Ինչո՞ւ չի հաջողվում ճապոնական մեքենաներ ներկրել Հայաստան, և ինչ է զգուշացրել վրացական կողմը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ճապոնական մեքենա ներկրողները հայտնվել են ծայրահեղ ծանր վիճակում: Պատճառը վրացական կողմի «կապրիզներն» են:
«Ժողովուրդ» օրաթերթին են դիմել մի շարք ավտոներկրողներ, որոնց պատմելով` իրենք դեռեւս օգոստոսի սկզբին Ճապոնիայից մեքենա են պատվիրել, դրանք հիմա հասել են Վրաստան, բայց վրացական կողմը հրաժարվում է կոնտեյներները բացել: Եթե բացում է, ապա մեկ-երկու ամիս անց:

Պարզվում է`վրացական կողմը մեր հայրենակիցներին զգուշացրել է, որ կոնտեյներները բացելու են երեք ամիս հետո, եւ տեսնելով, որ մերոնք հրաժարվում են այդքան երկար սպասել, պահանջում են գումար տալ` 300-400 դոլար: «Ստավկաները բարձրանում են: Մարդ կա փողը տալիս է, մարդ էլ կա` ոչ: Երրորդի բախտը բերում է, որովհետեւ իր մեքենան վրացիների մեքենաների հետ նույն կոնտեյներում է ու շուտ են բացում: Վրացիներին գերի ենք մնացել: Բայց ինչքա՞ն կարելի է այսպես շարունակել»,- պատմեց ավտոներկրող Զորիկ Իգիթյանը:

Ի դեպ, տեղեկացնենք, որ առաջիկայում մեքենա ներկրողներն այս խնդիրների շուրջ հավաքվելու են ու բողոքի ակցիա իրականացնեն: Այն մեքենաները, որոնք այսօր «գերի են մնացել» Փոթի նավահանգստի կոնտեյներներում, մինչեւ օգոստոսի 15-ն են պատվիրվել ճապոնական աճուրդների միջոցով: Նրանց խոսքերով` այս պահին Փոթի նավահանգստում մեծ քանակությամբ կուտակված մեքենաներ կան: Ասել է թե`հայերի ներկրած ճապոնական մեքենաները «գերի են մնացել» նավահանգստում` կոնտեյներներում փակված:

«Վրացական կողմն այս պահի դրությամբ կողմնապահություն է անում. վրացիների անունով կոնտեյներները ժամանակին բացում են, իսկ հայերինը` ոչ: Ուշացնում են կամ գումար են պահանջում բացելու համար: Ասեմ Ձեզ, որ Ճապոնիայից ներկրված մեքենաների մեջ սովորաբար հավելյալ ապրանքներ են լինում`անիվներ, ավտոպահեստամասեր եւ այլն: Իրենք բացում են կոնտեյներները ու վերցնում այդ ապրանքները, բայց դրանք շատ հաճախ թանկարժեք են»,- «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում պարզաբանեց Գրիգորի Կիրակոսյանը:

Նրանց պատմելով` նոյեմբերին նախատեսվում է, որ մոտ 15 հազար մեքենա կմտնի Հայաստան, նույնքան էլ կբերեն նաեւ հոկտեմբերին: Մարդիկ էլ կան, որոնք սպասում են, որ ղեկը փոխելուց հետո ներկրեն: Մեքենա ներկրողները նկատում են, թե վրացիներն իսկապես կարող են չհասցնել, բայց այն, որ կողմնապահություն են անում, միանշանակ է. «Վրացիներն ասում են` աննախադեպ հոսք կա, եկեք մեր փոխարեն աշխատեք, ի՞նչ եք ուզում մեզնից»:

Բացի այս, մեքենան Փոթի նավահանգիստ հասնելուց կարճ ժամանակ անց անհրաժեշտ է այն հայտարարագրել: Մեր զրուցակցի խոսքով` դա է պահանջում Վրաստանի օրենքը. «Դա պետք է հայտարարագրել, բայց կոնտեյները չեն բացում ու ասում են` հայտարարագրի: Դու չգիտես` քո մեքենայի մեջ ինչ կա, որ հայտարարագրես: Իսկ եթե չես հայտարարագրում, ապա կարող ես օրական 50 լարիից մինչեւ 1000 լարի տուգանվել, եթե ինքը քո կոնտեյները բացում է երկու ամիս հետո»:

