Իշխող թիմում տրամադրությունները սպասողական են. մինչ մի հատվածում ահ ու դողով սպասում են` կհանձնեն պորտֆելը արդյոք, թե ոչ, մյուս հատվածում վստահ հայտարարում են` կադրային փոփոխություններից իշխանությունն ուժեղացած դուրս կգա: Բաժանությունը բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը նորմալ է համարում:
«Նորմալ իրավիճակ է, երբ գործատուն իր աշխատակցի աշխատանքից գոհ չի լինում,եւ որոշում են բաժանվել»,- կառավարության նիստից դուրս գալով` հայտարարեց նա: Միայն թե տարակուսելի է, որ եթե գործատուն դժգոհ էր, օրինակ, ոստիկանապետ Վալերի Օսիպյանից, այդ դեպքում ինչո՞ւ նրան տարավ եւ դարձրեց իր գլխավոր խորհրդական: Նախարար Արշակյանն, ի դեպ, հույս ունի, որ իր աշխատանքից կաբինետի ղեկավարը գոհ է:
Ասել է թե` հույս ունի, որ իրենից չեն բաժանվի: Շրջանառվող անուններից բացի, թե էլ ում գլխին կճոճվի բաժանության սուրը, ովքեր կլինեն գնացողներն ու եկողները, «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` հստակ կլինի միայն վարչապետ Փաշինյանի` ԱՄՆ մեկնում-վերադարձից հետո:
Հիմա հստակ է մի բան՝ ոչ միայն կաբինետում, նաեւ օրենսդիրում շատերի աշխատանքից կառավարության ղեկավարը գոհ չէ: Մինչեւ ԱԱԾ ու Ոստիկանության հիմնական ղեկավարների ընտրությունը նա երկու ուժայիններում էլ կառավարման ղեկը ժամանակավոր պաշտոնակատարներին հանձնեց` ԱԱԾ-ում` տնօրենի տեղակալ Էդուարդ Մարտիրոսյանին, Ոստիկանությունում` պետի առաջին տեղակալ Արման Սարգսյանին:
Թեեւ Վալերիյ Օսիպյանի հրաժարականից անմիջապես հետո ՔՊ վարչությունում միայն Նավակ ճոճող անունով հայտնի Վիլեն Գաբրիելյանի թեկնածությունն էր քննարկվում ոստիկանապետի պաշտոնում, հիմա, սակայն,«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով, թիմի մեծամասնությունը հրաժարվում է նրան այդ պատասխանատու պոստը հանձնել:
Նրանց նաեւ հասել են Ոստիկանության լուրերը` սպայակազմում դժգոհություն կա, հրաժարականների են պատրաստվելՆավակ ճոճողի թեկնածությունը հաստատվելու դեպքում: Փաշինյանն ինքը արձանագրում է. «Որոշ կոռուպցիոներներ մտածել են, թե ԱԱԾ-ում խառն են, եւ իրենք կարող են այս ընթացքում իրենց մութ գործերը կարգավորել»:
Բայց հիշեցում է անում` Նոր Հայաստանում ԱԱԾ-ն անձ չէ, ԱԱԾ-ն համակարգ է, եւ նա գալու է ներկա ու նախկին բոլոր կոռուպցիոներների, լրտեսների եւ այս կարգի այլ տարրերի ետեւից: Սպասենք: