Այսօր Երեւանի ռուսական արվեստի թանգարանում նշվում է Մոսկվայի 872-ամյակը: Միջոցառման ընթացքում կցուցադրվեն 19-րդ դարի վերջի 20-րդ դարի սկզբի համաշխարհային անուն ունեցող ռուս հեղինակների գործերը: Ցուցադրության ավարտից հետո նախատեսվում է ռուսական թեյախմություն: Թվում էր, որ այս միջոցառումը կամ ընդհանրապես Մոսկվայի 872-ամյակն այլ միջոցառումներով նշելու փաստը նորմալ գործընթաց է, որը պետք է առանց քննարկման ու քննադատության ծավալվի Հայաստանում:
Ինչո՞ւ. որովհետեւ, նախ, ավանդույթի ուժով մենք համարվում ենք եղբայրական երկիր Ռուսաստանի Դաշնության հետ, բացի այդ, եթե որեւէ երկրի մայրաքաղաքի օր է նշվում Հայաստանի մայրաքաղաքում, այդտեղ դատապարտելի ոչինչ չկա: Համագործակցությունը, երկխոսությունը, մշակութային կապերը միայն լավի ու դրականի մասին են վկայում:
Սակայն շատ հասարակական, քաղաքական շրջանակներ հասցրեցին այս առիթն օգտագործել՝ հերթական անգամ քննարկելու ու քննադատելու գործող իշխանությանը: Խոսվեց, որ ստրկամտության դրսեւորում է Մոսկվայի օրը նշելը, գիշերով ինչ-որ մարդիկ գնացել, կռիվ էին անում «Ես սիրում եմ Մոսկվան» հեշթեգով պատրաստված տաղավարի հետ: Ստիպված եղան մարդիկ հեռացնել տաղավարը Մոսկվա կինոթատրոնի դիմացից: Ու, ընդհանրապես, Մոսկվայի օրը նշելու փաստի մասով այնպիսի ագրեսիվության ու անհանդուրժողականության դրսեւորումներ են լինում, որ զարմանալի է, թե ինչու են մեր երկրում այսքան ռուսատյաց դարձել: Կամ արդյոք այդպիսի՞ն են, թե՞ պարզապես փորձում են նման կեցվածք ընդունել՝ դրանով հայրենասիրության պատրանք ստեղծելով:
Լավ կլիներ, որ ստրկամտության դրսեւորումներն այլ տեղ փնտրեին, այլ քայլերի մեջ, բայց Մոսկվայի օրը Հայաստանում նշելը որեւէ կերպ չի ասոցացվում ստրկամտության դրսեւորման հետ: Ի վերջո, նման քայլեր անելով` մեր հայրենակիցները վտանգում են մոտ 3 մլն այն հայերի խաղաղ ու բարեկեցիկ կյանքը, որոնք բնակվում են Ռուսաստանի Դաշնությունում: Ի՞նչ իմաստ ունի թշնամանք հրահրելը հայ-ռուսական հարաբերությունների մեջ, եթե դրա կարիքը, առիթը, անհրաժեշտությունը ուղղակի չկա: Արդյոք սա ուղղորդված գործընթաց չէ՞, որ իրականացվում է Նիկոլ Փաշինյանի իշխանության դեմ՝ փորձելով այդպես առավել սրել Պուտին-Փաշինյան հարաբերությունները: