Ճաքեր՝ հայ-ռուսական հարաբերություններում. ինչ սպասել Պուտինի այցից. խմբագրական

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Առաջիկայում` հոկտեմբերի սկզբին, Երեւանում կայանալիք ԵԱՏՄ Բարձրագույն խորհրդի նիստից առաջ` օգոստոսի սկզբին, Եվրասիական տնտեսական միության բարձրագույն ներկայացուցիչները հանդիպեցին Ղրղզստանում: «Ժողովուրդ» օրաթերթն արդեն տեղեկացրել է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը կմասնակցի երեւանյան գալիք նիստին:

Մինչ այդ հիշենք, թե ինչպես էր վարչապետ Փաշինյանը Ղրղզստանում կայացած հանդիպմանը հնարավոր բոլոր տարբերակներով փորձում ռուսական կողմի հետ համաձայնության հասնել, որպեսզի Խորհրդի երեւանյան նիստին ռուսական կողմից հենց Պուտինը մասնակցի: Նիկոլ Փաշինյանը ելույթում ընդգծեց էլ, որ հոկտեմբերին Երեւան կժամանեն նաեւ Սինգապուրի եւ Իրանի ղեկավարները` թերեւս համաժողովականներին ակնարկելով, որ ԵԱՏՄ տնտեսական հետաքրքրությունից ելնելով է մեր երկիր հրավիրել այդ երկու երկրների ղեկավարներին:

«Ժողովուրդ» օրաթերթն արդեն տեղեկացրել է, որ ՌԴ նախագահը Երեւան կժամանի հոկտեմբերի 1-ին` ժամը 13:00-ին, եւ 16:00-ին էլ կվերադառնա: ԵԱՏՄ երեւանյան նիստի նախապտրաստական ծանր գործից հետո օրակարգը, մեր տեղեկություններով, գլխիվայր փոխվել է: Նիստի մեկնարկը նախատեսված է եղել վաղ առավոտյան, բայց նախագահ Պուտինի` ժամը 13:00-ին գալու հետ կապված ծրագիրը փոփոխվել է:

Հայ-ռուսական հարաբերություններում առերեւույթ ամեն ինչ լավ է, երկու երկրների իսթեբլիշմենթն էլ դա են հաստատում. ռազմավարական գործընկերներ ենք` երկկողմ ռազմատեխնիկակական համագործակցությունով, Սիրիա ենք ուղարկում հայ սակրավորներին ու բժիշկներին…

Իրականում, սակայն, հայ-ռուսական հարաբերություններում այսօր, ըստ էության, ճաքերն ակնհայտ են: Դրանց վկայությունն են, օրինակ, հակառուս պաշտոնյաների նշանակումները , նաեւ ԵԽԽՎ ամառային նստաշրջանում ՌԴ-ի Վեհաժողով վերադարձին հայկական պատվիրակության ղեկավարի` դեմ քվերակությունը: Ու, ի դեպ, թեպետ պարզաբանվեց, թե պատվիրակության ղեկավարը սխալմամբ է բացասական քվեարկության կոճակը սեղմել, բայց, միեւնույնն է, սխալը շտկել չստացվեց:

Եւ ամենաէականը` «ժողովուրդ» օրաթերթը տեղեկացրել է, որ առաջիկայում Երեւանում ռուսական կողմի հետ երկու երկրների ղեկավարները կքննարկեն նաեւ գազի գնի բարձրացման հարցը: Մենք հրապարակել ենք, որ նախնական 30 տոկոսի փոխարեն այժմ բանակցությունների սեղանին ավելի բարձր գին է լինելու:




Լրահոս