Թիմ պահելը բարդ գործ է. ի՞նչ արեց Զարուհի Փոստանջյանը. խմբագրական

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երբեմնի ամենահեղինակավոր պատգամավորներից մեկի՝ Զարուհի Փոստանջյանի կողմից հիմնադրված «Երկիր ծիրանի» կուսակցությունը, ինչպես երեւում է, վերջնականապես պառակտվել է: Բոլոր այն դեմքերը, որոնք քիչ թե շատ ակտիվություն էին ցուցաբերում, կամաց-կամաց լքեցին կուսակցությունը, եւ քաղաքական այդ միավորը աստիճանաբար դուրս է գալիս քաղաքական արենայից:

Զարուհի Փոստանջյանն էլ, կարծես թե, վերադառնում է նախկին մասնագիտությանը՝ փաստաբանությամբ է զբաղվում: Ու կարելի է ասել, որ «Երկիր Ծիրանի» կուսակցությունն առաջիկայում կա՛մ կվերածվի այնպիսի կուսակցության, ինչպիսիք կան մեր երկրում տարիներ շարունակ՝ մարդ կուսակցություններ, որոնք ունեն միայն նախագահ, լավագույն դեպքում նաեւ եւս մեկ ներկայացուցիչ, կա՛մ ուղղակի կլուծարվի:

Իսկ ինչո՞ւ այսպես ստացվեց. բանն այն է, որ ոչ բոլոր մարդկանց է տրված թիմ ստեղծելու, պահելու, առավել եւս հզորացնելու շնորհ: Դա այնպիսի կարողություն է, որ միայն քաղաքական գործիչ, լավ մասնագետ կամ բարեխիղճ մարդ լինելը բավարար չէ: Թիմ ունենալու համար պետք է անվիճելի լիդեր լինել՝ դրան գումարած` բազում անձնական ու քաղաքական այլ որակներով օժտված:

Իսկ ի՞նչ արեց Զարուհի Փոստանջյանը: Նա, ունենալով բավականին մեծ քաղաքական կապիտալ, հեղինակություն, փորձեց դրանք օգտագործել սեփական թիմն ունենալու համար: Նույնիսկ հովանավոր էր գտել Մոսկվայում՝ ի դեմս խոշոր գործարար Ռուբեն Գրիգորյանի:

Այսինքն՝ թվում էր, որ ամեն ինչ պետք է գնար դեպի զարգացում, սակայն առաջին պառակտումը եղավ Երեւանի ավագանու ընտրություններից հետո, երբ «Երկիր Ծիրանի»-ի 3 ներկայացուցիչներ դավաճանեցին կուսակցությանը եւ անցան Երեւանի նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանի կողմը: Ի դեպ, այս կուսակցությունը հենց Մարգարյանի կյանքը դժոխք դարձնելու նպատակ էր հռչակել:

Այսինքն՝ գաղափարախոսություն, որպես այդպիսին, չկար, կուսակցության համար գոյություն չուներ այնպես, ինչպես Հայաստանի քաղաքական ներկապնակում գտնվող շատ կուսակցությունների դեպքում:

Նրանք միայն հռչակում են քաղաքական նպատակներ` լավագույն դեպքում իշխանական կամ ընդդիմադիր, եւ պայքարի թիրախներ, իսկ թե որն է նրանց համար անփոխարինելի գաղափարախոսությունը, պարզապես չկա: Այս պայմաններում ակնկալել, որ ներհայաստանյան որեւէ կուսակցություն կարող է երկար կյանք ունենալ, դժվար կլինի: Ու հենց այս հանգամանքով է պայմանավորված այն իրողությունը, որ շատ կուսակցություններ թիթեռի կյանք են ունենում ու կորցնում ազդեցությունը:




Լրահոս