Եթե տարիներ առաջ որեւէ մեկը ասեր, որ կգա մի օր, երբ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը կլինի կալանքի տակ, ու նրա կողմնակիցներն էլ ՀՀ կառավարության առջեւ բողոքի ակցիաներ կիրականացնեն, նրան կհամարեին առնվազն հիվանդ երեւակայություն ունեցող մեկը, որին շտապ բուժօգնություն է հարկավոր: Ինչո՞ւ. որովհետեւ երկրում անվերապահ տերուտիրական հռչակած Քոչարյան-Սարգսյան ռեժիմը իր գործունեությամբ անմահ իշխանության պատկերացում էր ստեղծել ՀՀ յուրաքանչյուր քաղաքացու մոտ:
Բայց իրադարձությունները տարիների ընթացքում այնպես զարգացան, որ Հայաստանում տեղի ունեցած թավշյա, ոչ բռնի հեղափոխությունից հետո Արտաշես Գեղամյանի կողմից բազմիցս հիշատակված Քոչարյան-Սարգսյան հանցավոր զույգը կորցրեց իշխանությունը, ավելին՝ Քոչարյանը հայտնվեց ճաղերի հետեւում: Եւ հիմա, ով զարմանք, դատական կամայականությունների դեմ պայքարի են դուրս եկել մարդիկ, որոնք տարիներ շարունակ իրենց գոյությամբ ու գործունեությամբ ուղղակի բռնաբարել են այդ համակարգը. հիմնադրել են զանգովի արդարադատության ինստիտուտը եւ ոչնչացրել մարդկանց հավատը դատական իշխանության նկատմամբ:
Ռոբերտ Քոչարյանին եւ իր կողմնակիցներին, թերեւս, արժե հիշեցնել Freedom House միջազգային իրավապաշտպան կազմակերպության 2008 թվականի տարեկան զեկույցում առկա որոշ ձեւակերպումներ Հայաստանում գործադիրի կողմից դատական իշխանության նկատմամբ ճնշման մասին։ «Պահպանվում են այն մտահոգությունները, որ գործադիր իշխանությունը դեռեւս ազդեցություն ունի դատական իշխանության վրա»,-գրված էր զեկույցում։
Խոսքը վերաբերում է Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատավոր Պարգեւ Օհանյանին, որի լիազորությունները 2007 թվականի հոկտեմբերի 16-ին դադարեցվել էին Ռոբերտ Քոչարյանի հրամանագրով՝ Օհանյանի կողմից քրեական եւ քաղաքացիական գործերում թույլ տված խախտումների պատրվակով։
Սակայն Օհանյանի լիազորությունների դադարեցումը տեղի ունեցավ այն բանից հետո, երբ վերջինս դատարանի դահլիճից ազատ արձակեց Ազգային անվտանգության ծառայության մեկուսարանում գրեթե երկու տարի անցկացրած «Ռոյալ Արմենիա» ընկերության ղեկավարներին` Գագիկ Հակոբյանին ու Արամ Ղազարյանին։
Ըստ մամուլի` այս գործարարների նկատմամբ հետապնդում էր սկսվել, երբ 2004-ին նրանք հրապարակավ հայտարարել էին, որ Մաքսային պետական կոմիտեի ղեկավարությունն իրենցից կաշառք է պահանջում, որն իրենք հրաժարվում են տալ:
Այսպիսի իշխանություն ունեցած Ռոբերտ Քոչարյանը, հետաքրքիր է, ի՞նչ բարոյական իրավունքով է այսօր խոսում, բողոքում անարդար դատարանների գործողություններից: Անցյալը հիշել միշտ պետք է, բայց վերադարձ՝ երբեք: