Վճռաբեկ ո՞ր դատավորի գործով են փորձել միջամտել. նոր մանրամասներ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ ազգային անվտանգության ծառայության կողմից բացահայտված քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի պաշտոնատար անձին կաշառք տալու առիթով հարուցված քրեական գործով «Ժողովուրդ» օրաթերթին նոր մանրամասներ են հայտնի դարձել, մասնավորապես այն, թե որ դատավորի վարույթում գտնվող գործով են փորձել միջամտություն իրականացնել, որը խափանել է ԱԱԾ-ն:

Հիշեցնենք, որ հուլիսի 10-ին ԱԱԾ-ն կոռուպցիայի դեմ պայքարին ուղղված իր գործառույթների իրականացման շրջանակում ձեռնարկված լայնածավալ օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում բացահայտել եւ կանխել էր ՀՀ դատական համակարգի պաշտոնատար անձին առնչվող առերեւույթ կոռուպցիոն բնույթի դեպք: Այդ մասին հայտնում է ՀՀ ԱԱԾ մամուլի կենտրոնը:

Ձեռք բերված նախնական տվյալների համաձայն` հասարակական կազմակերպության նախագահ, իրավաբանական բնույթի ծառայություններ մատուցող նախկին փաստաբանը ՀՀ քաղաքացու օգտին քաղաքացիական գործով բարենպաստ դատական ակտի կայացումն ապահովելու համար ՀՀ վճռաբեկ դատարանի պաշտոնատար անձին տվել է կաշառք գումար: Գումարի փոխանցումն իրականացվել է ԱԱԾ աշխատակիցների օպերատիվ վերահսկողության ներքո, որից անմիջապես հետո նշված անձինք բռնվել եւ բերման են ենթարկվել: Կաշառքի առարկա գումարը հայտնաբերվել է:

Առերեւույթ հանցագործության դեպքի առթիվ ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում հարուցվել է քրեական գործ` ՀՀ ՔՕ համապատասխան հոդվածներով. 2 անձ ձերբակալվել է:

Ձեռնարկվում են համապատասխան միջոցառումներ` վերոնշյալ անձանց մասնակցությամբ հնարավոր այլ կոռուպցիոն դեպքերի բացահայտման ուղղությամբ:

ԱԱԾ-ի այս բացահայտումից հետո կարծես թե լռություն է, այդպես էլ պաշտոնապես հայտնի չդարձավ, թե, ի վերջո, ով է եղել ՀՀ վճռաբեկ դատարանի պաշտոնատար անձը, որին գումար են առաջարկել, եւ որ դատավորի վարույթում քննվող գործով են փորձել կլորիկ գումարի դիմաց ցանկալի վճռի հասնել:

Նշենք, որ խոսքը վճռաբեկ դատարանի աշխատակազմի քրեական գործերով գրասենյակի ղեկավար Արմեն Հարությունյանի մասին է, իսկ նրա հետ մյուս ձերբակալվածը նախկին փաստաբան է: Ըստ ԱԱԾ հաղորդագրության` նախկին փաստաբանը ՀՀ քաղաքացու օգտին քաղաքացիական գործով բարենպաստ դատական ակտի կայացումն ապահովելու համար ՀՀ վճռաբեկ դատարանի պաշտոնատար անձին կաշառք է տվել:

Դատական համակարգում տարածված լուրերի համաձայն` չնայած Արմեն Հարությունյանը Վճռաբեկ դատարանի աշխատակազմի քրեական գործերով գրասենյակի ղեկավարն է, սակայն նա քաղաքացիական պալատում իրեն հարազատ մարդիկ ունի, եւ, մեզ հասած լուրերի համաձայն, կաշառք վերցնելը կապված է եղել ոչ թե մեկ քաղաքացիական գործին միջամտելու, այլ երկու քաղաքացիական գործով միջամտություն անելու հետ:

Ի դեպ, «Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն` քաղաքացիական գործերից մեկը, որով ցանկացել են միջամտություն իրականացնել, կապված է եղել ՀՀ վճռաբեկ դատարանի դատավոր Սուրիկ Անտոնյանի կողմից զեկուցվող քաղաքացիական գործի հետ: Ուշագրավն այն է, որ ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի դատավորներից շատերը չգիտեն, թե կոնկրետ որ քաղաքացիական գործերի մասին է խոսքը, քանի որ, ըստ նրանց շրջանում տարածված խոսակցությունների, գրեթե բոլոր գործերով իրենք ներգրավված են լինում, բայց իրենց էլ է անհասկանալի իրավապահների այս բացահայտումը որ գործին է վերաբերում:

Ինչեւէ, «Ժողովուրդ» օրաթերթը ստեղծված իրավիճակի շուրջ զրուցել է ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական եւ վարչական պալատի նախագահ Ռուզաննա Հակոբյանի հետ՝ հասկանալու համար, թե կոնկրետ որ քաղաքացիական գործով են փորձել ելք գտնել. «Ես միայն մեկ բան կարող եմ ասել` որեւէ մեկնաբանություն, որեւէ դիրքորոշում չեմ կարող հայտնել. ինչ վերաբերում է քաղաքացիական գործով հնարավոր միջամտությանը, ապա հայտնեմ, որ դա անհնար է, բացառվում է, իսկ ես նման ինֆորմացիաներ, թե ինչ գործով է, տեղեկություններ չունեմ, դրա համար կրկնում եմ` բացառվում է ցանկացած տեսակի միջամտություն: Եթե որեւէ մեկը ինձ որեւէ տեղ ասի, ես կասեմ պարզապես, որ այդ ասողը լուրջ չէ, մանավանդ կոնկրետ գործերի վերաբերյալ որեւէ բան չեմ կարող ասել: Մեզ մոտ նման բան չի կարող լինել, որ մի հատ էլ փորձեմ հետաքրքրվեմ, թե որ գործով են փորձել, չեն էլ կարող փորձել, եթե ինչ-որ մարդիկ մտամարզանքներով են զբաղվում, դա իրենց խնդիրն է» :

Քնար Մանուկյան




Լրահոս