Գրիգորի Կիրակոսյանը մեզ հետ զրույցում բերեց ընկերոջ օրինակը, որի պատվիրած մեքենան Փոթի նավահանգստում է դեռեւս հուլիսի 31-ից: Այսինքն մոտ երկու ամիս է`վրացական կողմը կոնտեյները չի բացում: Մեքենա ներկրողները մոլորված են, չգիտեն ինչպես վարվել Վրաստանում չտուգանվելու համար, ասում են` պատրաստ են դրանք բերել եւ «լցնել» հայկական սահմանին:

Բացի այս, աջ ղեկով մեքենա ներկրողները «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում բարձրաձայնեցին եւս մեկ խնդրի մասին: Բանն այն է, որ այդ մեքենաների ղեկերը պետք է Վրաստանում փոխվեն, այսինքն` հայերը կոնտեյների խնդիրը հաղթահարելուց հետո դեռ պետք է մեքենան տանեն մասնագետի մոտ ու ղեկը փոխեն:

«Եթե մարդը մեքենան նավահանգստում չի ստանում կամ երկու ամիս անց դեկտեմբերի սկզբին բացվում է կոնտեյները ու ստանում է, մի ամիս էլ տեւում է ղեկափոխությունը, որովհետեւ մեծ հերթեր են կուտակվում վրացական ավտոտեխսպասարկման սրահներում: Այսինքն` ստացվում է, որ այդ մեքենան Հայաստան մտնելու է հունվարին, երբ մաքսատուրքը այսօրվա արժեքներով չի լինի»,- վրդովված նկատեց մեկ այլ ներկրող`«Ղեկը աջ» նախաձեռնության անդամ Զորիկ Իգիթյանը:

Մեր զրուցակիցը նշեց նաեւ, որ Վրաստանի իշխանությունները նախորդ տարի օրենքով արգելեցին ղեկի տեղափոխություն երկրի տարածքում: Այս որոշումից օրեր անց մեր իշխանություններն արգելեցին աջ ղեկով մեքենաների ներկրումը Հայաստան: Եւ անմիջապես հետո վրացական իշխանությունները տարօրինակ կերպով որոշեցին իրենց մոտ թույլատրել ղեկի տեղափոխություն, բայց օտարերկկրացիների համար:

«Այսինքն` հասկացան, որ կարող են գումար աշխատել: Իսկ մերոնք`հակառակը: Մենք Հայաստանում ունենք շատ լավ մասնագետներ, որոնք կարող են ղեկը աջից տեղափոխել ձախ ու ավելի լավ, քան Վրաստանում է արվում: Մերոնք կարող են դա սահմանին անել ու գումար աշխատել: Ամեն մի մեքենայի վրա աշխատում է 5 մարդ եւ պատկերացրեք, որ հինգ ընտանիք գումար կաշխատի: Ամեն ինչից զրկել են մեզ ու անընդհատ Վրաստան-Վրաստան ենք ասում, բայց Վրաստանն էլ օգտվում է առիթից»,- նկատեց Գրիգորի Կիրակոսյանը:

Սա դեռ ամենը չէ. պարզվում է` Վրաստանում ղեկը փոխելու ծառայության գներն են կտրուկ բարձրացել: Սովորաբար ղեկը փոխելու գործընթացը տեւում է 5 օր, բայց իրենք ամիսուկես ձգձգում են, որովհետեւ միաժամանակ հինգ-վեց մեքենայի ղեկ են փոխում: Կիսատ, թափթփված են գործն անում: Առիթից օգտվելով` գներն էլ են բարձրացրել, հիմա գիտեն, որ հայերը այլընտրանք չունեն մինչեւ նոր տարի, ծառայության արժեքը 400 դոլարից դարձրել են 800 դոլար:

Աջ ղեկով մեքենա ներկրողները «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում հայտարարեցին, որ իրենք գոհ են կառավարությունից, քանի որ իրենց բարձրաձայնած խնդիրը նախորդ տարի լուծվել է: Բայց հիմա պահանջում են, որ կառավարությունն ականջալուր լինի իրենց այսօրվա պահանջին:

Սյունէ Համբարձումյան




Լրահոս