Միասնականության սիմվոլը՝ Արցախում. ինչ տվեց հազարավոր հայերի համախմբած միջոցառումը. խմբագրական

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր համահայկական խաղերի պաշտոնական բացման արարողությունն է տեղի ունենալու Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտում. միջոցառում, որ շուրջ 10 հազար հայերի համախմբել է հայության մայրաքաղաքներից մեկում, որըիրմեջ մի քանի խորհուրդ ունի: Նախ` ճանաչողական: Աշխարհի տարբեր երկրներում ապրող հայերը համախմբվում են Արցախում, շփվում միմյանց հետ, սպորտային խաղեր խաղում, զարգացնում ինքնաճանաչման մակարդակը:

Երկրորդ խորհուրդը սոցիալականն է, այն, որ սոցիալապես ոչ այնքան լավ վիճակում գտնվող երկրում նման մասշտաբի միջոցառում է կազմակերպվում, ու արցախցին իրեն կարեւորված է զգում:

Սա հստակ սոցիալական խնդիր է, որը լուծվում է մարզական խաղերով: Համահայկական խաղերը նաեւ ֆինանսական-տնտեսական լրջագույն հարց են լուծում: Արդեն մի քանի օր է` Ստեփանակերտի եւ հարակից բնակավայրերի հյուրանոցներում ու կացավայրերում ազատ տեղեր չկան, ռեստորաններն ու սրճարանները գերհագեցած ռեժիմով աշխատում են:

Անգամ մարդիկ, որոնք իրենց բնակարանները երբեք վարձով չեն տվել, մի քանի օր է` բիզնես են դարձրել բնակարան վարձով տալը: Ու վստահ կարելի է ասել, որ Արցախում անասելի աշխուժություն է այս օրերին:

Թեեւ համահայկական խաղերը քաղաքական նպատակ չեն հետապնդում, բայց, պետք է արձանագրենք, որ ամեն դեպքում, չի կարող քաղաքականություն չլինել այս միջոցառման մեջ, քանի որ հայերի միասնականության օրակարգը կա ու միշտ պետք է լինի ցանկացած իշխանության համար առաջնային քաղաքական գերնպատակ:

Հետեւաբար սպորտային խաղերով քաղաքական հարցեր լուծելը միշտ անհրաժեշտ է, եւ լավ է, որ Համահայկական խաղերի կազմկոմիտեի ապաքաղաքական անդամները լուծում են այդ խնդիրը:

Ի դեպ, Համահայկական խաղերը երբ առաջին անգամ 20 տարի առաջ կայացան` կազմկոմիտեի նախագահ Իշխան Զաքարյանի գլխավորությամբ, հավանաբար, իրենք էլ չէին պատկերացնում, որ այսքան երկարակյաց կլինի այդ նախաձեռնությունը եւ այսքան մասշտաբային:

Արդեն 20 տարի, ՀՀ աղքատիկ պետբյուջեից մի կոպեկ չծախսելով, սպորտային, իսկ իրականում արտաքին քաղաքական, դիվանագիտական լուրջ նշանակություն ունեցող ազգային ու համազգային միջոցառում է կազմակերպվում Հայաստանում եւ հայաբնակ այլ բնակավայրերում:

Թերեւս չկան կամ քիչ կան կազմակերպություններ, որ այսքան երկարակյաց են ու այսքան մասշտաբային:

Այս տարի համահայկական խաղերի ջահը վառվել է Մուսալեռում, որը բերվել է Արցախ, այնուհետեւ կհասնի Երեւան: Այսինքն` պատմական Հայաստանից ջահը եկել է մաքառումով ձեռք բերված Արցախ, որը պետք է պաշտպանի ու պահպանվի համայն հայության մայրաքաղաք Երեւանում: Համաձայնեք` իսկապես մեծ խորհուրդ կա այս ամենում, առավել եւս այսօր, երբ փորձ է արվում պառակտել Արցախ-Հայաստան փոխհարաբերությունները:




Լրահոս