Ռեկտորի ֆունկցիան միայն դիպլոմ տա՞լն է. Հրանտ Մովսիսյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Կարծում եմ, որ ԵԹԿՊԻ-ն պետք է գիտակցի, որ ՀՀ վաստակավոր արվեստի գործիչ եւ, ամենակարեւորը, մինչ օրս գործող ռեժիսորի կողմից մատաղ սերնդին տրված գիտելիքը չպետք է գնահատվի ամսական (մաքուր) 28,300 դրամ»,- օրերս նման հայտարարություն էր արել ռեժիսոր, Երեւանի թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտի (ԵԹԿՊԻ) դասախոս, կուրսղեկ Հրանտ Մովսիսյանը՝ խնդրելով ազատել իրեն աշխատանքից «վիրավորական ցածր աշխատավարձի պատճառով»:

Դրանից հետո բուհի ռեկտոր Լիլիթ Արզումանյանը մեկնաբանել էր, որ Հրանտ Մովսիսյանի դասաժամերը քիչ են եղել, այդ պատճառով էլ վերջինս քիչ է վարձատրվել: Թեմայի շուրջ «Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է Հրանտ Մովսիսյանի հետ:

-Պարո՛ն Մովսիսյան, Դուք Ձեր աշխատավարձի չափի մասին նախօրոք չգիտեի՞ք:

-Ոչ, իմացել եմ, երբ ստուգել եմ հաշիվս: Հաջորդ օրն էլ անմիջապես գրել եմ ազատման դիմումը: Ես տասը տարի դասավանդել եմ Թատերական ինստիտուտում եւ նորմալ աշխատավարձ եմ ստացել: Եթե ինձ, օրինակ, խնդրեին վեց ամիս չվարձատրել, կհամաձայնվեի, մի բան էլ ես ֆինանսական աղբյուրներ կփնտրեի բուհի համար, բայց նման վերաբերմունքն անընդունելի եմ համարում: Դասախոսը, կուրսղեկը չի կարող այսքան ծիծաղելի գումար ստանալ:

-Ռեկտորը պատճառաբանում է, որ դասաժամերը քիչ են, որ միայն Ձեզ մոտ չէ, որ քիչ են ուսանողները, ընդհանուր բուհում նման պատկեր է, եւ բացի Ձեզնից՝ վաստակավորներ շատ կան, որոնք եւս ժամաքանակով են վարձատրվում:

-Ինչու՞ են տվյալ առարկայի, դասախոսի ժամերը քիչ, սկսենք այդտեղից. որովհետեւ ուսանողնե՞րն են քիչ: Բայց նույն ռեկտորը ընդունելության քննությունների ժամանակ ասում է. «Դիմորդներին մի՛ կտրեք, որ վճարող ուսանող ունենանք»… Եվ հետո՝ ինչի՞ համար է ռեկտորը: Նրա գործառույթներից մեկը դրսից ֆինանսներ հայթայթելն է, ինչպես դա արել է վերանորոգման համար: Բայց մենք արդեն հինգ տարի է՝ խնդրում ենք լուսարձակների համար լամպեր գնել, որպեսզի ուսանողները կարողանան նկարահանումների գնան, չեն առնում… Ռեկտորի ֆունկցիան միայն դիպլոմ տա՞լն է, միայն վերանորոգման մասին մտածե՞լն է: Ի դեպ, ես միայն իմ անունից չեմ խոսում, այլեւ մյուս դասախոսների:

-Հիմա Ձեր բողոքը ռեկտորի՞ դեմ է, թե՞ համակարգի:

-Համակարգի, բայց ոչ ներկայիս կառավարության, ինչպես մեկնաբանել էր ռեկտորը: Ես երբեք դեմ չեմ եղել որեւէ կառավարության, փորձել եմ զերծ մնալ քաղաքականությունից, ուսանողներիս էլ սովորեցրել եմ, որ հանկարծ չմտնեն քաղաքական խաղերի մեջ, ասել եմ՝ ինչ էլ կկատարվի այդ դաշտում, թող ձեր կողքով անցնի…

-Գիտենք, որ Ձեր ուսանողներին տարբեր տարիներին ընդունել եք աշխատանքի, լավ աշխատավարձերով գործեր եք առաջարկել, համագործակցել եք նրանց հետ: Հիմա չե՞ք ափսոսում, որ նոր սերունդը կզրկվի այդ հնարավորությունից:

-Իհարկե, ափսոսում եմ, բայց ես չեմ ուզեցել, որ այսպես լինի: Կուրսղեկության համար 10 հազար դրամ են տալիս, հասկանու՞մ եք… Ես այն կուրսղեկն եմ եղել, որը ուսանողներին տարել է պրակտիկայի ու վճարվող աշխատանք է առաջարկել, ընդ որում՝ լավ վճարվող (Հիմա, չգիտեմ ինչու, պրակտիկան հանել են): Երեւի Արզումանյանը չգիտի կամ չի պատկերացնում, որ կարելի է այդպես վերաբերվել ուսանողին:

Երեխեքը ոչ դասերի ժամին եկել են իմ օֆիս, ժամերով նստել եմ հետները, մտածել եմ, գաղափարներ եմ տվել, աշխատել եմ… Իրենց համար հետաքրքիր էր ինձ մոտ գալը: Ու երբ հիմա Արզումանյանը նման պատճառաբանություններ է բերում, ինձ համար դրանք ծիծաղելի են: Կարծում եմ՝ այս երկրում կորած մարդ չեմ եւ արժանի էի ավելի լավ վերաբերմունքի: Եվ ոչ միայն ես:

Աննա Բաբաջանյան




Լրահոս