Կառավարության նիստի ժամանակ հայտարարված լավ լուրերի հետքերով. խմբագրական

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սովորաբար ընդունված է ասել, որ պոզիտիվ լուրերն ու մեկնաբանություններն այնքան էլ պահանջված չեն: Բայց, այնուամենայնիվ, անհնար է չնկատել երեկ կառավարության նիստում տրված 2 դրական փոփոխությունների մեկնարկը: Երեկ հայտարարվեց, որ 0-18 տարեկան երեխաների հիվանդանոցային բժշկական օգնությունն ու սպասարկումը կիրականացվի պետպատվերով, եւ նվազագույն աշխատավարձը 55 հազար դրամից կավելանա 13 հազարով ու կկազմի 68 հազար ՀՀ դրամ։ Սրանք պետք է արձանագրել:

Իհարկե, երկրորդ նախագծի մասով դեռ դժվար է ասել, թե քանի հոգու վրա դա կտարածվի, քանի որ մեր երկրում ընդունված է աշատավարձը քիչ գրել, բայց իրականում կանխիկով շատ վճարել: Այսինքն` հնարավոր է իրականում շատ մարդու վրա էականորեն չազդի այս նախաձեռնությունը, քանի որ նվազագույն աշխատավարձ ստացող մարդիկ քիչ են մեր երկրում: Բայց նույնիսկ այդ դեպքում նախաձեռնությունը ողջունելի է, քանի որ նվազագույն աշխատավարձ առաջարկող գործատուները գոնե չեն կարողանա չարաշահել քաղաքացիների իրավունքները:

Իսկ, ահա, մինչեւ 18 տարեկան երեխաների բժշկական օգնությունն ու սպասարկումը անվճար դարձնելն առավել առարկայական քայլ է, ավելի շատ մարդկանց վրա կտարածվի,եւ բյուջեից հատկացված 1.75 մլրդ դրամը հաստատ իզուր ծախս չէ: Միայն թե մանկական հիվանդանոցները պետք է կարողանան դիմակայել այս փորձությանը: Ինչո՞ւ. որովհետեւ երբ մի թեթեւ վարակիչ հիվանդությունները գլուխ են բարձրացնում, հիվանդանոցները չեն դիմանում այդ ծանրությանը. երեխաների բուժումը կազմակերպում են միջանցքներում, հրաժարվում են երեխաներին ընունել` պատճառաբանելով, թե ազատ մահճակալներ չունեն:

Կարծում ենք` Նիկոլ Փաշինյանի Կառավարության այս պատասխանատու եւ երկար սպասված նախագծից հետո պիտի հետեւություններ անեն հիվանդանոցները, վերազինվեն, քանի ամառ է. այնպիսի իրավիճակ չունենանք` պետպատվերը լինի, գումարը փոխանցվի, սակայն հիվանդանոցները չկարողանան սպասարկել բուժզննության կամ բուժման կարիք ունեցող մինչեւ 18 տարեկան երեխաներին:
Սա արդեն լուրջ կլինի, քանի որ պետք է կարողանան սպասարկողները, տվյալ դեպքում` հիվանդանոցները, պատվիրատուի, տվյալ դեպքում` ՀՀ կառավարության արագության եւ պահանջների հետեւից գնալ: Այլընտրանք պարզապես չկա:




Լրահոս