ԱԱԾ-ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅՈՒՆ-ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆ. ԽԱՌՆ ԵՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի ուժային կառույցներում դարձյալ իրարանցում է: Տեւական ժամանակ հանդարտված երբեմնի լարված հարաբերությունները դարձյալ գլուխ են բարձրացրել:ԱԱԾ ղեկավարը սկսել է «աշխատել» ՀՀ գլխավոր դատախազի դեմ, դատախազը` ոստիկանապետի եւ այսպես շարունակ: Ըստ «Ժողովուրդ»-ի տեղեկությունների` ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության պետի պաշտոնից ազատված Հովիկ Թամամյանը երկու անգամ արդեն կանչվել է Ազգային անվտանգություն` հարցաքննության: Թե ինչ կարգավիճակով կամ ինչ գործի շրջանակներում, մեզ առայժմ պարզել չհաջողվեց: Միայն իմացանք, որ Թամամը ԱԱԾ-ում սկսել է ցուցմունքներ տալ ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի դեմ, որն էլ գուցե առարկայական պատճառ լինի նրան պաշտոնանկ անելու համար: Մասնավորապես Թամամն ասել է, թե Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Բաբայան փողոցում ոչ վաղ անցյալում արձակված կրակոցների գործն ինքը բացահայտել է, սակայն ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը «փակել» է: Քանի որ ԱԱԾ-ից մեզ չհաջողվեց պարզել լուրի իսկությունը, ոչ էլ Թամամյանը վերցրեց հեռախոսը, կապվեցինք ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի պատասխանատու Շահեն Տոնոյանի հետ: Վերջինս ասաց, թե «անլուրջ է այդ խոսակցությունը, քանի որ Հովհաննես Թամամյանի հետ կապված գործը քննում է ՀՔԾ-ն»: Այսինքն` Թամամյանը որեւէ այլ տեղ չէր կարող ցուցմունք տալ: Իսկ ինչ վերաբերում է Բաբայան փողոցի դեպքին, ապա Տոնոյանն ասաց.  «Ցանկացած գործով գոյություն ունեն հանձնարարականներ, միջնորդություններ, որտեղ հստակ գրված է, թե այս կամ այն գործով ինչ օպերատիվ, որոնողական եւ այլ իրավական գործողություններ պետք է կատարեն գործը բացահայտելու համար»: Այսինքն` Աղվան Հովսեփյանը փաստաթղթերով է խոսում: Ինչ վերաբերում է պաշտոնանկության թեմային, ապա, ըստ Տոնոյանի, «ակնհայտ է, որ գլխավոր դատախազի սկզբունքային գործունեությունը, անզիջում պայքարը հանցագործության դեմ` անկախ հանցագործության սուբյեկտ հանդիսացողների հասարակական դիրքից եւ կարգավիճակից, բնական է, որ կանհանգստացնի որոշ շրջանակների, որոնք կփորձեն էժանագին բամբասանքներով խեղաթյուրել իրականությունը սփոփվելու համար»: Հիշեցնենք, որ 2004-ից Աղվան Հովսեփյանի պաշտոնանկության լուրը շարունակում է մնալ ամենաակտուալ թեման:Բայց դառնալով վերը նշված իրավիճակին` նշենք, որ դատախազությունը` ի դեմս իր կցորդ հատուկ քննչական ծառայության, շարունակում է «դոսյե»-ներ հավաքել ոստիկանության վրա: Բայց դրան դեռ անդրադառնալու առիթ կունենանք:Հ.Գ. Երեկ ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը Կենտրոնի ոստիկանապետ, տխրահռչակ Աշոտ Կարապետյանին նշանակել է քրեական հետախուզության գլխավոր վարչության պետ` Հովիկ Թամամյանի նախկին պաշտոնում: ԱՐՏԱԿ ՄԽԻԹԱՐՅԱՆ




Լրահոս