ՏԵՍԱՆՅՈՒԹ. Լավ լուր մեքենա մաքսազերծողների համար

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մինչեւ այս տարեվերջ ավտոմաքսատունն արդեն տեղափոխված կլինի Գյումրի. աշխատանքներն արդեն մեկնարկել են: Այս մասին «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Շուշան Ներսիսյանից: Հիշեցնենք` ավտոմաքսատունը Գյումրի տեղափոխելը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանձնարարականն է: Նա վստահեցրեց, որ կստեղծվեն համապատասխան ենթակառուցվածքներ ավտոմեքենան արագ եւ հեշտ մաքսազերծելու եւ հաշվառելու համար:

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ Հայաստան անցած տարվա ընթացքում ներմուծվել է մոտ 67 հազար ավտոմեքենա: Ըստ ՀՀ պետական եկամուտների կոմիտեի` հուլիս ամսվա վերջին այդ ցուցանիշն արդեն անցած կլինի եւ կհասնի մոտ 70 հազարի: Ավտոմեքենաների`մեծ քանակով ներմուծման պատճառը 2020 թվականից նոր մեքենաների մաքսատուրքի նախատեսվող 10 տոկոս թանկացումն է:

Չէ՞ որ Հայաստանը 2020-ի հունվարի 1-ից ԵԱՏՄ միասնական մաքսային դրույքաչափին է անցում կատարելու:
Ըստ ՊԵԿ նախագահի տեղակալ Շուշան Ներսիսյանի` ավտոմաքսատան հերթերը մեղմացնելու նպատակով, այս տարվա հունվար ամսից սկսած, Նորագավիթում տեղակայված բաժինների համար սահմանվել է 6-օրյա աշխատանքային շաբաթ, ինչպես նաեւ ավելացվել է 5 ձեւակերպող տեսուչ: Պարզվում է` ավտոմեքենաներ ձեւակերպվում են նաեւ հանրապետության բոլոր մաքսատներում, իսկ ավտոմեքնաների բեռնաթափումն իրականացվում է մաքսային պահեստներում: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ օրական մոտ 700 ավտոմեքենա է ձեւակերպվում ՀՀ-ում, որից մոտ 500-ը` Նորագավիթում:

Սա դեռ ամենը չէ: Մեզ հայտնի դարձավ, որ օգոստոսի 1-ից Նորագավիթի բաժիններում աշխատելու են 7-օրյա գրաֆիկով, իսկ աշխատողների թիվն ավելանալու է 6-ով: Բացի այս, մաքսային պահեստներում բեռնաթափման աշխատանքներ կիրականացվեն նաեւ շաբաթ-կիրակի օրերին: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ «Մետեքսիմ» մաքսային պահեստը կահավորվել է եւ ավտոմեքենաներ կձեւակերպվեն նաեւ հենց այս պահեստում: Հուսանք` այս փոփոխությունները իրենց նպատակին կծառայեն, եւ քաղաքացիները ստիպված չեն լինի օրերով սոված-ծարավ մաքսատանն անցկացնել մեքենան մաքսազերծելու համար:

Հ.Գ. Նշենք, որ այս հրապարկման մեջ տեղ գտած՝ «Ավտոմեքենաների` մեծ քանակով ներմուծման պատճառը 2020 թվականից նոր մեքենաների մաքսատուրքի նախատեսվող 10 տոկոս թանկացումն է» մտքի հեղինակը ՊԵԿ նախագահի տեղակալ Շուշան Ներսիսյանը չէ։ Նա չի խոսել 2020 թվականին նախատեսվող ավտոմեքենաների մաքսազերծման գներից։ Առավել ևս՝ 10 տոկոս թանկացումից։ Դա եղել է նյութի հեղինակի խոսքը, որը հիմնված է եղել մի շարք փորձագետների բանավոր վերլուծությունների վրա։ Ըստ որի՝ մաքսատուրքի նախատեսվող 10 տոկոս թանկացումը վերաբերվում է նոր՝ 1-3 տարեկան մեքենաներին։

Սյունէ Համբարձումյան

Մանրամասները` տեսանյութում




Լրահոս