը երբեւիցե իմ գրասենյակում եղել է:  Իմ աշխատակազմից զանգեր երբեք չեն եղել, երբեք, բացարձակ սուտ է»:

Ինչպես ասում են, քիչ էր մնում հավատայինք: Իհարկե, գուցե Քոչարյանը ճիշտ է, որ անձամբ որեւէ դատավորի չի զանգել ու որեւէ մեկի որեւէ բան չի հրահանգել, բայց նույնիսկ եփած հավին է պարզ, որ Քոչարյանի անունից ՀՀ նախագահի նստավայրից այնպիսի ինտենսիվությամբ էին դատարաններին թելադրող զանգեր հնչում, որ ուղղակի «սիրուն չի», երբ այսօր Քոչարյանն ասում է, թե իր օրոք զանգերով արդարադատություն չի եղել:

Հիշենք թեկուզ «Վիկիլիքս»-ի գաղտնազերծումները`2008 թվականի մարտի 7-ին Սահմանադրական դատարանի անդամ Վալերի Պողոսյանի` ԱՄՆ Պետդեպարտամենտ ուղարկված նամակը: Ըստ գաղտնազերծված նամակի` Ռոբերտ Քոչարյանը որոշել էր, որ մարտի 8-ին կայանալիք Սահմանադրական դատարանի լսումները պետք է ավարտվեն Տեր-Պետրոսյանի բողոքը մերժելով:

Նշվում էր նաեւ, որ լսումների նախօրեին նախագահի աշխատակազմի ղեկավարի անունից Պողոսյանին զանգել են եւ կանչել նախագահական: Ըստ Պողոսյանի հայտնածի` ՍԴ-ի իր գործընկերներից նվազագույնը երեքը մարտի 4-ին նմանատիպ զանգեր էին ստացել նախագահականից:

Սրանից ավել ի՞նչ ճնշման մասին էր ցանկանում լսել Քոչարյանը: Արդյոք ՍԴ դատավորի վրա գործադրած ճնշումը ճնշում չէ՞, թե մոռացե՞լ է 10 տարի առաջ կատարվածի մասին, որ դատարանները առանց նախագահականի թույլտվության նույնիսկ միջնորդություն չէին քննարկում:

Ու այսօր ավելի շատ են հնչում կարծիքները, որ դատարաններում զանգովի արդարադատության համակարգը սկիզբ է առել Լեւոն Տեր-Պետրոսյանի իշխանության տարիներին, ծաղկել ու բարգավաճել Ռոբերտ Քոչարյանի օրոք, իսկ Սերժ Սարգսյանի կառավարման տարիներին ուղղակի դարձել էր օրինաչափություն:

Ուղղակի լավ կլինի, որ նախկին ղեկավարները, մասնավորապես` այսօրվա ընդդմադիր Ռոբերտ Քոչարյանը, իր անցյալը չմոռանա:




Լրահոս