«Արայիկը լավ է». ինչ նորություններ ունի ռազմագերի Արայիկ Ղազարյանի հայրը որդու մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ընթացիկ տարվա օգոստոսի 12-ին ադրբեջանական սահմանը հատած հայազգի ժամկետային զինծառայող Արայիկ Ղազարյանի հանձնման հարցը շարունակում է մնալ օդում կախված: Դեպքից ամիսներ են անցել, և մինչ օրս զինծառայողի մասին հստակ որևէ նորություն չկա:

Համենայն դեպս, պաշտոնական վերջին հայտարարությունը 19-ամյա զինծառայողի գերեվարման մասին ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի կողմից արվեց: Նախարարը կարճ էր խոսել. «Ադրբեջանական սահմանն անցած զինվոր Արայիկ Ղազարյանի հարցը շարունակում է մեր մտահոգության առարկան լինել»:

Ինչպես հայտնի է՝ Բաքուն հայտարարել էր, թե պատրաստ է փոխանակել Ադրբեջանում կալանավորված երկու հայ գերիներին՝ Կարեն Ղազարյանին ու Արայիկ Ղազարյանին Արցախում գտնվող Դիլհամ Ասկերովի եվ Շահբազ Գուլիեւի հետ: Իսկ հայկական կողմն ավելի վաղ մի քանի անգամ մերժել էր Բաքվի՝ «բոլորը՝ բոլորի դիմաց» փոխանակելու այդ առաջարկը: Վարչապետ Փաշինյանը պնդում էր. «Փոխանակում չի կարող լինել, եթե ադրբեջանական կողմից ներխուժած անձինք սպանություններ են իրականացրել»:

Մինչ կողմերը ընդհանուր հայտարարի կգան, մինչ հարցը կլուծվ պետական մակարդակով, ռազմագերու ընտանիքը շարունակում է տանել բաժին հասած լուծը: «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում Արայիկ Ղազարյանի հայրը՝ Հայկ Ղազարյանը, հայտարարեց, որ որդու մասին տեղեկություններ Կարմիր խաչի միջոցով են ստանում, որևէ այլ գերատեսչություն, մասնավորապես, ՀՀ պաշտպանության նախարարույթունը որևէ լուր չի հայտնում, կապ չի հաստատում:

««Կարմիր խաչից» մեզ ասում են, որ Արայիկը լավ է»,- հավելեց զինվորի հայրը:

Արայիկ Ղազարյանը Վայոց Ձորի մարզի Եղեգիս համայնքից է։ Ունի մեկ եղբայր, ով պայմանագրային զինծառայող է, ընտանիքը զբաղվում է գյուղատնտեսությամբ։

Լիդա Եղիազարյան




Լրահոս