Ի վերջո, ո՞րն է պատճառը. Մեսսիի չխաղալը` առեղծված

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կատալոնական «Բարսելոնայի» երկրպագուները իսպանական Լա Լիգայի առաջին տուրից սպասում են խաղադաշտում տեսնել իրենց առաջատարին` Լեո Մեսսիին: «Ատլետիկ Բիլբաոյի» դեմ խաղից առաջ պարզ դարձավ, որ արգենտինացին բաց կթողնի հանդիպումը, եւ որպես պատճառ նշվեց մկանային վնասվածքը: Կատալոնական թիմը, ամեն դեպքում, նշեց, որ անհանգստանալու առիթ չկա,. եւ Լեոն արդեն մյուս խաղից կլինի թիմի հայտացուցակում: Լեո Մեսսիի վերադարձը, թվում էր, թե պետք է կայանա սեպտեմբերի 14-ին «Վալենսիայի» դեմ խաղում, սակայն նա չի մասնակցի նաեւ այսօր կայանալիք հանդիպմանը: Մինչ ֆուտբոլային աշխարհը քննարկում էր Մեսսիի խաղալ-չխաղալու հարցը, «այլմոլորակայինը» անձամբ հանդես եկավ պաշտոնական հայտարարությամբ` տխրեցնելով իր երկրպագուներին. «Ամեն ինչ ավելի է բարդացել: Ես հաստատ չեմ մասնակցի «Վալենսիայի» դեմ հանդիպմանը, իսկ «Բորուսիայի» դեմ դեռ պարզ չէ: Չեմ ցանկանում ռիսկի դիմել եւ կվերադառնամ այն ժամանակ, երբ ամբողջովին պատրաստ լինեմ»,-ասել է Լեոն:

Չնայած այն փաստին, որ արգենտինացի ֆուտբոլիստը ինքն իր բերանով խոսել է բացակայության պատճառների մասին, իսպանական պարբերականները ցանկանում են մի «կեղտ» գտնել այս պատմության մեջ:
Այն, որ Մեսսին մի օր մարզվում էր, մի օր` բաց թողնում պարապմունքը, եւ այդպես շարունակ, ապա դա կարող է կապված լինել ոչ թե վնասվածքի, այլ, օրինակ, թիմի ղեկավարության հետ ոչ լավ հարաբերություններ ունենալու հետ: Կա վարկած, որ Լիոնելի եւ «Բարսելոնայի» նախագահ Բարտումեուի հարաբերությունները լարված են, եւ այդ լարվածությունը առաջացել է Մեսսիի` Նեյմարին գնելու պահանջը իրականություն չդարձնելուց հետո:
Ամեն ինչ ավելի թեժացավ այն ժամանակ, երբ հայտնի դարձավ, որ արգենտինացին, որ տրանսֆերային պատուհանի ընթացքում ցանկանա, կարող է լքել կատալոնյան ակումբը:

Մեսսին երբ միացել էր թիմին եւ մարզվում էր ընդհանուր խմբում, պարզ երեւում էր, որ նրա հետ ամեն ինչ կարգին է, եւ ենթադրել անգամ անհնար էր, որ ֆուտբոլիստի մոտ վնասվածքի կրկնություն կլինի: Այդ հրաշալի մարզումից մեկ օր անց հայտնի դարձավ, որ Լեոն կրկին պատրաստ չէ խաղալու, եւ այստեղից սկսվեց «հոլիվուդյան ֆիլմը»:

Ամռան ամենահավանական թվացող տրանսֆերը Նեյմարի «Բարսելոնա» տեղափոխությունն էր, որը ձախողվեց: Բոլորն էլ լավ գիտեին եւ գիտակցում էին, որ այս տրանսֆերին «տենչում է» անձամբ Մեսսին: Կան խոսակցություններ, որ կատալոնական թիմի նախագահը միայն Մեսսիի «աչքերին թոզ փչելու» համար է բանակցություններ վարել ՊՍԺ-ի հետ: Սակայն, ըստ «սցենարի», այս մասին հասկացել է Լեոն եւ այժմ «ատամ» է ցույց տալիս` սպառնալով հեռանալ թիմից:

Իհարկե, քիչ հավանական է Մեսսիին այլ թիմի մարզաշապիկով պատկերացնելը, բայց այն, որ ֆուտբոլիստը «լավ նեղացած» է «Բարսելոնայից» եւ այս պահին պատրաստ է յուրաքանչյուր քայլի, երեւում է պարզ:

Կար նաեւ կարծիք, որ Լեոն այս քայլով ձգտում է աշխատավարձի բարելավման, բայց էլ ինչ աշխատավարձի բարելավում, եթե դու ստանում ես բոլորից բարձր (50մլն եվրո տարեկան). այս մեկին հավատալ, կարծում ենք, հարկավոր չէ:

Լեո Մեսսին այս մրցաշրջանում դեռեւս խաղադաշտ դուրս չի եկել, ինչը շատ վատ ազդեցություն է թողնում «Բարսելոնայի» վրա: «Կապտանռնագույնները» Իսպանիայի առաջնության 3 տուրերից հետո ունեն 4 միավոր եւ զբաղեցնում են 8-րդ հորիզոնականը: Մեսսիի հետ եւ առանց Մեսսիի այս թիմը շատ տարբեր է, ինչն անչափ լավ գիտակցում է նաեւ այս պատմության գլխավոր «հերոսը» եւ այդ ամենը լավ գիտակցելով էլ` փորձում է առավելագույնը քաղել բոլոր իրավիճակներում Խոսե Մարիա Բարտումեուից:
Ինչեւէ, Մեսսիի չխաղալու պաշտոնական պատճառը շարունակում է մնալ վնասվածքը, որը, ըստ բժիշկների, շատ տհաճ է եւ անընդհատ կրկնվող:

Հիշեցնենք նաեւ, որ Լեոյի անունը շատ են կապում Ռոսարիոյի «Նյուելզ Օլդ Բոյսի» հետ, որտեղ Մեսսին կարող է տեղափոխվել անվճար, երբ որ ցանկանա:
«Բարսելոնա» – «Վալենսիա» խաղը կկայանա այսօր` սեպտեմբերի 14-ին, եւ կմեկնարկի Երեւանի ժամանակով 23:00-ին:

Էդմոն Մարտիրոսյան




Լրահոս