Հնարավոր է` վարչապետի հնչեցրած մոդելն ավելի արդյունավետ է. կողմնակից եմ, որ ստեղծվի հանձնաժողով. Նիկոլայ Բաղդասարյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նախօրեին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Ազատության»-ը տված հարցազրույցում հայտարարել էր, որ վեթթինգի իրականացման նպատակը անկախ, անաչառ եւ սկզբունքային դատարանների ստեղծումն է: «Վեթթինգ նշանակում է որեւէ մեկի համապատասխանելիության ստուգում: Ինձ համար վեթթինգն այն է, որ այդ գործընթացի արդյունքում ունենանք մի դատարան, որն ինչ էլ որոշի, ասենք` մեր դատարանը որոշեց, որովհետեւ մեր դատարանն է, մենք գիտենք, որ սա անկախ, անաչառ, սկզբունքային դատարան է: Նպատակը վեթթինգը չի, նպատակն այսպիսի դատարան ունենալն է»,-նշել էր վարչապետը: Կարելի է ասել` վարչապետը փակել է տալիս վեթթինգի թեման ու այլ նպատակ առաջադրում:

Հիշեցնենք, որ դեռեւս մայիսի 20-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարությունում դատական համակարգի վերաբերյալ հանդես էր եկել հայտարարությամբ` ըստ որի Հայաստանում գործող բոլոր դատավորները պետք է ենթարկվեն վեթթինգի: Ըստ այդմ` հանրությունը պետք է ամբողջական տեղեկատվություն ունենա դատավորի ունեցած քաղաքական կապերի ու ծագումնաբանության, գույքային վիճակի, դատավորի կարգավիճակում եւ նախորդ շրջանում ծավալած գործունեության, անհատական եւ պրոֆեսիոնալ հատկանիշների մասին: Ի դեպ, այդ հայտարարությունից հետո էլ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը հայտարարել էր, թե իրենք վեթթինգի նախագիծ են պատրաստվում ներկայացնել:

Երեկ «Ժողովուրդ» օրաթերթն այս հարցերի շուրջ զրուցել է ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նիկոլայ Բաղդասարյանի հետ:

-Պարո՛ն Բաղդասարյան, փաստորեն ստացվում է` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը վեթթինգ է համարում անաչառ եւ սկզբունքային դատարանների ստեղծումը, բայց ի սկզբանե այլ նպատակ էր դրված: Ինչո՞ւ վարչապետը որոշեց փոխել այն գործընթացը, որը նախատեսված էր:

-Վեթթինգ իրականացնելը նշանակում է խորը ուսումնասիրել տվյալ անձի տվյալները, այսինքն` չսահմանափակվել հարցազրույցով, այլ պարզել, թե արդյոք ինքը նախկինում կապ է ունեցել նախորդ իշխանության հետ, արդյոք կոռուպցիոն երեւույթների մեջ ներգրավվածություն է ունեցել: Հարցադրումը պետք է այսպես հնչի, թե արդյոք անհրաժեշտություն է առանձին մարմին ստեղծել, թե ոչ: Վարչապետի ելույթից այդպես չէր հասկացվում, որ այո կամ ոչ, բայց երկու տարբերակն էլ հնարավոր է լիներ, եւ երկու տարբերակն էլ հնարավոր է արդյունավետ լինեն: Սակայն ես կարծում եմ, որ ավելի արդյունավետ կլինի առանձին հանձնաժողով:

-Այսինքն` Դուք կողմնակից եք, որ ոչ թե դատական համակարգում վեթթինգ իրականացվի, այլ դա արվի հանձնաժողովի միջոցո՞վ:

-Կա երկու մոտեցում. կարելի է անել գործող մեխանիզմների միջոցով, մեկն էլ անել դրա համար հատուկ ձեւավորված հանձնաժողովի միջոցով: Ես կողմնակից եմ, որ ստեղծվի հանձնաժողով, որի միջոցով իրականացվի այդ վեթթինգի գործընթացը: Բայց ես ասեմ, որ իմ այս տեսակետը 100 տոկոս ճիշտ չէ ու մնացածինը սխալ:

-Իսկ Դուք, լինելով իշխանության ներկայացուցիչ, Ձեր դիրքորոշումը ներկայացրե՞լ եք ՀՀ վարչապետին. արդյոք ճի՞շտ են այն տեղեկությունները, որ Դուք եւ ՍԴ անդամ Վահե Գրիգորյանն եք վարչապետին խորհուրդ տվել վեթթինգ իրականացնել դատաիրավական համակարգում:

-Եթե Դուք ինչ-որ տեսակետ ունեք, ապա պետք է այդ տեսակետը Ձեր ղեկավարի վրա փաթեթավորե՞ք. սխալ է այդ մոտեցումը: Ես ունեմ իմ տեսակետը ու այդ տեսակետը հրապարակային հնչեցրել եմ, որից հետո, բնականաբար, տեսակետներ քննարկվել են, այնպես չէ, որ միշտ մեկի տեսակետը ընդունելի է, իսկ մյուսներինը` սխալ: Հնարավոր է` վարչապետի հնչեցրած մոդելն ավելի արդյունավետ է, քան իմ կողմից հնչեցրած տեսակետը: Բնականաբար, երկար ժամանակ է` խոսում ենք տարբեր հարցերի շուրջ, խնդիրը հետեւյալն է. ի՞նչ ճանապարհով գնանք արդյունքի հասնելու համար. ես ուզում եմ, որ արագ արդյունք լինի: Մարդիկ կան, որ արդյունքը տեսնում են ոչ թե հանձնաժողովի, այլ գործող մեխանիզմների միջոցով, որն ավելի հանգիստ փոփոխվող իրավիճակ է: Այսինքն` նախընտրելի է այն տարբերակը, որը կտրուկ չի, որը չի կարող որեւէ կերպ հետեւանքներ առաջացնել, փորձում են այդ տարբերակով լուծումը գտնել:

-Այդ արագ արդյունքը ինչպե՞ս եք պատկերացնում, ե՞րբ կտեսնենք այդ արդյունքը:

-Դե օրենքն արդեն ընդունել ենք, չեմ հիշում` երկրորդ ընթերցում եղել է, թե ոչ: Կարծեմ երկրորդ ընթերցմամբ էլ ընդունեցինք արդեն: Հակակոռուպցիոն հանձնաժողովի մասին օրենքի նախագիծը կանի:

-Օրենքի նախագիծն առաջին ընթերցում է անցել:

-Ուրեմն աշնանը կլինի երկրորդ ընթերցումը:

-Այսինքն` վեթթինգի նախագծին ընթացք չի՞ տրվի: Հակակոռուպցիոն հանձնաժողո՞վը, ըստ Ձեզ, դա պետք է իրականացնի, ու դատական համակարգի բոլոր հարցերին լուծում կտրվի՞:

-Բոլոր հարցերի լուծումներ չի կարող Աստված տա, բայց հանձնաժողովը իր լիազորությունների շրջանակներում կարող է այդ ստուգումներն իրականացնել ու պարզել, թե ով է կոռուպցիոն մեխանիզմների մեջ ներառված եղել է, ով ոչ: Բայց պետք է հասկանալ` դա արդյունավետ կլինի, թե ոչ: Պետք է հասկանալ, որ ամեն մեկն իր տեսակետն ունի, չկան ճիշտ ու սխալ տարբերակներ: Եթե նպատակ կա, որ հանձնաժողովն ուսումնասիրի, ուրեմն թող այդպես լինի. ի՞նչ այլ բան կա:

Զրուցեց ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ




Լրահոս