Ինչպիսի հաջորդականությամբ Օսիպյանն ու Վանեցյանը հայտնվեցին փշալարերից այն կողմ. խմբագրական

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երկրի ուժային կառույցները գլխավորողների հրաժարականներն արդեն մի քանի օր թոփ թեման են դարձել: Նրանց վստահության նշաձողը Նիկոլ Փաշինյանի մոտ այնքան բարձր էր, որ ընդամենը 2 ամիս առաջ` հուլիսին, վարչապետը ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանին ու ոստիկանության պետին զինվորական բարձրագույն` գեներալ-մայորի կոչումներ շնորհեց:

«Սպայի ուսադիրն ու զարգացումների նման ընթացքը անհամատեղելի են»,- հեռանալուց առաջ Վանեցյանը հայտարարեց, Օսիպյանն էլ ավելացրեց` բացառապես սպայի պատվի ու արժանապատվության ուղենիշով է ծառայել պետությանն ու ժողովրդին:

Ի՞նչն էր ուրեմն այս հրաժարականների պատճառը: Փաշինյանն Օսիպյանին ոստիկանապետ նշանակելիս ասում էր. «Ես մտածեցի, որ հեղափոխությունից առաջ մենք՝ ես ու Վալերի Օսիպյանը, դուք և Վալերի Օսիպյանը գտնվում էինք փշալարերի տարբեր կողմերում: Մտածեցի, որ, այո, որոշումը պետք է սիմվոլիկ նշանակություն ունենա, եւ այդ որոշումից հետո բոլորս մի կողմում պետք է հայտնվենք»։

Հիմա, փաստորեն, Օսիպյանը դարձյալ «փշալարերի» այն կողմում հայտնվեց: Որոշ տեղեկություններով` Անվտանգության խորհրդի վերջին նիստում վարչապետն անդրադարձել է նաեւ Ամուլսարի հանքը գործարկելուն, խոսել է ճանապարհը բացելու անհրաժեշտության մասին, Վալերի Օսիպյանը փորձել է ներկայացնել ուժ կիրառելու վտանգները, վարչապետը, սակայն, զայրացել է եւ հայտարարել, որ եթե նա ի վիճակի չէ, օպերացիան կիրականացնի Ներքին զորքերի ղեկավարը՝ փոխոստիկանապետ Վահե Ղազարյանը։ Ու եկել են այն հանգրվանին, որ Օսիպյանը հրաժարականի դիմում կներկայացնի։

Չեն ցրվում մռայլ լուրերը նաեւ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի հրաժարականի մասին: Նա՞ էլ կհայտնվի «փշալարերից այն կողմ»: Նախարարի ու գեներալիտետի հակասություններին «Ժողովուրդ» օրաթերթն անդրադարձել էր, բայց Տոնոյանն ինքը «սպեկուլյացիա» է որակում այդ լուրերը: Տարին լավ չսկսվեց Ամուլսարի շահագործմանն ընդդիմացող Բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմնի ղեկավարի համար:

Արթուր Գրիգորյանը վարչապետի հրամանով 2019թ. հունվարին ազատվեց պաշտոնից: Փետրվարին հրաժարական տվեց Քաղաքաշինության կոմիտեի ղեկավար Ավետիք Էլոյանը: Հետո աշխատանքից ազատման դիմում գրեց էթիկայի հանձնաժողովի նախագահ Սիրանույշ Սահակյանը:

Մարտին աշխատանքից ազատվեցին արդարադատության փոխնախարարներ Սուրեն Քրմոյանն ու Արթուր Հովհաննիսյանը: Հրաժարականներ տվեցին նաեւ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը, կարճաժամկետ պաշտոնավարած փոխնախարար Տիգրան Խաչիկյանը: Պաշտոնանկությունների շարքն, իհարկե, այստեղ չի ավարտվում: Ու դեռ պարզ չէ, թե էլի ով կհայտնվի «փշալարերից այն կողմ»:




Լրահոս