Արցախի ներքին հարցերին խառնվել-չխառնվելու հարցը լուծում չի գտնում. խմբագրական

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արցախի Հանրապետության Ազգային ժողովում լրագրողների հետ ունեցած ճեպազրույցի ժամանակ ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը երեկ հայտարարել է. «Եթե ՀՀ քաղաքացին Արցախում ստանա ընտրվելու իրավունք, ապա վերջինս պիտի ստանա նաեւ ընտրելու իրավունք: Հետեւաբար ստացվում է, որ ՀՀ բոլոր քաղաքացիները կարող են արցախյան ընտրություններին քվեարկելու իրավունք ունենալ:

Դժվար թե հանդուրժելի լինի այս իրավիճակը, երբ ԱՀ բնակչությանը թվով գերազանցող ՀՀ քաղաքացիները որոշեն, թե ինչ իշխանություն պիտի լինի ԱՀ-ում… Հստակ կասեմ, որ պետք չէ Արցախում նման փորձ անել, որովհետեւ ՀՀ-ումմինչեւ հեղափոխությունը իրավիճակը լիովին այլ էր, եւ չպետք է մոռանանք, որ հանրահավաքներ, ցույցեր եւ երթեր կարող են իրականացվել միայն որոշակի չափանիշների պահպանման պարագայում»,- ասել է Վ. Վարդանյանը:

Իհարկե, գուցե Վլադիմիր Վարդանյանի շատ պնդումներ օբյեկտիվ են, ընկալելի, տրամաբանական ու անհրաժեշտ կիրառելի, բայց մտահոգիչ բան, այնուամենայնիվ, կա իշխանական պատգամավորի, ԱԺ բարձրաստիճան պաշտոնյայի ասած խոսքերում: Բանն այն է, որ մասնագիտությամբ իրավաբան պատգամավորը Արցախում խոսում է այդ երկրի ներքին հարցերի մասին, ինչի իրավունքը որեւէ դեպքում չունի: Արցախի ներքին խնդիրները բացառապես այդ երկրի ներսում որոշվելիք հարցեր են, որոնց մասին ՀՀ պաշտոնյան ուղղակի իրավունք չունի խոսել:

Հիշեցնենք, երբ Արցախի որեւէ գործիչ ՀՀ ներքին քաղաքական, պաշտոնական կամ որեւէ վերադասավորման մասին խոսում է, անմիջապես ՀՀ շատ գործիչներ իրենց պարտքն են համարում նրանց հիշեցնելու, որ իրավունք չունեն խառնվելու մեր ներքին գործերին: Բանն այնտեղ հասավ նույնիսկ, որ Արցախի նախկին ու ներկա նախագահների միջնորդությունները` մեղադրյալ Ռոբերտ Քոչարյանին ազատ արձակելու վերաբերյալ, համարվեցին Արցախի միջամտությունը Հայաստանի ներքին գործերին:

Հետաքրքիր է` այս բոլոր իրողությունները ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը չի նկատել, թե նկատել է, բայց համարում է, երբ ինքն է խոսում Արցախում ներքին քաղաքական հարցերից ու իմպերատիվ կարծիք հայտնում, դա ներքին գործերին միջամտություն չէ, իսկ արցախցիների ցանկացած ասած, որը իշխանությունների սրտով չէ, միջամտություն է Հայաստանի ներքին գործերին:




Լրահոս