ՀՀ Հանրային խորհուրդը երեկ բավականին կարեւոր եւ վաղուց լուծման կարոտ նախագիծ է պատրաստում: Խոսքն այն մասին է, որ տասը տարուց ավելի շինարարական թույլտվություն ունեցող ընկերությունները, որոնք իրենց շինարարությունները ոչ միայն չեն ավարտել, այլ նույնիսկ չեն էլ սկսել, պետք է պատժվեն: Ծրագիր կա, որ նրանց պետք է զրկել շինթույլտվության իրավունքից, քանի որ տարիների ընթացքում այդ ընկերությունները կամ սեփականատերերը դրսեւորել են անբարեխիղճ վարքագիծ եւ իրենց ստանձնած պարտավորությունները չեն կատարել:
Համաձայնեք, որ այս նախագիծը իրապես սպասված է, քանի որ հավերժ շինհրապարակ հիշեցնող մեր մայրաքաղաքում տարիներ շարունակ կան փորված փոսեր կամ կիսակառույցներ, որոնք կեղտ ու փոշի են արտանետում, ու տարիներ շարունակ այդ պատկերը չի փոխվում: Իհարկե, այդ ընթացքում փոխվել են բազմաթիվ քաղաքապետեր մայրաքաղաք Երեւանում, սակայն եղել են ու այսօր էլ կան արտոնյալ շինարարներ, որոնք նախկին եւ նոր Հայաստաններում շարունակում են նույն աշխատաոճով գործել:
Նրանք պարզապես վերցրել են մայրաքաղաքի ամենալավ հատվածները, շինթույլտվություն են ստացել տարիներ առաջ, ինչ-որ աշխատանքներ սկսել ու կանգնել: Գուցե ֆինանսական խնդիրներ կան, բնական է, որեւէ մեկն ապահովագրված չէ ձախողումներից, բայց դա չի նշանակում, որ որեւէ մեկի անձնական դժբախտության կամ ձախողումների համար պետք է մայրաքաղաքի բնակիչները դժվարություններ կրեն: Օրինակ` Երեւանի խորհրդանիշներից մեկը` նախկին երիտասարդական պալատը` կուկուռուզնիկը, քանդվեց, ու տասը տարուց ավելի այդ տարածքում պարզապես հանք է գործում, մինչդեռ պետք է ավելի գեղեցիկ շենք կառուցվեր:
Եւ այս նախագիծը Երեւանի նոր քաղաքապետ Հայկ Մարությանը պետք է վաղուց ինքն աներ կամ գոնե արագացնի հանրային խորհրդի նախագծի իրագործումը, որպեսզի հնարավոր լինի իրապես ունենալ կառուցվող Երեւան: Բայց փոխարենը, հակառակ այս իրավիճակին, Երեւանի քաղաքապետարանի աշխատակիցները ակնհայտ դժվարություններ են սարքում առավել փոքրամասշտաբ շինարարների համար: Մարդիկ, որոնք տուն կամ խանութ են սարքում, ստիպված են լինում փաստաթղթային քաշքշուկների պատճառով դադարեցնել շինարարությունները, մինչեւ քաղաքապետարանի աշխատակիցները տեղից շարժվեն, ու կոլեգաներն էլ չտուգանեն մարդկանց:
Մինչդեռ Երեւանում որեւէ բան կառուցող մարդը պետք է ոչ թե խնդիրների առաջ կանգնի, այլ հարցերը լուծի օպերատիվ կերպով, արագ ավարտի շինարարությունը եւ օր առաջ ավարտվի փոշու մի օջախի փակումը:
Հուսանք` առաջիկայում տարբերությունների ականատես կլինենք: