Տուրընկերություններում ստուգումներ են սկսվել. ինչպե՞ս «կորավ» 47.1 մլն դրամը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանում գործող տուրիստական կազմակերպությունները հայտնվել են ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի տեսադաշտում: «Ժողովուրդ» օրաթերթին ՏՄՊՊՀ-ից հայտնեցին, որ սկսել են ուսումնասիրություններ իրականացնել տուրընկերություններում: Ապա փոխանցեցին, որ արդյունքների մասին առաջիկայում կհրապարակեն: Թե ինչ թերացումներ ու խախտումներ կհայտնաբերի հանձնաժողովը, ցույց կտա ժամանակը:

Բայց «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ հանձնաժողովը սկսել է տուրընկերություններում ուսումնասիրություններ անցկացնել Հուրգադայում մնացած ՀՀ քաղաքացիների մասին դեպքերից հետո: Ի դեպ, քաղաքացիներին նման իրավիճակում գցած «Էյ ընդ Ար տուր» ընկերությունում այս ընթացքում եւս ստուգումներ են իրականացվում:

Ինչպես հայտնի է, Հուրգադայում մնացած ՀՀ քաղաքացիներին Հայաստան վերադարձնելու համար կառավարությունը հատկացրել է ընդհանուր 47.1 մլն դրամ, քանի որ հուլիսի 25-ին Հուրգադա-Երեւան չվերթի չեղարկման պատճառով Հուրգադայում գտնվում էր 119 ՀՀ քաղաքացի: Իսկ վերթը չեղարկվել էր «Էյ ընդ Ար տուր» հայկական տուր օպերատորի կողմից հունական «Orange to Fly» ավիաընկերության նկատմամբ ունեցած ֆինանսական պարտականությունները չկատարելու պատճառով:

Բացի այս, չեղարկվել էր նաեւ հուլիսի 29-ին նախատեսված նույն ընկերության Հուրգադա-Երեւան չվերթը: Եւ ՀՀ դեսպանությունը պայմանավորվածություն էր ձեռք բերել հունական «Spot Air» ընկերության հետ Հուրգադա-Երեւան երկու չվերթ կազմակերպելու համար: Բայց հուլիսի 26-ի թռիչքի իրականացման համար ԵԱՀ ՀՀ դեսպանությունից ավիաընկերությանը պահանջել էր մինչեւ թռիչքի իրականացումը կանխիկ վճարել 47 մլն 198 հազար դրամ:

Մյուս կողմից` նկատենք, որ այս պահի դրությամբ հայտնի չէ`ընկերությունը պետական բյուջե հետ կվերադարձնի նշված գումարը, թե ոչ:
«Ժողովուրդ» օրաթերթը ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակի ղեկավար Վարագ Սիսեռյանից հետաքրքրվեց`ինչ քայլեր է ձեռնարկվում 47.1 մլն դրամը պետական բյուջե փոխհատուցելու ուղղությամբ: Հարցին ի պատասխան` Սիսեռյանն արձագանքեց. «Այդ հարցով մեր գրասենյակը չի զբաղվում: Դրա համար կան իրավապահ մարմիններ»: Մեր հեռախոսազանգերին «Էյ ընդ Ար Տուր» ընկերությունից եւս չպատասխանեցին, հեռախոսահամարներն անջատված են:

Ի դեպ, նշենք, որ ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր (6-րդ) վարչությունում նյութեր են նախապատրաստվում դեպի Հուրգադա տուրեր կազմակերպող «Էյ ընդ Ար Տուր» հայկական տուրօպերատորի գործունեության վերաբերյալ:
Հուսանք`այս խայտառակ պատմությունից հետո անբարեխիղճ տուրընկերությունը կստանա իր արժանի պատիժը:

Սյունէ Համբարձումյան




Լրահոս