«Չփորձեք դատավորին մոտենալ մի մետրից ավելի». ԲԴԽ նախագահ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանը, անդրադառնալով այն հարցին, թե ինչպես է տեսնում դատավորների նկատմամբ ճնշումների հանգուցալուծումը, հայտնեց. «Վստահ եմ , որ միակ հանգուցալուծումը դա է: Իշխանությունն է՛լ, ընդդիմադիր ուժերի ղեկավարներն է՛լ պետք է ասեն, որ` հարգելի՛ ժողովուրդ, չփորձեք դատավորին մոտենալ` անկախ այն բանից` դատավորի կայացրած ակտը ձեր դուրն եկել է, թե ոչ, չփորձեք մոտենալ մի մետրից ավելի..»:

Ինչպես հայտի է, 2019 թվականի սեպտեմբերի 27-ին Երեւան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Աննա Դանիբեկյանը ՀՀ ոստիկանություն հաղորդում է տվել, որ ժամը 20:30-ի սահմաններում Երեւան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրից Լազոյի փողոց քայլելու ընթացքում իրեն են մոտեցել երկու երիտասարդ, ովքեր սկսել են տեսանկարահանել իրեն` հայտարարելով, որ ուղիղ եթերում են, իսկ նրանցից մեկը, ով ներկայացել է բլոգեր Նարեկ Մութաֆյան, սկսել է հարցեր տալ Ա. Դանիբեկյանի նախագահությամբ Երեւան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում Ռոբերտ Քոչարյանի եւ մյուսների վերաբերյալ քննվող քրեական գործից եւ նրա նկատմամբ հնչեցրել է վիրավորական արտահայտություններ: Նշենք, որ երկու երիտասարդները կալանավորվել են, իսկ, ահա, երեկ ArmLur.am-ը հայտնել էր, որ ՀՀ դատական դեպարտամենտի դիմումով ոստիկանությունը դատավոր Դանիբեկյանի անվտանգությունը ապահովելու համար ոստիկանության աշխատակիցներ է տրամադրել:

-Պարո՛ն Վարդազարյան, դատավոր Աննա Դանիբեկյանին հետապնդողները կալանավորվել են, դատավորի անվտանգությունը ապահովվում է: Ըստ Ձեզ` սա հարցի լուծո՞ւմ է:

-Դա ընդամենը Աննա Դանիբեկյանին առնչվող իրավիճակի լուծումն է, բայց, ընդհանուր առմամբ, իրավիճակի, խնդրի լուծում չէ: Բացատրեմ` ինչու, ինչով է տարբերվում Աննա Դանիբեկյանի դեպքը մյուս դեպքերից: Ֆիզիկակական միջամտություն, այդ երկու անձը այնքան են մոտեցել դատավորին, որ արդեն կարելի է խոսել դատավորի վրա ճնշման եւ դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունքի մասին կոնկրետ այս գործով:

-Բոլորը ԲԴԽ-ին հարց էին ուղղում` ինչու ԲԴԽ-ի կողմից արձագանք չեղավ ՀՀ վերաքննիչ դատարանի դատավոր Ալեսքանդր Ազարյանի, դատավոր Դավիթ Գրիգորյանի մասով: Ինչո՞ւ նրանց հարցում ԲԴԽ-ն ոչ օբյեկտիվ գտնվեց:

-Բացատրեմ. Եվրոպական դատարանը ունի բազմաթիվ նախադեպեր հետեւյալի մասին, որ որոշակի պաշտոնատար անձինք կան, որոնք պետք է հանդուժող լինեն, որ իրենց մասին մամուլում ոչ իրենց ականջի համար հաճելի նյութ է տպագրվում: Դա վերաբերում է բացառապես սոցիալական ցանցերում, մամուլում տեղ գտած նյութերին, դրա վերաբերյալ դատավորը պետք է հանդուրժող լինի եւ որոշում կայացնելիս էլ կանխատեսի, որ իր որոշումը դուր չի գա X քանակությամբ մարդկանց, մեկ այլ որոշումն էլ այլ խմբի մարդկանց կարող է դուր չգալ:

Սա իմ հստակ մոտեցումն է: Այն, ինչ գրվում է, տպվում է, պետք է դրա նկատմամբ ավելի հանդուրժող լինել, իսկ ինչ վերաբերում է ֆիզիկական միջամտությանը, այնքան մոտենան դատավորին, որ նա վախենա, ճնշվի, ահաբեկվի: Աննա Դանիբեկյանի դեպքը հենց դրանով է տարբերվում մյուս դեպքերից: Օրինակ, Եթե ես լինեի այդ իրավասու անձը, որ կարողանայի արձագանքել, ապա կարձագանքեի ՍԴ դատավոր Ալվինա Գյուլումյանի միջադեպին, որը եղել է ՍԴ շենքի մոտ` բազմաթիվ ոստիկանների առաջ, ինձ համար զարմանալի է` ինչու ոստիկանությունը եւ ՍԴ-ն չարձագանքեցին:

-Իրավիճակի հանգուցալուծումը ինչպե՞ս եք տեսնում: Դատարանը հօգուտ ընդդիմության որոշում է կայացնում` իշխանությունն է կոնկրետ քայլերի գնում, իսկ եթե որոշում է կայացնում հօգուտ իշխանության, ընդդիմություն է գործի ացնում:

-Վստահ եմ, որ միակ հանգուցալուծումը դա է: Ե՛վ իշխանությունը, ե՛ւ ընդդիմադիր ուժերի ղեկավարները համապատասխան հայտարարությամբ պետք է հանդես գան, ու ասեն, որ` հարգելի՛ ժողովուրդ, չփորձեք դատավորին մոտենալ` անկախ նրանից` դատավորի կայացրած ակտը Ձեր դուրն եկել է, թե չէ, չփորձեք մոտենալ մի մետրից ավելի: Դա պետք է լինի քաղաքական լիդերների հայտարարությունը եւ հստակ դիրքորոշումը: Վստահ եմ, որ դա այն ճանապարհն է, որ պետք է ընտրվի, ընդհանրապես քաղաքական մշակույթ պետք է ձեւավորվել, եւ դրա համար մամուլը, քաղաքական լիդերները, ոստիկանությունը իրենց մոտեցումը պետք է ցույց տան, երբ դատավորի նկատմամբ իր կայացրած որոշումից հետո ֆիզիկական ճնշում է լինում:

Քնար Մանուկյան




Լրահոս