Երեկ օրը շատ բուռն էր Հայաստանի ներքաղաքական կյանքի համար: Կիրակի օրը տեղական ինքնակառավարման մարմնի ընտրություններ էին տեղի ունեցել Արցախում, եւ քաղաքական առումով դրանք ուղղակի ազդեցություն ունեցան մեր երկրում: Ինչո՞ւ. որովհետեւ Արցախի ընտրություններից ու ժողովրդավարական ճանապարհով գնալու անշեղ ձգտումներից օրինակ վերցնելու ամենօրյա կարիք ունենք Հայաստանում: Ի դեպ, առաջին ընտրությունը չէ, որ Արցախում անցնում է մրցակցային, ազատ, անկախ ու թափանցիկ միջավայրում: Ու անգամ ձվի մեջ մազ ման եկող Դանիել Իոաննիսյանը չի կարողացել լուրջ խախտումներ արձանագրել Արցախի ՏԻՄ ընտրություններում: Սա նշանակում է, որ քաղաքական օրինակելի մշակույթ ձեւավորված է: Իսկ քաղաքական մշակույթի գոյությունը կարեւոր նախապայման է երկրի հասարակության զարգացման գործում:
Քաղաքական մի նոր մշակույթի հիմք էլ երեկ դրեց Նիկոլ Փաշինյանը քաղաքացիների հետ ուղիղ զրույցով: Նա խնդրեց ջերմուկցիներին բացել Ամուլսարի ճանապարհը՝ թույլ տալով հանքի շահագործման նախապատրաստական աշխատանքներ կատարել: Իհարկե, գուցե նրա ուղերձը շատ քաղաքացիների սրտով չէր, բայց այստեղ խնդիրը ոչ թե բովանդակությունն է, թե ինչ էր ասում, այլ ձեւը՝ուղիղ հաղորդակցությունը՝ որպես քաղաքական մշակույթ: Համաձայնեք, կարեւոր է, օրինակելի եւ, կարելի է ասել, սպասված: Մենք սովոր էինք քաղաքական ղեկավարության որոշումների մասին տեղեկանալ կա՛մ պաշտոնական լրահոսից, կա՛մ լավագույն դեպքում լավ մոնտաժված տեսանյութերի միջոցով: Բայց ուղիղ կապով՝ երբեք:
Փոխարենը քաղաքական հին մշակույթ է գործում դեռ խորհրդարանում: Ընդդիմադիր պատգամավորների նախաձեռնությունները իշխող «Իմ քայլը» խմբակցությունը մերժեց փաթեթով՝ թույլ չտալով անգամ դրանք ընդգրկվեն լիագումար նիստերի օրակարգ: Մինչդեռ կարելի էր այս իմաստով եւս նոր մշակույթ հիմնադրել եւ հնարավորություն տալ ընդդիմադիրներին՝ քննարկումներ ծավալել: Ի վերջո, քննարկումների ժամանակ ծնվում են նոր հետաքրքիր մտքեր, եւ չի կարող քննարկման դրված որեւէ հարց համարել անդառնալի սխալ կամ զիջում մեծամասնության դիրքերից: Բայց ԱԺ-ում դեռ այդ գիտակցումը չկա, ինչը ցավալի է, քանի որ հին բարքերի կրկնությունը ոչ մի լավ տեղ չի տանի: Նույնիսկ Սերժ Սարգսյանի փեսան է արդեն արձանագրում, որ հեղափոխությունից հետո ոչինչ չի փոխվել, բացի դեմքերից: Արժե՞ր նման առիթ տալ: