Հակակոռուպցիոն մարմինը չի կարող որեւէ զիջման գնալ. խմբագրական

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր ՀՀ կառավարության նիստի ընթացքում հաստատվեց ՀՀ արդարադատության նախարարության կողմից հեղինակած որոշման նախագիծը, որով ուժը կորցրած է ճանաչվեց 2015 թվականի փետրվարի 19-ին ուժի մեջ մտած կառավարության 165-Ն որոշումը: Այս որոշմամբ ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի օրոք ձեւավորվել էր Կոռուպցիայի դեմ պայքարի խորհուրդ, որը շարունակեց գոյություն ունենալ Կարեն Կարապետյանի օրոք եւ, ըստ էության, ոչնչով աչքի չընկավ, բացի նրանից, որ փաստաթղթերով ձեւավորված այդ մարմինը ուղղակի կար:

Նույն կարգավիճակում մարմնի գոյությունը շարունակվում էր նաեւ հետհեղափոխական Հայաստանում: Եւ Նիկոլ Փաշինյանի` վարչապետ դառնալուց հետո էլ, բնականաբար, այդ խորհուրդը փաստացի պարապուրդի էր մատնված, որեւէ նիստ չի գումարել, չի գործել:
Ակնկալվում էր, որ մեռելածին այդ կառույցը վաղուց նաեւ պետք է դե յուրե դադարեցներ իր գործունեությունը. հիմա եկել է պահը, եւ շուտով այդ խորոհւրդը այլեւս չի լինելու:

Բայց սա, իհարկե, չի նշանակում, որ կոռուպցիայի դեմ պայքար Նիկոլ Փաշինյանի կառավարությունը չի տանելու: Ընդհակառակը, հետհեղափոխական Հայաստանում մեծ տեղ է տրվում կոռուպցիայի դեմ պայքարին, որի համար վերջերս ստեղծվեց Հակակոռուպցիոն քաղաքականության խորհուրդ: Խորհրդի առաջին նիստը, վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, տեղի ունեցավ հուլիսի 12-ին: Իհարկե, եթե նայենք կոռուպցիայի դեմ պայքարի մարմինների դե յուրե ունեցած կարգավիճակներին, ապա իրավաբանորեն շատ քիչ բան է փոխվել: Երկու խորհուրդների կազմերը չեն տարբերվում միմյանցից:

Ինչպես Կոռուպցիայի դեմ պայքարի խորհուրդը, այնպես էլ Հակակոռուպցիոն քաղաքականության խորհուրդը ղեկավարում է ՀՀ վարչապետը, իսկ խորհրդի կազմում են փոխվարչապետը, վարչապետի աշխատակազմի ղեկավարը, արդարադատության նախարարը, ԱԺ խմբակցություններից մեկական անդամներ եւ ՀԿ ներկայացուցիչներ:

Պարզապես խորհրդի այսօրվա անդամ-ներկայացուցիչները, ի տարբերություն նախահեղափոխական Հայաստանի, կոռուպցիայի մեջ թաթախված պաշտոնյաներ չեն, մարդիկ են, որոնց ծավալած պայքարն առավել քան իրական կլինի` չհաշված այն իրողությունը, որ Նիկոլ Փաշինյանն իրականում անհաշտ կռիվ է տվել եւ շարունակում է տալ կոռուպցիայի դեմ: Վերջինիս նախագահությամբ գործող մարմինը չի կարող հանկարծ որեւէ զիջման գնալ կոռուպցիոն որեւէ երեւույթի:




Լրահոս