Արսեն Թորոսյանի համար վտանգավոր է միայն հանքում ծխելը, իսկ հանքը շահագործելը… խմբագրական

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը երեկ լրագրողների հետ զրույցում կրկին հայտարարել է. “Ինձ Ամուլսարի հանքի մասով հայտնի չեն ռիսկեր, որոնք կվնասեն մարդկանց առողջությանը”:

Թվում է, թե նախարարի այս խոսքերի թիկունքում կան տասնյակ ուսումնասիրություններ, մասնագիտական բազում եզրակացություններ ու տրցակներով փաստաթղթեր: Բայց ոչ: Նա հանրության, մասնագիտական շրջանակների կողմից մինչ օրս բարձրաձայնվող որեւէ խնդիր լուրջ չի համարում: Լրագրողների հարցին, թե մասնագետներն ահազանգում են, որ Ջերմուկում, օրինակ, ռադիոակտիվության մակարդակի աճ կա, նախարարն անվրդով ժպիտով պատասխանել է, թե ,,անհանգստանալու առիթ չկա:

Չափում չենք արել, քանի որ հանքը չի շահագործվում: Քաջարանում գուցե ավելի խնդիր լինի: Ես այսպահին ես չեմ տեսնում մոտիվ, պատրվակ՝ չափումներ անելու,,: Այսինքն՝ այսքան անհանգստությունները, բարձրաձայնումները մոտիվ չեն նախարարի համար՝ գոնե պաշտոնապես կասկածները փարատելու համար:

Ավելին, մեր երկրի ժողովրդի առողջության թիվ մեկ երաշխավորը հայտարարում է, թե “Երեւանի շինհրապարակի փոշին ավելի վտանգավոր է, քան էդ հանքի հնարավոր փոշին, քանի որ բնակավայրից շատ հեռու է”:

Ու այստեղ հարց է առաջանում, ի՞նչ է արել նախարար Թորոսյանը՝ երեւանցիների առողջությունը պաշտպանելու համար: Թե՞ թեման “թոփ չէ” հետեւաբար նաեւ մտածելու բան չկա: Փոշի է, կուլ կտանք, կանցնի: Ինչպես եղավ  “Վեգայի” հրդեհի ժամանակ, որ նախարարությունը ձկան նման լռեց ու բնակիչներին չասաց՝ ինչպես պաշտպանվեն, եթե այրվում էր այդքան ծավալով ռադիոտեխնիկա:
Մյուս ցնցող միտքը նախարարի տված պատասխանն էր ԱԺ բնապահպանական հարցերով հանձնաժողովի նախագահի խոսքերին:

Հիշեցնենք, որ Վարազդատ Կարապետյանն ասել էր՝ “Որպես իշխանության ներկայացուցիչ, ինչ պատասխան ենք տալու մենք 30 տարի հետո, եթե Ջերմուկում առանց թեւի երեխա ծնվի”: “Դա շատ անպատասխանատու հայտարարություն է”,- առանց երկմտելու նետել է նախարարը:

Հետաքրքիր է՝ ինչ վստահություն ունի նա, եթե մինչ օրս որեւէ չափում չի արել, մասնագիտական եզրակացություն չունի: Ինչպես կարող է 30 տարի հետոյի մասին այդքան վստահ պնդում անել: Հիմա ո՞ր հայտարարությունն է ավելի անպատասխանատու:

Այսպիսով, պետք է փաստենք, որ նախարարն անհանգստանում է ՀՀ քաղաքացիների առողջությամբ միայն այն ժամանակ, երբ խոսք ծխելու մասին է, քանի որ այդ դեպքում առողջապահության համաշխարհային կազմակերպության դրամաշնորհների հեռանկար կա: Մնացած դեպքերում վտանգ չկա: Եւ եթե պատկերավոր ասենք, ապա ստացվում է, որ մեր երկրում հանք շահագործելն անվտանգ է մարդու առողջության համար, իսկ հանքում ծխելը մահացու վտանգներով է հղի:




Լրահոս