Օպերատիվ աշխատանքը, հատկապես` այն ոլորտներում, որտեղ գործ ունենք մարդու առողջության, անվտանգության հետ, ուղղակի հրամայական է: Այս առումով զարմանալի դանդաղկոտություն ցուցաբերեց ՀՀ առողջապահության նախարարությունը Սեւանա լճի գունափոխման հարցում:
Գարնանից մասնագիտական շրջանակները, ԱԺ պատգամավորները խոսում են Սեւանա լճի հնարավոր ծաղկման եւ դրանից բխող վտանգների մասին, սակայն մասնագիտական շրջանակները, տվյալ դեպքում` ՀՀ առողջապահության նախարարությունն ու Սննդի տեսչությունը, քար լռություն էին պահպանում, կարծես իրենք չպետք է զբաղվեին մարդկանց առողջության վտանգների չեզոքացման հարցերով:
Երբ կովերը սատկեցին Սեւանա լճի ափին, նոր աղմուկ բարձրացավ, եւ միայն երեկ՝ գրեթե ամռան կեսին, ՀՀ առողջապահության նախարարությունը թմբիրից դուրս եկավ ու մասնագիտական հայտարարություն տարածեց. «Նախարարությունը հորդորում է քաղաքացիներին Սեւանա լճի ափամերձ որոշ տարածքներում, որտեղ կապտականաչ ջրիմուռներ են նկատվում, խուսափել լողալ այդ հատվածներում:
Սրանց որոշ տեսակներ արտադրում են կենդանիների եւ մարդկանց առողջության վրա բացասաբար անդրադարձող թույներ (տոքսիններ), որոնց ազդեցությանը մարդիկ կարող են ենթարկվել «ծաղկած» ջուրը խմելու, դրանում լողալու կամ անզգուշաբար կուլ տալու հետեւանքով։ Նման ջրում լողալու դեպքում կարող են ի հայտ գալ հետեւյալ ախտանշանները՝ ասթմա, աչքերի գրգռվածություն, ցան, մասնավորապես` բերանի եւ քթի շուրջ, մաշկի գրգռվածություն, ալերգիկ ռեակցիա:
Անզգուշությամբ ջուր կուլ տալու դեպքում կարող է ի հայտ գալ ստամոքսի ցավ, սրտխառնոց, փսխում, փորլուծություն, ջերմություն, կոկորդի ցավ, գլխացավ, մկանային եւ հոդերի ցավ, բլիթներ բերանի խոռոչում, լյարդի հետ կապված խնդիրներ»: Նկատենք, որ այս ընթացքում բազմաթիվ քաղաքացիներ հասցրել են լողալ Սեւանա լճում, թրջել ոտքերը, շատ երեխաներ են լճափում զվարճացել, ու չի բացառվում նաեւ` ջուր կուլ տված լինեն: Նախարարությունը, սակայն, ուշացած հայտարարում է, «Արգելել երեխաներին լողալ չթույլատրված վայրերում»:
Ինչպե՞ս կարելի է ամիսներ շարունակ անտարբերության մատնել այսքան կարեւոր հարցը ու մասնագիտական խորհուրդներ չտալ հայ հասարակությանը: Նախորդ տարի նախարար Արսեն Թորոսյանը վարտիքով ջուրը մտավ՝ ապացուցելու, որ թունավոր չէ, այս տարի ինչո՞ւ նույնքան օպերատիվ կերպով չհայտարարեց. «Ժողովո՛ւրդ, Սեւանա լիճ մի՛ մտեք. վտանգավոր է»: Կարծում ենք՝ բարեխղճության հարց է:
Իսկ ինչ վերաբերում է Սննդի տեսչությանը, ապա նրանք եւս պետք է օր առաջ փորձաքննության ենթարկեն ձկնատեսակները եւ հայտարարեն՝ Սեւանի ձուկը թունավոր է, թե ոչ: Սպասելու ժամանակ չունենք: