Մեծ ու փոքր, հարգանք, պատիվ կամաց-կամաց վերանում են, և ոչ մի կոնվենցիա այլեւս չի փրկի. խմբագրական

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հանդուրժողականության, բարեվարքության, քաղաքակրթության, դաստիարակության եւ, վերջապես, հայկական ավանդական փոխհարաբերությունների՝ նամուս, թասիբ, մեծ ու փոքր փոխհարաբերությունների սուբորդինացիայի մասին որքան շատ է խոսվում, այնքան շարունակվում են ձեւախեղվել այդ երեւույթները մեզանում: Նախօրեին տեղի ունեցածը ոչ այլ ինչ, քան ուղղակի ամոթ որակելը, դժվար է:

Ինչի՞ մաիսն է խոսքը: ԺՈՒԿ նախագահ, երջանկահիշատակ Մանուկ Գասպարյանի որդին՝ Էմանուել Գասպարյանը, իսկական փորձանքի մեջ է հայտնվել միայն այն բանի համար, որ հանդգնել է նկատողություն անել երկրորդական փողոցում արագ երթեւեկող մի վարորդի:

«Մի անդաստիարակ փողոցով ոչ սահմանված արագությամբ էր երթեւեկում. հասկացա, որ հյուր է մեր հարեւանի տանը, ասեցի` զգուշացրե՛ք, որ մեքենան շատ արագ է վարում, թող զգույշ լինի: Զգուշացնելուց հետո մեքենան դիտավորյալ հասավ ինձ եւ ավելի արագ սկսեց վարել` կարծես թե ասելով, թե դու ինձ ինչ դիտողություն ես անում: Փողոցով մոտ 2 տարեկան երեխա էր տատիկի հետ քայլում, էդ ձայնը լսելուց շփոթմունքի մեջ հայտնվեց, գոռացի` կանգնի՛, չե՞ս տեսնում` երեխա է, սա էլ կանգնեց, թե բա` ո՞վ էր հետեւիցս գոռում, ասեցի` չե՞ս լսում, որ ասում են` կանգնի: Մոտեցա մեքենային, ասեցի` էս ի՞նչ արագությամբ ես քշում երկրորդական փողոցում, թե բա` ես իմ արագությունը լավ գիտեմ, ինձ դիտողություն անելու կարիք չկա: Մի 19 տարեկան կլիներ, ինձ մի պահ թվաց, թե անչափահաս էր, մյուս կողմից ծնողը վազելով եկավ, թե բա` ի՞նչ է պատահել, ասեցի` տղայիդ կարգի՛ հրավիրի, տղան թե բա` ո՞վ խփեց ձեռիս…»,- պատմել է Գասպարյանը:

Արդեն երեկոյան 4 մեքենաններով մտել են բակ: «Պատուհանները իջացրած, հայհոյախառը խոսում էին, ես կասկածեցի, իսկ երբ ես դուրս եկա ճանապարհ, տեսա` մեքենայից իջան եւ դեպի ինձ գալով` հարցնում էին լակոտին, թե ով է քեզ նեղացրել, սա էլ ինձ էր մատնացույց անում: Ես տեսա, որ մահակներով եւ զենքով են զինված, տուն գնացի: Հասկացա, որ եկել են հաշվեհարդար տեսնելու, արդեն դեպի տուն քաշվեցի, երկու հատ կրակոց լսվելուց հետո հարեւաններից մեկը ոստիկանություն է ահազանգել: Երկու կրակոցից հետո փախուստի են դիմել»,- հավելել է ԺՈՒԿ նախագահը:

Հիմա պատկերացնում եք՝ Էմանուել Գասպարյանն էլ լիներ այն արժեհամակարգի կրողը, ինչն ունեն հաշվեհարդարի անհաջող փորձ արածները, կլիներ անխուսափելի արյունահեղություն: Ինչո՞ւ. որովհետեւ մեծ ու փոքր, հարգանք պատիվ կամաց-կամաց վերանում է, եւ ոչ մի կոնվենցիա այլեւս չի փրկի, եթե մենք չցանկանանք ինքներս փոխվել:




Լրահոս