Սեպտեմբերի 12-ին` Երեւանում ՀԱՊԿ անդամ պետությունների ռազմատնտեսական համագործակցության միջպետական հանձնաժողովի 17-րդ նիստի (ICWEC) ավարտին, լրագրողների հետ զրույցում Ռուսաստանի Դաշնության փոխվարչապետ Յուրի Բորիսովը հայտարարել էր, թե պետք է հնարավորություն տալ Ադրբեջանին ՀԱՊԿ-ում դիտորդի կամ գործընկերոջ կարգավիճակ ունենալ: «ՀԱՊԿ-ը միշտ կողջունի համագործակցությունը նախկին ԽՍՀՄ բոլոր պետությունների, այդ թվում՝ Ադրբեջանի հետ»,-նշել էր Յուրի Բորիսովը: Երեկ այս հայտարարությանը անդրադարձել է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը` նշելով. «Պետք է արձանագրենք, որ կա ՀԱՊԿ կանոնադրություն, որտեղ հստակ ամրագրված են այն չափանիշները, որոնք պետք են ե՛ւ դիտորդին, ե՛ւ գործընկերոջը:
Մասնավորապես, դիտորդի կարգավիճակին հավակնող պետությունը պետք է ունենա դիվանագիտական հարաբերություններ ՀԱՊԿ բոլոր անդամ-պետությունների հետ: Ավելին, դիտորդի կարգավիճակին հավակնող պետությունը պետք է աջակցի միջազգային վեճերի եւ հակամարտությունների բացառապես խաղաղ կարգավորմանը: Ինչ վերաբերում է գործընկերոջ կարգավիճակին, ինչպես եւ դիտորդի պարագայում, այստեղ նույնպես պետք է ունենալ դիվանագիտական հարաբերություններ ՀԱՊԿ անդամ բոլոր պետությունների հետ, չունենալ հակամարտություններ այլ պետությունների կամ պետության հետ, տարածքային վեճեր հարեւանների հետ…Ուստի առանց Հայաստանի համաձայնության ցանկացած մեկնաբանություն, կարծիք եւ դիրքորոշում կմնա որպես այդպիսին»,-շեշտել է ԱԳՆ մամուլի խոսնակը:
Այսպիսով, թեեւ հստակ է, որ գոյություն ունի ՀԱՊԿ կանոնադրություն, այնուամենայնիվ անհասկանալի է, թե Հայաստանի ռազմավարական գործընկեր ՌԴ-ն ինչու է նման դիրքորոշում հայտնում։ Ի՞նչ քաղաքական ակնարկ է անում այդ երկիրը մեր իշխանություններին։ Ի՞նչ խնդիր է լուծում դրանով, որ մինչեւ հիմա առկախված է պահում հարցը, թե, ի վերջո, ինչ լուծում կստանա Ադրբեջանին ՀԱՊԿ-ում դիտորդի կամ գործընկերոջ կարգավիճակ տալու մասին հարցը։ Հասկանալի է, որ այդ հարցը Հայաստանի անվտանգության համար կարեւորագույն նշանակություն ունի:
Վերջին ժամանակահատվածում ՌԴ-ն մի քանի նման հարցեր թողնում է «օդում կախված» ու որեւէ հստակություն չի մտցնում հարցում՝ դրանով փորձելով ինչ-որ բան հասկացել գործող իշխանություններին: