Լրատվական դաշտի կարգավորման ցանկացած հարց պետք է մինչև հրապարակային որևէ քայլ անելը քննարկման դրվի. խմբագրական

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այս տարվա հունիսի 28-ին ՀՀ կառավարության e-draft.am կայքում քննարկման է դրվել «Զանգվածային լրատվության մասին» եւ երկու այլ ՀՀ օրենքներում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին օրինագծերի փաթեթ, որոնցով նախատեսվում է մեզանում ներմուծել ԶԼՄ-ների հաշվառման ընթացակարգ: Թեեւ նախագծի հիմնավորման մեջ նշված է, որ այն դրական միտումներ ունի, եւ նպատակ չկա որեւէ վատ քայլ անել լրատվամիջոցների նկատմամբ, այնուամենայնիվ, մտահոգություններ են հնչում դաշտում, որոնք անհնար է անուշադրության մատնել:

Ընդհանրապես, լրատվամիջոցներին, լրագրողներին առնչվող թեմաները շատ զգայուն են, եւ ցանկացած քայլ, որ արվում է` այդ դաշտի կարգավորմանն ուղղված, թեկուզ ամենավառ ու լուսավոր նպատակներով, մշտապես քննադատության առարկա է դառնում: Գերզգայուն այս դաշտում ցանկացած փոփոխություն ենթադրում է հանրային լայն քննարկումներ նախ եւ առաջ:

Ընդ որում, քանի որ լրագրության դաշտն էլ է բազմաշերտ` ավանդական մամուլ` թերթեր, նոր զարգացող կայքեր, հեռուստաընկերություններ, ռադիոընկերություններ, ժամանցային ամսագրեր, թերթեր եւ մամուլի հարցերով զբաղվող տարաբնույթ կազմակերպություններ, քննարկումներ կազմակերպելիս պետք է այնպես անել, որ շատ մարդիկ ներգրավվեն: Բանն այն է, որ թվարկված շերտերի ոչ բոլոր ներկայացուցիչներն են, որ իրար հետ հաշտ են կամ իրականում նպատակ ունեն լրագրության դաշտում առողջացման քայլերի: Դրա համար էլ դաշտի կարգավորման ցանկացած հարց պետք է մինչեւ հրապարակային որեւէ քայլ անելը քննարկման դրվի:

Սակայն ՀՀ արդարադատության նախարարության ներկայացրած նախագիծը` լրատվամիջոցներին հաշվառելու վերաբերյալ, իրականում նպատակ ունի իրավաբանական անձանց պետական ռեգիստրի տվյալների բազան լրագրողների համար անվճար դարձնել, բայց նախագիծը ընդգրկում է նաեւ դրույթներ` լրատվամիջոցներին հաշվառելու վերաբերյալ, որը տարբեր գնահատականներով խիստ հետադիմական քայլ է:

Բայց նույնիսկ եթե սա էլ առաջադիմելու նպատակ հետապնդեր, անթույլատրելի է, որ առանց մասնագիտական հանրության հետ քննակում ծավալելու նախարարությունը «Զանգվածային լրատվամիջոցների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ է նախաձեռնել: Այս նախադեպը, մեղմ ասած, վատ է ու պետք է երբեւէ չկրկնվի: Իսկ օրինագիծը պետք է լայն քննարկման առարկա դառնա, մասնագետները առաջարկներ ներկայացնեն, որից հետո միայն սկսվեն փոփոխությունների պաշտոնական գործընթացները: Հուսանք` Նոր Հայաստանում այդպես էլ կլինի:




Լրահոս