ԱԺ-ն օրակարգ չընդգրկեց երկրորդային շուկայում եկամտահարկով հիփոթեքային ծրագրից օգտվելու նախագիծը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ Ազգային ժողովում մեկնարկել է հերթական քառօրյա նիստը: Սեպտեմբերի 9-ին մեկնարկող նիստերի օրակարգում ընդգրկված են մի շարք օրենքների նախագծեր:

«Հիփոթեքային գործող մեխանիզմով, երբ քաղաքացին կառուցապատողից բնակարան է գնում, վճարած եկամտահարկի տոկոսները փոխհատուցվում են: Այս օրենքն ընդունվել է, որ Հայաստանում բնակարանաշինությունը սկսի զարգանալ, բայց փորձը ցույց է տվել, որ մենք բնակարանաշինություն ունենք միայն Երևանում, և այս մեխանիզմից օգտվում են միայն մայրաքաղաքում: Եվ մարզերում ապրող մարդիկ, որոշ դեպքերում ունենալով բարձր աշխատավարձեր, չեն կարողանում այդ մեխանիզմներից օգտվել իրենց քաղաքներում և ստիպված Երևանում են բնակարան գնում, ինչը տանում է կենտրոնացման: Հիմա, քանի որ որևէ բան չի արվում, որ մարզերում բնակարանաշինությանը զարկ տրվի, մենք առաջարկում ենք, որ այս մեխանիզմը սկսի գործել նաև մարզերի բնակիչների համար և գործի նաև երկրորդային շուկայից բնակարան գնելու պարագայում»,-ասաց պատգամավոր Էդմոն Մարուքյանը:

Նրա խոսքով՝ նախագիծը ներկայացրել է նաև այն հիմնավորմամբ, որ այն վերացնում է խտրականությունը: «Մարզերում ապրող մարդիկ մեղավոր չեն, որ ապրում են մարզերում, և այնտեղ չկա բնակարանաշինություն: Ըստ էության, պետության կողմից դրված մեխանիզմը նրանց հասանելի չէ»,-նշեց Մարուքյանն ու կոչ արեց՝ թույլ տալ նախագիծը մտնի լիագումար նիստերի օրակարգ ու այն քննարկել, ունենալ գոնե բազմաթիվ կարծիքների քննարկման հնարավորություն:

Քվեարկությամբ նախագիծը ստացավ 36 կողմ, 74 դեմ, 1 ձեռնպահ ձայներ՝ չընդգրկվելով 7-րդ գումարման ԱԺ-ի 3-րդ նստաշրջանի նիստերի օրակարգ:




Լրահոս