Ինչու՞ hրաժարական տվեց ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը: Նա իշխանական թիմում համարվում էր Փաշինյանից հետո ամենառեյտինգային պաշտոնյան, ամենաադեկվատներից մեկը, իրավիճակն ու ելքերը ամենասթափ գնահատողներից մեկը, ում ներկայությունը զգաստացնում էր իշխող կուսակցությունում գրեթե բոլորին: Այս թիմում նա ուղիղ կոնտակտ հենց վարչապետ Փաշինյանի հետ էր պահում, ինչի լավագույն հնարավորությունն էր նաեւ կառավարական ամառանոցում վարչապետի հարեւանությամբ բնակվելը: Ու նոր Հայաստանի պաշտոնյաները հենց նրանից էին միայն զգաստանում: Հայաստանի պատմության մեջ աննախադեպ է թերեւս, որ այս տրամաչափի բարձրաստիճան պաշտոնյան այսպիսի շեշտադրումներով լքի պաշտոնը:
Վանեցյանն ասում է. «Պետականաշինությունն իր տրամաբանությունն ունի` որոշումների տարերայնությունը, գործողությունների հախուռնությունը, առաջնայինը երկրորդականից, իսկ անցողիկը մնայունից չտարբերելու գործելաոճն այն ճանապարհը չէ, որը տանում է դեպի նպատակների իրականացում։ Այն ընդհանուր ոչինչ չունի սպայի արժանապատվության հետ. սպայի ուսադիրն ու զարգացումների նման ընթացքն անհամատեղելի են։ Իմ հրաժարականը թող լինի «Կանգ ա՛ռ»-ի սթափեցնող քայլ, մնացած բոլոր տարբերակներում կհաղթանակի հայրենիքի հանդեպ պարտքը»:
Ի՞նչ Է ակնարկում Արթուր Վանեցյանը, ի՞նչ հանձնարարություն պիտի կատարեր, որը «հակասում է սպայի արժանապատվությանը»… Վարչապետ Փաշինյանն ասում է. «Պաշտոնապես՝ չի եղել մի դեպք, երբ նա ասի, որ որեւէ պրոբլեմ ունի սպայի պատվի հետ»: Վանեցյանի հրաժարականի պատճառը Փաշինյանին հայտնի է, փոխադարձ համաձայնությամբ են եկել այս եզրագծին: Վարչապետի հետ զրույցից հետո է, փաստորեն, ԱԱԾ տնօրենը դիմում գրել: Բայց ԱԱԾ-ն այն ոլորտն է, որ, ըստ Նիկոլ Փաշինյանի, հրապարակային քննարկելու շատ բան չկա:
Փոխարենը, ըստ էության, շատ բան է ասում Արթուր Վանեցյանի հրաժարականի հիմնավորումը, ըստ որի` փաստորեն պետականաշինության ճանապարհային վեկտորները չեն խաչվել: Ո՞ւմ կվստահի Փաշինյանը ԱԱԾ գլխավոր այս պոստը: Ըստ ամենայնի, նախ՝ համակարգից ժամանակավոր պաշտոնակատար կընտրի: Հետո միայն, երբ խորհրդարանը հենց այս ոլորտի վերաբերյալ օրինագիծն ամբողջությամբ ընդունի, ԱԱԾ հիմնական ղեկավար կնշանակի՝ համակարգից դուրս որեւէ մեկին: Իսկ այս օրինագծով, ըստ էության, մեղմվում են ԱԱԾ պետի, ոստիկանության ու ՊՆ-ի թեկնածուին առաջադրվող խիստ պահանջները:
ԱԱԾ կամ Ոստիկանության պետ կարող են դառնալ բոլոր այն անձինք, որոնք բավարարում են պատգամավորի թեկնածուին ներկայացված պահանջներին՝ 25 տարին լրացած, վերջին 4 տարում միայն Հայաստանի քաղաքացի հանդիսացող, վերջին 4 տարում Հայաստանում մշտապես բնակվող եւ հայերենին տիրապետող: