Երեւանի Աբովյան-Թումանյան-Նալբանդյան փողոցների եռամիասնության հատվածում՝ բնակելի շենքերի բակում, վերսկսվել են շինարարական աշխատանքներ, որոնք ընդհատվել էին հեղափոխությունից հետո: Այս հատվածում մասնավոր ներդրողը պատրաստվում է բարձրահարկ՝ 14 հարկանի շենք կառուցել, խաղահրապարակ, ֆուտբոլի դաշտ, ճեմուղի եւ, ամենագլխավորը, մանկապարտեզ խիտ բնակեցված շենքերի բնակիչների համար:
Բայց Երեւանի Կենտրոնի բնակիչները արդեն երկու օր է` խուճապահար բողոքում են, դիմում են նաեւ մեր՝ «Ժողովուրդ» օրաթերթի խմբագրություն` խնդրելով «մի բան անել»՝ կասեցնելու համար այդ շինարարությունը: Երբ փորձեցինք հետաքրքրվել, թե ինչու են դժգոհ, մարդիկ սկսեցին պնդել, որ շինարարության համար փորված խորը փոսը վտանգավոր է եւ հարակից շենքերի հիմքերը կարող են թուլանալ, դժգոհեցին, որ փոշի է, շինաղմուկ եւ, ամենակարեւորը, 14 հարկանի շենքը կփակի իրենց լուսավորությունը: Իհարկե, մարդիկ մտավախություններ ունեն, ինչը նորմալ է: Ի վերջո նախկինում Երեւանի քաղաքային իշխանությունները աչքի չեն ընկել քաղաքացու շահը առաջ տանելով, այլ գերադասել են գրպանային շահը:
Բայց այսօր իրավիճակն այլ է: Նախ Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Վիկտոր Մնացականյանը անձամբ երեկ հանդիպեց բնակիչներին, համբերատար լսեց բոլորի բողոքները, մեղադրանքները, կշտամբանքներն ու երբեմն նաեւ վիրավորանքները «կուլ տվեց»: Համաձայնեք՝ նախկինում թաղապետերը չէին մտնում մարդկանց մեջ, չէին բացատրում իրավիճակը ու տեր չէին կանգնում իրենց կողմից կայացված որոշումներին: Մնացականյանը տեղում բացատրեց, որ արեւի լույսը չի փակվի, բոլոր մասնագիտական եզրակացություններով որեւէ շենքի հիմք չի թուլանա եւ այլն, ու բնակիչները կունենան իրենց մոտիկ մանկապարտեզ:
Սակայն մարդիկ անդրդվելի էին. «Թող մնա մեր բակը էնպես, ինչպես կա, փոշին, կեղտը թող մնա»: Համաձայնեք, քաղաքացիների պահանջն այս դեպքում այնքան էլ օրինաչափ չէ, քանի որ այդքան մանրամասն բացատրելուց ու փաստաթղթային հավաստիացումներից հետո համառում էին, թե չեն ուզում ոչինչ կառուցվի:
Թաղապետն էլ բացատրում էր, որ մայրաքաղաքի արտաքին տեսքի պատասխանատուն իրենք են, հետեւաբար պետք է քայլ անեն՝ փոշոտ, կեղտոտ եւ ոչ հարմարավետ Կենտրոնը բարեկարգելու համար: Կարծում ենք՝ քաղաքացիները իներցիայի ուժով չպետք է բողոքեն ամեն ինչի դեմ: Միշտ չէ, որ պետք է հակադրվել իշխանությունների որոշումներին. դրանք շատ դեպքերում (նոր Հայաստանում) բխում են հենց քաղաքացիների շահերից: