ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչության պետ Արթուր Բաղդասարյանը դադարեցնում է պաշտոնավարումը։ Այդ մասին նա հայտնել է ֆեյսբուքյան էջում:
«Հարգելի գործընկերներ,
Տեղեկացնում եմ, որ օգոստոսի մեկից դադարեցնում եմ իմ պաշտոնավարումը ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչության պետի պաշտոնում: Շտապեմ հավելել, որ դա իմ որոշումն է և որևէ ճնշման կամ պարտադրանքի հետ այն կապված չէ: Պատճառներն ավելի խորքային են ու գուցե հետագայում դրանց անդրադառնամ:
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ տվյալ պաշտոնում աշխատել եմ ավելի քան տասնհինգ տարի և աշխատանքի բերումով համագործակցել բազմաթիվ մարդկանց հետ՝ ուզում եմ իմ երախտագիտության ու շնորհակալության խոսքը հղել.
Համագործակցության համար շնորհակալ եմ բոլոր լրագրողներին, բացի մեկից…
Շնորհակալ եմ իմ բոլոր գործընկերներին, բացի մեկից…
Շնորհակալ եմ նախարարության բոլոր աշխատակիցներին, բացի մեկից…
Շնորհակալ եմ բոլոր տարիների մամուլի քարտուղարներին, բացի մեկից…
Շնորհակալ եմ բոլոր տարիների փոխնախարարներին, բացի մեկից…
Շնորհակալ եմ բոլոր տարիների նախարարներին, բացի մեկից…
Շնորհակալ եմ իմ վարչության բոլոր աշխատակիցներին, առանց բացառության:
Տեղեկացնեմ, որ շարունակելու եմ իմ գործունեությունը ոլորտում` կրթության, գիտության, մշակույթի, բացի սպորտից…
Պարզապես այդչափ ունիվերսալ չեմ…»,- գրել է Ա. Բաղդասարյանը: