ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Աննա Նաղդալյանը երեկ հայտարարել է, որ Լեհաստանի դեսպան Պավել Չեպլակին ՀՀ ԱԳՆ են կանչել պարզաբանելու համար Hetq.am պարբերականի լրագրողին վիզա չտրամադրելու հարցը։ Բանն այն է, որ մուտքի արտոնագրերի տրամադրման գործընթացում Հայաստանում Լեհաստանի դեսպանությունն արհեստական խոչընդոտներ է ստեղծել, ինչի հետեւանքով Շվեյցարիայի մուտքի արտոնագիր ստանալու համար լրագրողը ստիպված է եղել մեկնել Թբիլիսի, որտեղ արագ տրամադրվել է մուտքի արտոնագիրը:
«Այս հարցը Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունը դիտարկում է Եվրամիության հետ մուտքի արտոնագրերի դյուրացման գործընթացի համատեքստում»,- ասել է Նաղդալյանը` հավելելով, որ այդ գործընթացի կատարման թերացումները Հայաստանի ԱԳՆ-ի համար անընդունելի են, եւ իրենք խստորեն անդրադառնալու են այդ հարցին։
Ինչ խոսք, սպասված գործելաոճ է, որ ՀՀ արտաքին գերատեսչության ղեկավարը ՀՀ-ում գործող դեսպաններից պարզաբանումներ է պահանջում ՀՀ քաղաքացիների համար արհեստական դժվարություններ ու խոչընդոտներ ստեղծելու համար: Հատկապես ամռան այս սեզոնին, երբ մարդիկ իրենց կուտակած գումարը փորձում են իմի բերել, գնալ որեւէ հետաքրքիր երկիր՝ հանգստանալու եւ զարգացնելու աշխարհայացքը, նման խոչընդոտները պետք է իսպառ վերացվեն:
Ընդ որում, սա երկուստեք շահավետ գործընթաց է, քանի որ մեր քաղաքացիները արտերկիր են գնում՝ ինչ որ նոր, հետաքրքիր աշխարհ իրենց համար որոնելու, ինչու չէ, ուսանելու համար, մյուս կողմից էլ` հյուրընկալող երկիրը ունենում է ֆինանսական մուտքեր Հայաստանի նման ոչ այդքան հարուստ երկրից: Այս գիտակցումը շատ կարեւոր է:
Ի վերջո, եթե որեւէ մեկի մտքին լինի Հայաստանից հեռանալ, այնպիսի զարտուղի ճանապարհներ կգտնվեն, որ դժվար է ասել, թե ինչպես է մարդու ուղեղը ունակ այդքան ճկուն եւ անկանխատեսելի աշխատելու:
Ի վերջո, կյանքը ցույց է տվել, որ եթե Հայաստանի կամ աշխարհում որեւէ այլ երկրի քաղաքացի իր առջեւ խնդիր է դրել Եվրամիության երկրներից մեկում կամ այլուր միգրանտ դառնալ, փախստականի կարգավիճակ ստանալ եւ ապրել, գտնվում են տարբերակներ: Այնպես որ, եթե այս տարբերակով առաջնորդվենք, հաստատ հեռու չենք գնա:
Ու հատկապես Եվրամիության հետ համապարփակ եւ ընդլայնված գործընկերության մասին համաձայնագրի ստորագրումից հետո Եվրամիության անդամ երկրների հետ շատ կարեւոր է մարդկանց շփումը: Եւ լավ է, որ ՀՀ ԱԳՆ Զոհրապ Մնացականյանը հետեւողական է այս հարցում։