ՎիվաՍել-ՄՏՍ-ը երկրորդ անգամ է իրականացնում «Կարիերայի կողմնորոշման ծրագիր» աշխատակիցների երեխաների համար՝ հաշվի առնելով փորձնական նախագծի վերաբերյալ ստացված դրական արձագանքները:
«Կարիերայի կողմնորոշման ծրագիրը» նախատեսված է ընկերության աշխատակիցների՝ 14-ից 17 տարեկան երեխաների համար: Այն նպատակ ունի օգնել նրանց մասնագիտության ընտրության հարցում և ծանոթացնել ծնողի աշխատավայրի հետ:
Ծրագրի մասնակիցներն ամառային արձակուրդների ընթացքում հնարավորություն կունենան իրենց ունակությունների սահմաններում ներգրավվելու իրենց նախընտրած վարչության ու բաժնի աշխատանքներում և անմիջականորեն դիտարկելու դրանց ընթացքը: Արդյունքում երեխաները կկարողանան որոշակի պատկերացում ձևավորել հեռահաղորդակցության օպերատորի գործունեության տարբեր ուղղությունների վերաբերյալ: Ծրագրի շրջանակում կհամադրվեն հաճելին ու օգտակարը. երեխաների համար կազմակերպվեն ուսուցողական և ժամանցային հետաքրքիր միջոցառումներ:
Մասնագիտական կողմնորոշում ձևավորելու կարևոր գործում երեխաներին կուղղորդեն ընկերության կողմից նշանակված առանձին աշխատակիցներ: Ծրագրի ընթացքում երեխաները կտեսնեն, թե ինչպիսի՞ն է ՎիվաՍել-ՄՏՍ-ի առօրյան, ինչպե՞ս են ընթանում աշխատանքները, ի՞նչ են իրենից ներկայացնում համագործակցությունն ու թիմային աշխատանքը, ինչպե՞ս են կայացվում աշխատանքային որոշումները, ինչպե՞ս է բաշխվում աշխատանքը, և այլն:
«Աշխատակիցների երեխաների համար նախատեսված՝ կարիերայի կողմնորոշման ծրագիրը մի քանի բաղադրիչ ունի: Առաջին՝ ընկերությունն ընդառաջել է իր աշխատակիցների նախաձեռնությանը՝ օգնել, որպեսզի երեխաների ամառային արձակուրդներն ավելի հետաքրքիր ու բովանդակալից լինեն: Երկրորդ՝ դաստիարակչական շատ կարևոր սկզբունք է գործի դրվում. երեխան տեսնում է իր ծնողի կողմից արժեքի ստեղծման ընթացքը, գնահատում է նրա եռանդն ու մասնագիտական որակները:
Սա չափազանց կարևոր է ծնողի հանդեպ հարգանքի ձևավորման առումով: Բացի այդ՝ երեխան իր ծնողին և նրա գործընկերներին օգնելով՝ նույնպես տոգորվում է թիմային ոգով, դառնում է աշխատանքային կոլեկտիվի մաս: Ու ամենակարևորը՝ երեխան հնարավորություն է ստանում տեսնելու, թե որքա՛ն շատ են մասնագիտացման ուղղությունները և կողմնորոշվել:
Իհարկե՝ մենք հեռու ենք այն մտքից, որ երեխաներն անհրաժեշտաբար պետք է ընտրեն իրենց ծնողների մասնագիտությունը, բայցևայնպես՝ մենք նրանց ընձեռում ենք ծանոթանալու հնարավորություն»,- ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:
ՎիվաՍել-ՄՏՍ-ի կողմից իրականացվում են կարիերայի զարգացմանն ուղղված մի շարք ծրագրեր՝ ուսանողների համար, ինչպես նաև կազմակերպվում են բաց դռների օրեր՝ դպրոցականների ու երիտասարդական տարբեր կազմակերպությունների ներկայացուցիչների համար: