Երեկ խորհրդարանում, երբ քննարկվում էր Մարդու իրավունքների եվրոպական դատարանում (ՄԻԵԴ) ՀՀ ներկայացուցչի չափանիշների հարցը, պատգամավորները առավել գլոբալ հարցեր բարձրացրեցին: Մասնավորապես, Հովհաննես Հովհաննիսյանը հետաքրքրվեց, թե որքան է այսօր ՄԻԵԴ-ում գտնվող գործերի գումարային հնարավոր փոխհատուցման ծավալը:
Ի պատասխան` ՀՀ արդարադատության փոխնախարարը հայտարարեց, որ այս պահի դրությամբ ՀՀ-ն, ՄԻԵԴ կայացրած վճիռների հիման վրա, հատուցել է մոտ 1 մլն 360 հազար եվրո պահանջված 21,5 մլն-ից: Այսինքն՝ դեռ չնչին փոխհատուցում է արվել ՀՀ աղքատիկ բյուջեից, եւ դեռ պարտավոր ենքմոտ 20 մլն եվրո էլ վճարել ՄԻԵԴ-ում հաղթած քաղաքացիներին: Իրապես ահռելի թիվ է:
Մեկ այլ պատգամավոր Թագուհի Թովմասյանն էլ բարձրաձայնեց պատասխանատվության հարցը: «ՄԻԵԴ-ում պարտություն կրած գործերի համար ՀՀ չինովնիկները պատասխանատվություն կրելո՞ւ են` բարձր օղակից մինչեւ ամենացածրը»,- հետաքրքրվեց պատգամավորը, որին փոխնախարարը արձագանքեց, որ նման անհրաժեշտություն կա, ինչպես նաեւ վստահեցրեց ՄԻԵԴ վճիռների տարափի կանխման համար որոշակի աշխատանքներ են արվում:
Նկատենք, որ մինչ խորհրդարանականները դեմքի լուրջ արտահայտությամբ քննարկում էին Եվրադատարանում պարտությունների թեման, մեր բյուջեից փոխհատուցումների հարցերը, գրեթե միաժամանակ երեւանյան դատարաններից մեկում, հայտնի դատավոր Մնացական Մնացականյանի նախագահությամբ, ընթանում էր պաշտոնաթող գեներալ, նախկին պատգամավոր Մանվել Գրիգորյանի` կալանքից ազատման հարցը, որի կայացրած որոշումը վստահաբար Եվրադատարանում պարտության հերթական առիթ կդառնա: Գրիգորյանի պաշտպանը միջնորդում էր ազատ արձակել նրան, այլընտրանքային խափանման միջոց գրավ կիրառել մինչեւ 10 մլն դրամի չափով, սակայն դատավորը մերժեց պաշտպանի միջնորդությունը:
Ակնհայտ է, որ ինչ զազրելի արարք էլ թույլ տված լինի մարդը, եթե ունի կալանքի հետ անհամատեղելի հիվանդություններ, պետք է հնարավորություն տալ նրան բուժվելու ազատության մեջ, այլ ոչ թե մահանա բանտում:
Հիշեցնենք, որ տարաբնույթ անպատկերացնելի հանցանքների համար մեղադրվող Գրիգորյանը հունիսի 6-ին ծայրահեղ ծանր վիճակով «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ից տեղափոխվել էր «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ, իսկ օրեր անց` «Նաիրի» ԲԿ:
Ստացվում է, որ, մի կողմից, քննարկում են ՄԻԵԴ-ից վճիռների կանխման թեման, բայց միաժամանակ կայացվում են դատարանում որոշումներ, որոնք հղի են ՄԻԵԴ-ում պարտվելու հստակ հեռանկարով:
Եւ առնվազն տարակուսելի է, թե ինչ իմաստ ունեն այդ քննարկումները, եթե, օրինակ, դատավոր Մնացականյանը հետեւություններ չի անում նախկին սխալներից ուհենցիրկողմից կայացված դատավճիռների եվրապարտություններից: