Խոցելի իրավիճակ. ինչ հետևանքներ կլինեն, եթե «Սանիթեքը» դիմի դատարան. խմբագրական

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արաբական «Սանիթեք» ընկերության եւ Երեւանի քաղաքապետարանի միջեւ լարված հարաբերությունները հասնում են գագաթնակետին: Նախօրեին այս ընկերությունը հայտարարեց, որ անվտանգությունից ելնելով` իր մամուլի ասուլիսը կազմակերպելու է Թբիլիսիում, սակայն երեկ հայտնեց, որ մտափոխվել է եւ գուցե Երեւանում անի: Դրան զուգահեռ գործին խառնվեց արդեն Պետական եկամուտների կոմիտեն՝ հայտարարելով. «ՊԵԿ քննչական վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 205-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով քննվում է «Սանիթեք ինթերնեյշնլ» ՍՊ ընկերության եւ «Սանիթեք» ՍՊԸ հայաստանյան մասնաճյուղի վերաբերյալ նախապատրաստված նյութերով առանձնապես խոշոր չափերով հարկերը չվճարելու դեպքի առթիվ քրեական գործը, որը հարուցվել է դեռեւս 22.02.2019 թ.-ին»:

Ըստ ՊԵԿ-ի` քրեական գործի նախաքննության ընթացքում «Սանիթեք» ՍՊԸ հայաստանյան մասնաճյուղի եւ «Սանիթեք ինթերնեյշնլ» ՍՊ ընկերության կողմից կատարված իրավախախտումներն արձանագրելու, լրացուցիչ գանձման ենթակա հարկային պարտավորությունների վերջնական չափը պարզելու, մասնագիտական ստուգման ակտերով առաջադրելու, ինչպես նաեւ ընկերության ծավալած փաստացի գործունեության համապատասխանությունն օրենքներին եւ այլ իրավական ակտերի պահանջներին պարզելու համար նշանակվել են համալիր հարկային ստուգումներ, որոնք դեռեւս ընթացքի մեջ են: Քրեական գործի նախաքննությունը շարունակվում է»:

Այս հաղորդագրությունը մի շարք հարցեր է առաջացնում: Նախ` ստացվում է, որ անհայտ փաստով քրգործ է հարուցվել, հետո նոր համալիր ստուգումներ են նշանակվել: Թերեւս տրամաբանական կլիներ, որ այդ ստուգումները նշանակվեին մինչեւ գործի հարուցումը: Իհարկե, ենթադրաբար ստուգման արդյունքներով են պարզել, որ խուսափել է հարկային վճարումներից, ու այդ դեպքում հետաքրքիր է՝ ինչ են պարզել, որ ոչ թե վարչական ակտ է գրվել, այլ միանգամից գործ է հարուցվել: Եթե վարչական ակտ է կայացվել, ապա ինչու այդ մասին չի իրազեկվել հրապարակավ, ինչպես քրգործի դեպքում: Ի վերջո, չի բացառվում, որ կայացված ակտերը ընկերությունը կարող է վիճարկել դատարանում եւ գուցե հաղթել: Մի խոսքով, իրավական առումով խոցելի իրավիճակ ունենք:

Իսկ ինչ վերաբերում է «Սանիթեք»-ի գործունեության որակին, ապա նրանցից դժգոհ են բոլորը: Չկա մի երեւանաբնակ մարդ, որն իր օրը չսկսի «Սանիթեք»-ի հիմնադիրների ու աշխատակիցների մանրամասն հիշատակումներով:

Փնթի գարշահոտություը հենց այս ընկերությունն է պարգեւում երեւանցիներին: Բայց նույնիսկ այս դեպքում օտարերկրյա ներդրող այդ ընկերության հետ պետք է աշխատել իրավաբանորեն անխոցելի: Ի վերջո, նրանք կարող են դիմել արբիտրաժային դատարան, իսկ ՊԵԿ-ի հարուցած քրգործն էլ հիմք կդառնա, որ Երեւանի քաղաքապետարանը մեծ գումարներ տանուլ դա դատարանով: Արդյոք սա՞ է մեր ուզածը, թե՞ մաքուր Երեւան ունենալը:




Լրահոս