Մտահոգիչ իրավիճակ ՀՀ սահմանին. Արտգործնախարարության կոշտ հայտարարությունը. խմբագրական

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մինչ ամառային լրահոսը հագենում է ինֆորմացիաներով, որ այս կամ այն պաշտոնյան մեկնեց արձակուրդ, եւ նրան փոխարինում է տեղակալը, Հայաստանի սահմանին մտահոգիչ իրադարձություններ են ծավալվում: Նկատենք, որ խոսքը Հայաստանի Հանրապետության պետական սահմանի մասին է, այլ ոչ թե Արցախի: Մասնավորապես. ՀՀ արտգործնախարարությունը հայտնում է. «Հուլիսի 27-ին եւ 28-ին Ադրբեջանի զինված ուժերը ՀՀ պետական սահմանի հյուսիս-արեւելյան հատվածում դիպուկահարների ներգրավմամբ իրականացրել է սադրիչ գործողություններ, որի հետեւանքով սպանվել է ՀՀ զինված ուժերի զինծառայող Արման Բուլղադարյանը, եւ վիրավորվել է եւս երկու զինծառայող:

Ադրբեջանի կողմից հրադադարի միտումնավոր եւ սադրիչ խախտումները հակասում են հրադադարի պահպանման եւ ամրապնդման վերաբերյալ ստանձնած պարտավորություններին, որոնք վերջին շրջանում արձանագրվել են նաեւ երկու երկրների ղեկավարների մակարդակով այս տարվա մարտի 29-ին տեղի ունեցած Վիեննայի գագաթաժողովի ընթացքում: Դրանք անտեսում են նաեւ արտաքին գործերի նախարարների` հունիսի 20-ին Վաշինգտոնում տեղի ունեցած հանդիպման արդյունքում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ընդունած հայտարարությունը, որտեղ կողմերին կոչ էր արվում խստորեն պահպանել հրադադարը հարգելու հանձնառությունը եւ ձեռնպահ մնալ շփման գծում եւ պետական սահմանում դիպուկահարների օգտագործմամբ սադրիչ գործողություններից»:

Համաձայնեք, որ ՀՀ սահմաններին նմանատիպ իրադարձություններ այնքան էլ հաճախ չեն հանդիպել, իսկ ՀՀ արտգործնախարարությունն էլ այսպիսի կոշտությամբ հազվադեպ է հայտարարություններ անում: Նշանակում է, որ ՀՀ սահմանին իրավիճակ է փոխվել, սակայն այդ փոփոխությունը, կարծես թե, նկատելի չէ հասարակական-քաղաքական լայն շրջանակների համար:

Ինչո՞ւ. որովհետեւ այս մասին մտահոգիչ, ահազանգող կամ ընդհանրապես հիշատակող որեւէ հայտարարություն չի հնչել երեկ ողջ օրվա ընթացքում: Փոխարենը դեռ շարունակվում էր լայն քննարկվել Բաղրամյանի վրա գորգ լվանալու ակցիան, մեղադրյալ Ռոբերտ Քոչարյանին ազատ արձակած դատավոր Դավիթ Գրիգորյանի լիազորությունների կասեցման կամ արդեն հոգնեցնող Ստամբուլյան կոնվենցիայի վավերացման թեմաները: Այնպիսի տպավորություն է, որ ԱԳՆ հայտարարությունը ՀՀ սահմանին չի վերաբերում, կամ էլ այս մարդիկ ՀՀ քաղաքացիներ չեն, որոնց հետաքրքրում է ամեն ինչ, բացի հայ-ադրբեջանական լարված սահմանների խնդրից: Ընդգծում ենք՝ հայ-ադրբեջանական, այլ ոչ թե Արցախ-Ադրբեջան: Սա արդեն իսկապես մտահոգիչ իրավիճակ է:




Լրահոս