Դուք շատ շուտով կտեսնեք գործի կարճումը. Ալիկ Սարգսյանը` իրեն առաջադրված մեղադրանքի մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Քիչ առաջ ՀՀ հատուկ քննչական ծառայությունից տեղեկացրին, որ 2008 թվականի մարտի 1-ի գործով նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով, 314-րդ հոդվածի 1-ին և 334-րդ հոդվածի 1-ին մասերով:

ArmLur.am-ին հաջողվեց կապ հաստատել նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանի հետ`հասկանալու համար`ինչպիսի դիրքորոշում ունի ՀՔԾ առաջադրած մեղադրանքի հետ:

-Անհամեստություն չհամարեք, ոչ էլ գռեհկություն`լուրջ չեմ վերաբերվում,- ասաց Ալիկ Սարգսյանը, ապա շարունակեց.

-Կյանքը շարունակվում է, հեռու սարերի հետևում չէ: Դուք շատ շուտով կտեսնեք դրա կարճումը: Ես չգիտեմ`ինչի մասին է խոսքը: Ես մեղադրանքը չեմ ընդունել և չեմ էլ ընդունելու: Առայժմ պաշտպան չեմ վերցրել, դրա կարիքն էլ չկա: Հետո եթե զգամ ոտնձգություններ են լինում, պաշտպան էլ կներգրավվեմ, բնականաբար:

Ինչ վերաբերում է այդ ժամանակ ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ, ապա ՀՀ նախագահի օգնական Գևորգ Կոստանյանին առաջադրված մեղադրանքին, Ալիկ Սարգսյանը նախ զարմանք հայտնեց, ապա կտրուկ խոսեց.

-Պարոն Կոստանյանի`այդ տարիների գործունեության մասին որևիցե բան չեմ հիշում: Ես չեմ կարող մի բան ասել, եթե ոչ ներկա եմ եղել, ոչ լսել, ոչ տեսել եմ: Ասում են`Կոստանյանը եղել է նախարարությունում, ինչ-որ ցուցումներ է տվել աշխատակիցներին: Ես որևիցե բան չեմ հիշում այդ մասին: Հնարավոր է`եկել է նախարարություն, հնարավոր է`ինչ-որ ժողով է եղել… այդ ժամանակ դաստեքով թղթեր էին ուզում մեզնից, եվրոպական կառույցներից, մարդու իրավունքների հետ կապված կառույցներից, փաստագրող խմբից, Ազգային ժողովի հանձնաժողովից: Ամբողջ օրը էդ թղթաբանությունն էր… Հնարավոր է`Կոստանյանը եկել, ասել է`ինչ են ուզում, ոնց են ուզում`ձևակերպեք, հիմքերը հանեք, ուղարկեք… Կոստանյանն էլ կգա կպնդի… Բայց դա ի՞նչ կապ ունի գործի հետ:

Մինչդեռ, ըստ առաջադրված մեղադրանքի` ՀՀ ոստիկանության պետ Ալիկ Սարգսյանը և ՀՀ ոստիկանության մի խումբ բարձրաստիճան պաշտոնատար անձինք ձեռնամուխ են եղել Գևորգ Կոստանյանի և Գևորգ Մհերյանի կողմից տրված ցուցումներն ու հանձնարարությունները կատարելուն:

Ըստ այդմ՝՝ մարտի 1-ին իրադարձություններից հետո ՄԻԵԴ-ում ՀՀ կառավարության լիազոր ներկայացուցիչ, համատեղությամբ նաև 2006 թվականի մարտի 14-ից ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ, իսկ 2008 թվականի հուլիսի 2-ից՝ ՀՀ նախագահի օգնական Գևորգ Կոստանյանը և ՀՀ նախագահի օգնական, իսկ 2008 թվականի հուլիսի 2-ից՝ ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Գևորգ Մհերյանը ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կողմից այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ կատարված առանձնապես ծանր հանցագործության՝ սահմանադրական կարգի տապալման գործիքներն ու միջոցները, ինչպես նաև հանցագործության հետքերը, այն է՝ 2008 թվականի մարտի 1-ին և 2-ին Երևան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների ժամանակ ՀՀ ոստիկանության կողմից իրականացված անօրինական գործողությունները և ՀՀ զինված ուժերի հակասահմանադրական օգտագործման, այդ թվում՝ զինված ուժերի ծառայողների կողմից հրազենի ապօրինի գործադրման իրական հանգամանքները թաքցնելու և մարդու իրավունքների եվրոպական դատարանում ու միջազգային այլ կառույցներում տեղի ունեցածն իրավաչափ քողի ներքո ներկայացնելու խմբային շահերից ելնելով, ինչպես անձամբ, այնպես էլ այլ անձանց հետ հանցակցությամբ, չարաշահել են իրենց պաշտոնեական լիազորությունները, ՀՀ ոստիկանության մի խումբ բարձրաստիճան պաշտոնատար անձանց, այդ թվում՝ 2008 թվականի մայիսի 29-ից ՀՀ ոստիկանության պետ Ալիկ Սարգսյանի և սույն քրեական գործով նշված ժամանակահատվածում վարույթն իրականացնող մարմնի միջոցով կազմակերպել են նշված՝ առանձնապես ծանր հանցագործությունը նախապես չխոստացված պարտակելը՝ իրենց հանձնարարություններով ու ցուցումներով պաշտոնատար անձանց դրդելով պաշտոնեական լիազորությունները չարաշահելուն, պաշտոնեական կեղծիքների կատարման և ապացույցները կեղծելուն:

Իրենց հանցավոր մտադրությունն իրականացնելու նպատակով Գևորգ Կոստանյանը և Գևորգ Մհերյանը 2008 թվականի մայիսի 29-ից հուլիսի 2-ն ընկած ժամանակահատվածում այցելել են ՀՀ ոստիկանության վարչական շենք, որտեղ վերջիններիս հանձնարարությամբ ՀՀ ոստիկանության պետ Ալիկ Սարգսյանը իր աշխատասենյակին կից խորհրդակցությունների սենյակում հրավիրել է խորհրդակցություն:

Խորհրդակցությանը ներկա են գտնվել ՀՀ ոստիկանության բոլոր ծառայությունների պետերը, ովքեր առնչություն են ունեցել մարտի 1-ին և 2-ին Երևան քաղաքում իրականացված արտաքին ծառայությանը: Խորհրդակցության ընթացքում Գևորգ Կոստանյանն ու Գևորգ Մհերյանը մասնակիցներին են ներկայացրել «Աշխատանքային պլան, պարզաբանման ենթակա հարցեր» վերնագրմամբ, 25 կետից բաղկացած հարցաշար, որում տեղ գտած հարցերը վերաբերել են մարտի 1-ին և 2-ին Երևան քաղաքում տեղի ունեցած իրադարձություններին ոստիկանության բոլոր ծառայությունների կողմից իրականացրած գործողություններին:

Գևորգ Կոստանյանն ու Գևորգ Մհերյանը, խորհրդակցության մասնակիցներին ներկայացնելով հիշյալ հարցաշարը, պահանջել են հետին ամսաթվերով կազմել և պաշտոնական շրջանառության մեջ դնել մարտի 1-ին և 2-ին ոստիկանության կողմից կատարված գործողությունների իրավաչափությունը հիմնավորող փաստաթղթեր:

Տաթև Հարությունյան




Լրահոս