Ես Աննայի պես չէի ապրի. Փառանձեմ Սահակյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Թղթե երազանք» վարկանիշային ֆիլմի հերոսներն արդեն հոգեհարազատ են դարձել հեռուստադիտողին: Հեռուստադիտողներին հանգիստ չեն տալիս այն հարցերը, թե Հայկ-Աննա-Վիկա սիրային եռանկյունուց ո՞վ կհեռանա, ինչպե՞ս կդասավորվեն հերոսների ճակատագրերը:

«Ժողովուրդ» օրաթերթի հետ իր մտքերով կիսվել է Աննայի դերակատար Փառանձեմ Սահակյանը: 25-ամյա դերասանուհին ծնունդով գյումրեցի է, սակայն արդեն երկու տարի է՝ ապրում է Երեւանում: Նա սովորել է Երեւանի թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտի Գյումրու մասնաճյուղում: Իր կարիերան սկսել է Գյումրու «Գալլա» հեռուստաընկերությամբ ցուցադրվող «Ուզում եմ իմանալ» հաղորդաշարից: Այնուհետեւ աշխատել է «Շանթ» ռադիոկայանում, ավելի ուշ՝ «Kiss FM»-ում: Իսկ երբ արդեն սկսել է դերասանուհու կարիերան, ռադիոյի համար ժամանակ չի մնացել: Ի դեպ, Փառանձեմը նաեւ գրում է երգեր, սակայն դեռեւս չի համաձարկվում ներկայացնել այն լսարանին: Ասում է՝ գուցե մի օր ուժ հավաքի եւ հանձնի հանդիսատեսի դատին:

Առաջին գլխավոր դերը

Ավելի վաղ նկարահանվել եմ «Բացիր աչքերդ» հեռուստանովելում, սակայն «Թղթե երազանք» ֆիլմի շնորհիվ ստացա առաջին լուրջ դերս: Այս ֆիլմն ինձ համար բեկումնային եղավ: Հայտնվել էի այնպիսի մթնոլորտում, որտեղ յուրաքանչյուրը գիտեր իր անելիքը: Բացի այդ՝ հաճելի էր նաեւ այն հանգամանքը, որ ինձ հետ խաղում էին ծնունդով գյումրեցիներ: Կար լավ սցենար, տաղանդավոր ռեժիսոր եւ դերասաններ: Այսինքն՝ քո գործին նվիրվելու համար բոլոր պայմանները ստեղծված էին: Արսեն Միքայելյանի (Հայկի) եւ Մարիամ Ադամյանի (Վիկա) հետ խաղալն իսկապես հաճույք էր: Երբ առաջին անգամ իմացա, թե ով էր լինելու Վիկայի դերակատարուհին, վախեցա: Նա բավական փորձառու դերասանուհի է, իսկ ես սկսնակ էի: Բայց հիմա այնքան ուրախ եմ, որ հենց իր հետ եմ խաղացել: Չեմ կարող չնշել նաեւ Նառա Սանթոյանի (Աննայի մոր՝ տիկին Սեդայի) դերակատարուհու պրոֆեսիոնալիզմի մասին: Դե իսկ Դավիթ Հակոբյանի (ուստա Սերոբ) հետ թեեւ շատ տեսարաններ չունեի, բայց նկարահանման հրապարակում մեր զրույցները շատ արժեքավոր են ինձ համար:

Ճակատագիրը նորից տարավ Գյումրի

Ճիշտ է, ես իմ մաշկի վրա չեմ զգացել Գյումրու երկրաշարժի հետեւանքները, սակայն ընտանիքիս անդամներն անցել են բոլոր այդ դժվարությունների միջով, ուստի ֆիլմի թեման հոգեհարազատ էր ինձ: Իսկապես շատ եմ սիրում Գյումրին, սակայն երկու տարի առաջ, երբ որոշեցի, որ պետք է ինչ-որ բան փոխեմ կյանքումս, մի օր արթնացա ու եկա Երեւան: Բայց «Թղթե երազանք»-ը ինձ նորից Գյումրի տարավ, որտեղ ապրում են ծնողներս: Նկարահանման ընթացքում ամիսներ շարունակ հարազատ քաղաքում ապրեցի: Այդպիսով կապվածությունս ծննդավայրիս հետ ավելի սաստկացավ, բայց ես իմ ապագան տեսնում եմ Երեւանում: Որպես ռադիոհաղորդավարուհի, դերասանուհի, կարծում եմ, ավելի լավ կարող եմ մայրաքաղաքում ռեալիզացվել:

Ընդհանրություններ Աննայի հետ

Իհարկե, կերպարիս հետ որոշ ընդհանրություններ ունեմ: Անգամ ինձ մոտ եկավ այնպիսի շրջան, երբ այնքան էի տարվել Աննայով, որ չէի հասկանում՝ իրականում ես էի այդպիսին, թե հերոսուհիս: Բայց հիմա, երբ արդեն կողքից եմ նայում նրան, հասկանում եմ, որ կտրվել եմ կերպարիցս: Ամեն դեպքում, ես Աննայի պես չէի ապրի: Նրա կյանքի փորձը շատ աղջիկների համար կարող է դաս լինել: Չի կարելի ամբողջ կյանքը լցնել միայն մեկ հոգով՝ մոռանալով սեփական եսի մասին: Եթե Հայկին հանեինք Աննայի կյանքից, նրան ոչինչ չէր մնա, բայց դա նորմալ չէ: Կինը պետք է ինքնաբավ լինի: Թեեւ Աննան լացկան է, խելառ, բայց ես ուրախ եմ, որ նա ուժեղանում է, հասկանում է, որ կյանքը չի կարելի սահմանափակել, որ իր համար գուցե այլ դռներ կարող են բացվել, որ ինքն էլ կարող է ինքնուրույն որոշումներ կայացնել:
Ինքն էլ երազանքներ ունի…

Աշխատում եմ երազանքներս նպատակներ դարձնել: Կարծում եմ՝ առանց երազանքի մարդ չի կարող ապրել: Տխուր է, երբ չունես հեռվում պահած կետ, որին հարկավոր է հասնել: Ես ունեմ ե՛ւ մասնագիտական, ե՛ւ ոչ մասնագիտական երազանքներ:

Կտրուկ անցում

«Թղթե երազանք»-ից հետո հեռուստադիտողները կտեսնեն ինձ «Ազիզյաններ» սիթքոմի 7-րդ եթերաշրջանում բոլորովին տարբեր հումորային մի կերպարում: Իհարկե, անցումը բավական կտրուկ էր: Երբ նոր էի սկսել նկարահանվել սիթքոմում, դեռ չէի կտրվել Աննայի կերպարից, բայց, ի վերջո, ստացվեց «անջատել այդ կոճակը»: Այս նախագծին եւս հաճույքով եմ մասնակցել, հուսով եմ՝ նոր կերպարս կհետաքրքրի հեռուստադիտողներին:

Աննա Բաբաջանյան




Լրահոս