ՊՆ-ում բացահայտման հետքերով. զարգացումներ կան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

2018 հունիսի 13-ին ՀՀ ՊԵԿ քննչական վարչությունը հայտարարություն էր տարածել այն մասին, որ ՊՆ-ում բացահայտել է չարաշահումներ: Անցել է շուրջ 1 տարի, սակայն նախաքննական մարմինը լռում է: Իսկ ի՞նչ էր եղել: Ըստ պաշտոնական հաղորդագրության` ՀՀ պաշտպանության նախարարությունում 2014-2017թթ.-ի ընթացքում գնումների եւ բանակաշինության ոլորտներում առկա չարաշահումների գործով մեղադրանք է առաջադրվել ՊՆ կապիտալ շինարարության եւ զորքերի բնակավորման վարչության արտադրատեխնիկական բաժնի նախկին պետ Գրիգոր Բարսեղյանին. մեղադրանք է առաջադրվել պաշտոնական լիազորությունները չարաշահելու, առանձնապես խոշոր չափերով խարդախության, առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու, փաստաթուղթ կեղծելու համար, իսկ ՊՆ կապիտալ շինարարության եւ զորքերի բնակավորման վարչության պետ Աշոտ Գրիգորյանին` առանձնապես խոշոր չափերով խարդախության փորձի, պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, պաշտոնական փաստաթուղթ կեղծելու համար:

Ավելին, գործի շրջանակներում հարցաքննվել էր պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը: Ի դեպ, գրել էինք,որ այս պատմության մասին մինչ հեղափոխությունը տեղյակ է եղել Սերժ Սարգսյանը:

Նկատենք` 1 տարի 4 ամիս է անցել, սակայն նախաքննական մարմինը այս գործի ելքի մասին լռում է: Ըստ մեզ հասած լուրերի` այս գործից մի մաս է անջատվել, եւ հայտարարվել է նախաքննության ավարտի մասին, իսկ, ահա, մի մասով էլ նախաքննությունը շարունակվում է: Ի դեպ, քրեական գործով մեղադրյալները այդպես էլ չեն ընդունել իրենց առաջադրված մեղադրանքը:




Լրահոս